Հայերեն   English   Русский  

Լապշինը նախքան ազատ արձակվելը ինքնասպանության փորձ է կատարել


  
դիտումներ: 118

Ադրբեջանի նախագահ Իլահմ Ալիևի հասարակական-քաղաքական հարցերի գծով օգնական Ալի Հասանովը մեկնաբանել է Իլհամ Ալիևի՝ բլոգեր Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու մասին հրամանագիրը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լարտավակն կայքը, ըստ նրա՝ Լապշինին ազատ արձակելն ու Իսրայելին հանձնելն արդեն երկար ժամանակ եղել է երկու երկրների միջև քննարկումների թեմա:

«Համաձայնություն է եղել, որ Լապշինին ներում է շնորհվելու, հանձնվելու է Իսրայելին, և արդեն այնտեղ նա կիրականացնի իր պարտավորությունները՝ Իսրայելի օրենքներին համապատասխան: Ցավոք, Իսրայելի պաշտոնատար անձինք երկարացրել են ընթակարգերը: Արդյունքում տհաճ միջադեպ է տեղի ունեցել: Լապշինն ինքնասպանության փորձ է կատարել: Նրան անմիջապես բուժօգնություն են տրամադրել»,- ասել է Հասանովը:

Վերջինս հավելել է, որ նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրից հետո Ալեքսանդր Լապշինին Իսրայելին հանձնելու գործընթացով զբաղվում են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը և Բաքվում Իսրայելի դեսպանատունը:

Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի Ալեքսանդր Լապշինն Ադրբեջանի հարցմամբ ձերբակալվել էր 2016 թ-ի դեկտեմբերի 16-ին Մինսկում և տեղափոխվել Բաքու:

Ալեքսանդր Լապշինը հուլիսի 20-ին դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման երկրի սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով: Ավելի վաղ նրա նկատմամբ ներկայացվել էր նաև ադրբեջանական պետության դեմ կոչերով հանդես գալու մեղադրանք՝ նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղին աջակցող նրա հայտարարությունները: Սակայն, ըստ ադրբեջանական մամուլի, Լապշինն իրեն մեղավոր չի ճանաչել՝ հայտարարելով, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ չէ, և իր այցը Ղարաբաղ տուրիստական բնույթ է ունեցել: Այդ մեղադրանքը հանվել է:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր՝ սեպտեմբերի 11-ին, հրամանագիր է ստորագրել՝ բլոգեր Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: