Հայերեն   English   Русский  

«Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին բխում է մեր երկրի շահերից». Էդուարդ Շարմազանով


  
դիտումներ: 1440

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 8-ին ընդունել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի հասարակագիտության բաժնի ուսանողներին եւ դասախոսներին:

Հանդիպումն ընթացել է տարբեր հարցերի վերաբերյալ բովանդակալից քննարկումների ձեւաչափում. ՀՀ ԱԺ փոխնախագահին ուղղված հարցերն առնչվել են տարբեր ոլորտների եւ խնդիրների՝ կուտակային կենսաթոշակային համակարգի արդյունավետություն, սահմանադրական բարեփոխումների արդյունքում երկրի կառավարման ձեւի փոփոխման նպատակահարմարություն, տնտեսության զարգացման համար իրականացվող քայլեր, ԼՂ հիմնահարցի կարգավորում, Հայոց ցեղասպանության ճանաչում, ինչպես նաեւ մեր երկրի արտաքին ու ներքին քաղաքական գործընթացներին առնչվող բազմաթիվ հարցեր:

Էդուարդ Շարմազանովը, խոսելով Հայաստանի Հանրապետության՝ արտաքին քաղաքական ոլորտում որդեգրած դիրքորոշման մասին, համոզմունք է հայտնել, որ ՀՀ արտաքին քաղաքական ուղղությունները վերանայման կարիք չունեն: «Հայաստանը ՀԱՊԿ անդամ պետություն է, անդամակցում է ԵԱՏՄ-ին, Ռուսաստանի Դաշնության հետ ունի դինամիկ զարգացող դաշնակցային հարաբերություններ, գործընկերային հարաբերություններ ունի Եվրոպական միության, ԱՄՆ-ի, ինչպես նաեւ հարեւան Վրաստանի եւ Իրանի հետ»,-նշել է պարոն Շարմազանովը:

Խոսելով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին՝ Էդուարդ Շարմազանովը կարծիք է հայտնել, որ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին արդարացված է, եւ մեր պետությունը դեմ է այդ կառույցից դուրս գալուն:

ՀՀ ԱԺ փոխնախագահն ուսանողների խնդրանքով անդրադարձել է նաեւ ԼՂ հիմնախնդրին եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: «Արցախը համայն հայության հաղթանակն է. այդ հաղթանակն անհնար կլիներ առանց Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության»,- ասել է պարոն Շարմազանովը եւ կարծիք է հայտնել, որ հայ ժողովրդի հաղթանակի գրավականն արժանապատիվ ապրելու եւ արարելու նրա անկոտրում ձգտումն է:

Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը զուգահեռ իրականացվում է ժխտողականության դեմ պայքար եւ այս հարցում առանձնակի կարեւորել է Սփյուռքի դերը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: