Հայերեն   English   Русский  

Հայ տականքի «ԼՅՈՒՍՏՐԱՑԻԱ»-ն կամ «Խավարում»-ի անընդհատ տարիներ...


  
դիտումներ: 2163

«Մտածմունքներ կան, որ սաստիկ ծանր են, բայց դուք դատապարտված եք մտածելու, չեք կարող փախչել նրանցից։

Թումանյանի թանգարան

Նրանք է՛ն ծանր հիվանդությունների նման են, երբ դուք գիտեք, որ ձեր մարմնի մեջ կրում եք քաղցկեղի խոցը, բարակացավի բացիլները կամ ժանտախտի թույնը։ Չեք կարող անց կենալ ու արհամարհել, կամ նրանք պետք է ձեզ հաղթահարեն ու սպանեն, կամ դուք պետք է մարդկային հանճարի տված ամեն միջոցներով վեր կենաք ցավերի դեմ ու ազատվեք, առողջանաք. իհարկե, եթե էնքան արիություն ու հասկացողություն ունիք...:

...Մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք և՛ մեր սրտերում, և՛ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը։ Ապա թե էդ փրկարար գիտակցությանը կհետևեն ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը։

Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած»։

Եվ ահա՝ Թումանյանի թանգարանի հանճարեղ մտահղացումը՝ Թումանյանի վերից հսկող հայացքի ներքո, նրա դառն ապրած տարիները խորհրդանշող 54 աստիճաններին, որ դեպի լույսի տաճար են տանում, դեպի Թումանյանի թանգարանի բարձրունք, առաջին անգամ, թերևս՝ անհերքելի, անժխտելի փաստերն ի ցույց դնելով, լյուստրացնել մեր ժողովրդի խավարման տարիները՝ 1917 - 1920 -1926 - 1930 -1934 -1937-1941 - 1946 -1949 -1953 - 20...՝ բոլշևիկյան, ստալինյան տարիների հայկական արհավիրքը:

Թումանյանի թանգարան

Լյուստրացնել, որպեսզի մենք այսօր «...մարդկային հանճարի տված ամեն միջոցներով» վեր կենանք «ցավերի դեմ ու ազատվենք, առողջանանք. իհարկե, եթե այդքան արիություն ու հասկացողություն» ունենք:

Լյուստրացնել, որպեսզի «աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը»՝ որպես առողջանալու առաջին պայման:

Լյուստրացնել, որպեսզի հետևեն «ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը»։

Սա հրամայական է, որովհետև «Պատմությունը կրկնվելու սովորություն ունի», եթե չասենք, որ այն արդեն իր սովորության հաճույքում է: Սա ճանապարհ է, որ տանում է դեպի «փրկություն ներսից» և խորհրդանշական է, որ ճանապարհն այդ անցնում է դեպի թումանյանական լույսը տանող բարձրունքը հաղթահարելով:

Թումանյանի թանգարան

Թումանյան Մեծ, որի աչքի առջև մեր ցավերից ամենածակողն ու ամենակործանը՝ հայ տականքը, ստորացումի ու մահվան դատապարտեց սերունդներ, սերունդների լուսավորներին, ընտրյալներին:

Թումանյան, որ հայ տականքին զոհեց նաև իր ամենաթանկը՝ իր որդիներին, զոհեց իր տարիները՝ կորուսյալ տարիներ, զոհեց առողջությունը, որ կյանք արժեցավ:

Փաստերն ու իրողությունները, որ պեղված են Թումանյանական ժառանգությունից, յուրաքանչյուր մարդու՝ ամենամանուկ «բզեզ»-ից մինչև ամենատարեց «կաղնի», ծանր մտածմունքներ են պարտադրելու, ստիպելու են դաժանորեն առերեսվել բոլշևիկյան անցյալի հետ, խորապես ճանաչել, «ետմահու ամոթի ու ոչնչացման խարանով» հավերժացնել հայ տականքին, լայն բացել աչքերն ու կայանալ որպես ազատ երկրի քաղաքացի՝ չուրանալով այն մարդկանց, որոնք իր ազատության տեսիլքների կրողներն էին:

«Շատերը կաշկանդված են խորհրդային ռեժիմով, բայց նոր սերունդ ունենք, որը պետք է բացահայտի հայ տականքին: Մեր խնդիրը հայ տականքն է, հայ բոլշեւիկը, որը ինչե՜ր է արել…Մեր խնդիրը Լենինը չէ, բոլշեւիզմը չէ, թուրք մենշեւիզմը չէ, Քեմալը չէ, այլ հենց մեր միջի տականքն է: Մինչեւ լյուստրացիա չլինի, մինչև չիմանանք, թե ով՝ ով է, ով է ԿԳԲ-ի գաղտնի գործակալը, սրիկան, առաջ չենք գնալու եւ հայտնվելու ենք նույն շղթայի մեջ: Այս փաստաթղթերը սոսկալի փաստաթղեր են, կարդում ես ու ապշում` սա իսկապե՞ս մենք ենք արել, ազգությամբ «հայե՞րը»,-ասում է Թումանյանի թանգարանի տնօրենուհին՝ Նարինե Թուխիկյանը, որ երկար ժամանակի մեջ թանգարանի աշխատակազմի տիտանական ջանքով թումանյանական ժառանգությունից խնամքով ու սրբորեն երևակել է ազգային խայտառակության մի մեծ վավերագրություն:

Վավերագրություն, որը, 80 տարի անց մարդկային այդ խայտառակությունը խորհրդանշող 37 սև թվականից հետո անգամ՝ չի կորցնում նզովյալ անձանց կրկին ու հավերժ նզովելու մարդկային պարզ ցանկությունը:

Ահա թե ինչ են լյուստրացնում թումանյանական աստիճանները...

«1920-1953 թթ.բոլշևիկյան բռնաճնշումների զոհ է դարձել ավելի քան 45.000 Հայաստանցի», որի ակունքներում էր «5-րդ շարասյունն ու ազգային ամոթը. Անաստաս Միկոյան, Սարգիս Կասյան, Ասքանազ Մռավյան, Ավիս Նուրիջանյան, Գևորգ Աթարբեկյան, Տեր Սահակյան, Արտաշես Կարինյան, Խաչիկ Մուղդուսի, Դովլաթյան, Ամիրխանյան, Ա. Հովհաննիսյան, Ս.Միկվելյան, Ս. Տեր Նակալով, Նաիրի Զարյան, Ա. Ամատունի և բազմաթիվ ուրիշներ»:

Անձինք, որոնք, ինչպես Գարեգին Նժդեհն է բնութագրել «...ազգ ճանաչելու և սիրելու ո՛չ արժանիքն ունեն, ո՛չ էլ երջանկությունը, որոնք մի կտոր անսուրբ հացի և իրենց անասնական հանգստի համար միշտ էլ արտաքին թշնամու հետ են եղել»:

Փաստերն արձանագրում են, որ 1918 թ. Ցեղասպանությունից հետո Արևմտյան Հայաստանի իսպառ հայաթափման ծրագրով իրականացվել է այնտեղ մնացած վերջին 150. 000 հայերի տեղահանությունը: Արևելյան Հայաստանից՝ Կարսի մարզից, Ախալցխայից, Ախալքալաքից, Ալեքսանդրապոլից, Էջմիածնի, Սուրմալուի, Երևանի, Շարուրի և Նախիջևանի գավառներից տեղահանվել է 470. 000 հայ:

«Պետք է վե´րջ տալ հայության հավաքման գաղափարին Հայաստանում, մի գաղափար, որ մինչեւ այժմ էլ ապրում է ժողովրդական զանգվածների գիտակցության մեջ: Հողային ֆոնդի բացակայությունն է պատճառը, որ զարգանա ազգայնական ռոմանտիկան եւ հայությունը ձգտի տիրանալու իր «պապենական հողերին», ինչպես նաեւ վառ ու կենդանի պահի «միացյալ եւ անկախ Հայաստանի գաղափարը»: Ուստի, անհրաժեշտ է նախ`

ա) վերջ դնել հայության հավաքման գաղափարին Հայաստանի մեջ եւ ապա`

բ) երկրի մեջ եղած 300.000 արեւմտահայ գաղթականությանը ցրել լայնածավալ Ռուսաստանի մեջ». գրում է «Ինքնամոռաց հայ բոլշևիկ Արտաշես Կարինյան»-ը:

«Դաշնակների դեմ ամենաանգութ պատերազմը մեր հեղաշրջման գլխավոր նպատակն է: Թուրքերի մոտ ամրապնդված համոզմունքը դաշնակների վերաբերյալ չափազանց ամուր է նրանց ոչնչացնելու համար». գրում է մեկ այլ «Ինքնամոռաց հայ բոլշևիկ Ավիս Նուրիջանյան»-ը:

«Հայ շովինիստները՝ հենվելով իմպերիալիզմի դաշնակիցների վրա, առաջ են քաշում հանցավոր քիմեռային գաղափար՝ պատմական Հայաստանի սահմաններում «Մեծ Հայաստանի» ստեղծում: Հայերի բացակայությունը և այնտեղ բացառապես մահմեդական բնակչության առկայությունը նրանց չի հուզում: ...Մեր կուսակցությունը չի կարող սատարել ո՛չ «Մեծ», ո՛չ էլ «Փոքր» Թրքահայաստանի գաղափարին». Սա արդեն ինքնախոստովանած հայտնի սրիկան է՝ Անաստաս Միկոյանը:

«Հույժ գաղտնի (Գրությունը կարդալ սահմանափակ ժողովում և կարդալուց հետո անմիջապես այրել): 20 սեպտեմբերի, 1920, Բաքու:

Քեմալական Թուրքիան Խորհրդային Ռուսաստանի դաշնակիցն է և պայքարում է իր ազգային ազատության համար՝ ընդդեմ իմպերիալիզմի: Հանրապետական Հայաստանի հաղթանակը Թուրքիայի վրա կնշանակի իմպերիալիզմի ուժեղացումը Մերձավոր Արևելքում և կվտանգի հեղափոխության հաղթանակը Անդրկովկասում, ապա նաև Արևելքի խորհրդայնացումը: Հայ բոլշևիկ կոմունիստների խնդիրը պետք է լինի արագացնել հանրապետական Հայաստանի պարտությունը, որով և կարագացվի Հայաստանի խորհրդայնացումը: Սրա համար պետք է.

1.Կազմալուծել հայկական կռվող բանակը… 2. Կազմակերպել դասալքություն… 3. Ռազմաճակատում հասկացնել զինվորներին, որպեսզի նրանք չկրակեն առաջացող թուրքական զինվորների վրա… 4. Չենթարկվել սպաների հրամաններին և հարկ եղած դեպքում ոչնչացնել նրանց»:

Այսպես հույժ գաղտնի դավադրում են Հայաստանի կոմկուսի ԿԿ անդամները՝ «Ս. Կասյան, Ա. Մռավյան, Ա. Նուրիջանյան, Շ. Ամիրխանյան, Ի.Դովլաթյան, Ա. Հովհաննիսյան»:

«Ընկ. Ստալինին. Ընկ. Միկոյանը խնդրում է Հայաստանը հակասովետական տարրերից մաքրելու նպատակով թույլատրել գնդակահարել լրացուցիչ 700 մարդ…

Առաջարկում եմ գնդակահարել 1500 մարդ՝ ընդհանուր առմամբ՝ նախորդ հաստատված թվի հետ՝ 2000 մարդ». 1937-ին «ՆԳ ժող.կոմիսար Ն. Եժով»-ի նամակն է, որը փաստական վավերագրով պատմությանն է թողել «փառապանծ հայորդու» կերպը:

«Մենք ենթադրում ենք, որ Անտանտայի դեմ մարտնչող Մուստաֆա Քեմալի բանակը… բերում է մեզ ազատություն ...». 1921-ին արձանագրում են Ալեքսանդրապոլի Հեղկոմի «ինքնամոռաց» հայ բոլշևիկները՝ նախագահ՝ Մ. Գրիգորյան, փոխանորդ՝ Ն. Ստեփանյան, Կուրդինյան, Վ. Մխիթարյան, Ն. Զավարյան, Ս. Տեր-Մովսեսյան, Զ. Աշրաֆյան, Ա. Տեր-Մարտիրոսյան:

«...պահանջել կամ ապստամբած շրջանը / Ղազախ-Շամշադին / միացնել Խորհրդային Ադրբեջանին, կամ կարմիր բանակի ձեռքով գրավել…«Ինքնամոռաց» հայ բոլշևիկների մի խումբ էլ՝ Ամիրխանյան, Պողոսյան, Ղալթախչյան, այս դեմքով երևում է 1920-ին:

«Ղարաբաղը, որի բնակչության մեծ մասը հայեր են, երբեք չի եղել Ադրբեջանի կազմում: Սակայն Ղարաբաղի բնակչության տնտեսական կենսական շահը պահանջում է լինել Ադրբեջանի կազմում». «Ինքամոռաց» մեկ այլ խումբ հայ բոլշևիկների զեկույցն է 11-րդ կարմիր բանակի ռազմահեղկոմին:

«Նախիջևանի մարզը, որը կազմվել է Երևանի նահանգի Նախիջևանի և մասամբ Շարուր-Դարալագյազի գավառների տարածքում, հայտարարվել է ինքնավար հանրապետություն Ադրբեջանի տարածքում՝ պայմանով, որ վերջինս չի փոխանցի այն որևէ երրորդ կողմի»։

1923-1928 թթ.-ին հանուն Հայաստանի անկախության մարտնչած մոտ 1500 սպա արտաքսվել է, գնդակահարվել և կացնահարվել: Դրանց մեջ եղել են Մովսես Սիլիկյանը, Թովմաս Նազարբեկյանը, Աթարբեկ Բեյ Մամիկոնյանը, Վարդան Թելլալյանը, Մակեդոն Օհանջանյանը, Սերգեյ Մելիք-Յոլչյանը, Համազասպ Սրվանձտյանը, Հրանտ Տեր-Մարգարյանը, Լևոն Ենգիբարյանը...

Սպաներին որոշվել է «յուրահատուկ» ձևով սպանել՝ կացնահարել: «Դրա համար հայ բոլշևիկները ապավինեցին Երևանի Ղանթարի շուկայի՝ ազգությամբ թուրք մսագործների մասնագիտական հմտություններին»:

«1940 թ. դեկ. 10 որոշման համաձայն երեխաներին գնդակահարելու իրավունք տրվեց 12 տարեկանից»:

Եվ այսպես, օր առ օր, տարի առ տարի՝ 1917 - 1920 -1926 - 1930 - 1934 - 1937 - 1941 - 1946 -1949 - 1953 - 20…, ուրվագծվում է հայ տականքի ճշմարիտ կերպը, բոլշևիկյան Հայաստանի բոլշևիկ տերերի կերպը: Տասնյակ այսպիսի սահմռկեցուցիչ վավերագրեր, որոնց մի փոքր մասը միայն ներկայացրեցինք, մեզ տանում են այն ժամանակները, որի մետամորֆոզները՝ ցավալիորեն ու դժբախտաբար, դեռ ներկայություն են քսանհինգամյա անկախ Հայաստանում:

Եվ ոչ միայն ներկայություն են: Մեր երեխաները դեռ հաճախում են դպրոցներ, որոնք կրում են հայ տականքների անուններ: Մեր երեխաները դեռ բացում են դասագրքեր՝ անգիր անելու հայ ստորների «ստեղծագործությունները»: Մենք դեռ կասկածներ ունենք հայ սրիկայի արձանը մեր մայրաքաղաքում ունենալ-չունենալու հարցում: Դեռ երկրպագում ենք Չարենցին, Բակունցին, Կամսարին, մյուսներին սպանածներին: Սերուցքին սպանածներին: Մենք դեռ պեղում ենք համակարգի ստահակներին, որպեսզի նոր դերեր ստանձնեն մեր նորօրյա արվեստում, մշակույթում, կառավարման համակարգերում:

«Ինչո՞ւ է էսպես». Թումանյանն ինքն իրեն հարցրել էր ավելի քան մեկ դար առաջ։

Թումանյանի թանգարան

«...Պարզ հասկանալու համար երևույթի վրա պետք է նայել բնության ու պատմության օրենքների բարձրությունից, էն լայն, խաղաղ ու խոր հայացքով, որ նրանք միայն կարող են տալ։ Ուրիշ ընդհանուր հանգամանքների հետ զարհուրելի ծնող է եղել մեզ համար մեր պատմությունը։

Նա երկար դարերով մեզ դրել է բարբարոս ժողովուրդների ոտների տակ։ Իսկ ամեն կենդանի գոյություն, որ ոտնատակ է ընկնում, եթե չի մեռնում, այլանդակվում է, դառնանում ու փչանում։ Էսպես է բնության օրենքը...։

Եվ էս տեսակ կյանքը կունենա, այո՛, շատ բան, և՛ «հառաջադիմություն», և՛ «կուլտուրա», և՛ «մամուլ», և՛ «գրականություն», և՛ «դպրոց», և՛ «բարեգործություն», բայց էդ բոլորը ներսից ճիճվի կերած պտուղի նման են, և տառապում են հիմնական պակասություններով, մի ընդհանուր ցավով, որի ճարը դրսից անել չի կարելի։ Էդ տեսակ կյանքը կտա և տաղանդավոր մարդիկ, սակայն նրանք էլ կլինեն դառն ու դաժան։

Բայց նա չի կարող ծնել ազնիվ մարդիկ, բարի սրտեր ու բարձր ոգիներ, հենց է՛ն, ինչը որ դարձնում է մի կյանք գեղեցիկ ու հրապուրիչ և մի ժողովուրդ թանկ ու համակրելի»։

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: