Հայերեն   English   Русский  

Կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Մատինյանը


  
դիտումներ: 2955

Սեպտեմբերի 9-ին կյանքից հեռացավ հայ անվանի գիտնական, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Հայկի Մատինյանը:

Մեծ է Սերգեյ Մատինյանի դերը հանրապետությունում տարրական մասնիկների տեսական ֆիզիկայի համաշխարհային մակարդակի դպրոցի ստեղծման և զարգացման գործընթացում: Ակադեմիկոս Մատինյանը հայտնաբերել է քվանտային քրոմոդինամիկայի վակուումի անկայունությունը, ինչպես նաև ոչ աբելյան տրամաչափական դաշտերի դինամիկ քաոսը: Նա կարևոր արդյունքներ է ստացել չեզոք Κ-մեզոնների օպտիկայի, վեկտորական մեզոնների ֆոտոծնման բնագավառներում։ Ակադեմիկոս Մատինյանի գիտական աշխատանքները վերաբերել են թույլ էլեկտրամագնիսական և ուժեղ փոխազդեցություններին, տարրական մասնիկների տեսությանը, դաշտի քվանտային տեսությանը, բարձր էներգիայի միջուկային ֆիզիկային, քվանտային հիդրոդինամիկային (գեր հոսունության տեսություն) և նեյտրոնային աստղաֆիզիկայի հարցերին։

Սերգեյ Մատինյանը ծնվել է 1931 թվականին` Թբիլիսիում: 1954 թվականին ավարտել է Թբիլիսիի համալսարանը։ 1968-1994 թվականներին եղել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տարրական մասնիկների տեսության լաբորատորիայի վարիչ, 1970-1994 թվականներին` նաև ինստիտուտի փոխտնօրեն։

Սերգեյ Մատինյանը մեծ ներդրում է ունեցել հանրապետության համար գիտական կադրերի պատրաստման գործում: Նա Հայաստանում ստեղծել է ֆիզիկոս տեսաբանների գիտական դպրոց: Սերգեյ Մատինյանի ղեկավարությամբ պաշտպանվել են բազմաթիվ թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ:

Բեղմնավոր գիտական գործունեության համար Սերգեյ Մատինյանը պարգևատրվել է Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշանով:

Սերգեյ Մատինյանը 1994 թվականից տեղափոխվել է ԱՄՆ։

ՀՀ ԳԱԱ նախագահությունը ցավակցում է Սերգեյ Մատինյանի հարազատներին, մտերիմներին, գործընկերներին: Սերգեյ Մատինյանի հիշատակը միշտ վառ կմնա գիտության պատմության մեջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: