Հայերեն   English   Русский  

Մինսկի խումբը ռուս-ամերիկյան խնդրահարույց հարաբերությունների միակ լուսավոր կետն է. Սուրեն Սարգսյան


  
դիտումներ: 717

Ադրբեջանում երեկ ազատվեցին մի քանի քաղբանտարկյալներ:

Այն մասին, թե որն էր Ալիևյան վարչակարգի այս անակնկալ քայլի պատճառը, այսօր լրագրողների հետ խոսեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

Ըստ նրա՝ պատճառը վերջին օրերում միջազգային մամուլում հայտնված փաստաթղթերն էին, որոնք բացահայտում էի Ադրբեջանի իշխանությունների կոռուպցիոն և ապօրինի այլ գործողությունները:

Պարոն Սարգսյանը հիշեցրեց, որ նախորդ անգամ, երբ Ալիևյան կլանը հայտնվել էր սկանդալի կենտրոնում Պանամայի օֆշորային պատմության պատճառով, օրեր անց սկսվեց Ապրիլյան պատերազմը: Պարբերաբար նման սկանդալներից հետո Ադրբեջանը գնում է իրավիճակի սրման: Բացի իրավիճակի սրացումից, այլ քայլերով Ադրբեջանը փորձում է մեղմել իրավիճակը՝ համոզելով միջազգային հանրությանը, որ Ադրբեջանում բռնապետություն չկա, այն տոլերանտ երկիր է: Այս օրերին կրկնվում է գրեթե նույն սցենարը և գործում նույն տրամաբանությամբ:

«Կարծում եմ՝ եթե Ադրբեջանը վստահ լիներ, որ պայմաններ կան և կարող է արդյունքի հասնել լարվածության դեպքում, ապա նման քայլի կարող էր գնալ: Բայց Ալիևը տեղյակ է, որ ապրիլյան դեպքերից հետո մենք ավելի պատրաստված ենք, հանկարծակի բերելու գործոնն այլևս չի գործելու: Այդ պատճառով այդ մեթոդը պետք է փոխել այլով: Միջազգային հանրության աչքերի թոզ փչելու համար Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը դիմում է որոշ քայլերի. բաց է թողնում Լապշինին, ով մի քանի պետությունների քաղաքացի է, բաց է թողնում ներքաղաքական գործընթացներում ներգրավված մարդկանց, ովքեր ականջներին ոչ հաճելի բաներ են ասում կամ գրում»:

Ինչ վերաբերում է ռուս-ամերիկյան հարաբերությունների սրմանը և դրա ազդեցությանը Մինսկի խմբի գործունեության վրա, միջազգայնագետը նկատեց, որ աշխարհում քիչ հարթակներ կան, որտեղ Միացյալ Նահանգները և ՌԴ-ն կարող են միասին աշխատել ու այդ բացառիկ միջավայրը հենց Մինսկի խումբն է. «Երբեք այնպես չի եղել, որ համանախագահ երկու պետություններից մեկը տարբերվող կարծիք հայտնի: Սա չափազանց կարևոր է, քանի որ այս հարթակը ռուս-ամերիկյան խնդրահարույց հարաբերությունների միակ լուսավոր կետն է, որտեղ որոշակի հաջողություն հարաբերությունների առումով և աշխատանքային գործունեության առումով կա»:

Միաժաման Սուրեն Սարգսյանն ընդգծեց, որ Մինսկի խումբը ընդամենը միջնորդ կողմ է, որը կարող է առաջարկություններ ներկայացնել բանակցող կողմերին. «ԱՄՆ-ի կողմից նախկին համանախագահ Հոգլանդն իր կարծիքը չէր հայտնում, այլ ոչ միայն ԱՄՆ-ի, այլև Մինսկի խմբի մյուս բոլոր պետությունների տեսակետը: Ավելին՝ նրա հայտարարությունները ոչ մի նորություն չէին պարունակում: Պարզապես դրանք ասվում էին բանավոր և կարող էին մի փոքր տարբերվել գրավոր տարբերակից»,- նշեց նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: