Հայերեն   English   Русский  

Կոլումբիայում ՌԴ դեսպանատունը հաստատել է Արսեն Ոսկանյանի մահվան մասին տեղեկությունը (լուսանկար)


  
դիտումներ: 1836

Կոլումբիայում Ռուսաստանի դեսպանատունը հաստատել է ՌԴ քաղաքացի Արսեն Ոսկանյանի մահվան մասին տեղեկությունը:

Նա, ենթադրաբար, զոհվել է գերությունից փախչելու փորձ կատարելիս: Այս մասին երեքշաբթի ռուսական դիվանագիտական առաքելությունը հայտնել է Facebook-ի իր էջում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Այդ ողբերգական օրը տեղի ունեցածի վերաբերյալ տարբեր վարկածներ կան: Մեկ բան ակնհայտ է՝ պարոն Արսեն Ոսկանյանը զոհվել է: Ենթադրաբար՝ գերությունից փախուստի փորձ կատարելիս»,- նշված է դեսպանատան հաղորդագրության մեջ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ դեսպանատունը ստուգում է ապստամբների մոտ պատանդված ռուսաստանցի Արսեն Ոսկանյանին նրանց կողմից սպանելու տեղեկությունը:

Reuters-ի տեղեկություններով՝ կոլումբիական ապստամբ խմբավորում Ազգային ազատագրության բանակը պնդել է, որ իրենց մոտ գերեվարված Ոսկանյանը սպանվել է 2017 թվականի ապրիլին փախուստի փորձ կատարելիս: Նախկինում խռովարարնեըը հայտարարել էին, որ պատանդին հաջողվել է փախչել: Գործակալության վարկածի համաձայն՝ տղամարդը գերեվարվել է 2016 թվականի նոյեմբերին, երբ փորձել է Հայաստան ուղարկել հազվագյուտ թունավոր գորտերի:

Դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ ռուսաստանցու սպանության վերաբերյալ տեղեկությունը ստուգելիս դիվանագիտական գերատեսչությունն օգտվել է «հնարավոր բոլոր խողովակներից՝ ինչպես պաշտոնական (Կոլումբիայի իշխանություններ, Կարմիր խաչի միջազգային կոմիտե եւ այլն), այնպես էլ ոչ պաշտոնական»: Սակայն ռուսաստանցու մահվան ճշգրիտ պատճառն այդպես էլ չի հաջողվել պարզել: «Ներկայումս մենք սերտ կապ ենք պահպանում Կոլումբիայի լավատեղյակ գերատեսչությունների, միջազգային կառույցների, ինչպես նաեւ զոհվածի ազգականների հետ՝ այն նպատակով, որպեսզի ապահովենք ապստամբների կողմից թաղված մարմնի հանձնումը»,- նշված է հաղորդագրության մեջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: