Հայերեն   English   Русский  

​Թուրքերը հերքում են Ցեղասպանության մասին բոլոր ապացույցները, իսկադրբեջանցիները՝ կոռուպցիայի մասին որևէ ապացույց


  
դիտումներ: 6286

Ավելի քան մեկ դար, անկախ նրանից, թե ինչպիսի ապացույցներ են ներկայացվում թուրքական կառավարությանն իրենց մեղսագործության համար որպես Հայոց ցեղասպանությունն իրագործողների, նրանք մշտապես պնդում են, թե դա կեղծիք է և հերքում են փաստերը:

Նույն կերպ, չնայած Ադրբեջանի ղեկավարությանը ներկայացված բոլոր ապացույցներին՝ կաշառատվության և կոռուպցիոն գործունեության համար իրենց միլիարդավոր դոլարների չարաշահման մասին, նրանք մշտապես հերքում են փաստերը և մեղադրում հայերին, այլ երկրների և որոշ անհատների, որոնց դեմ են համարում իրենց...

Անցյալ շաբաթը բացառություն չէր: «Գարդիան»-ը և աշխարհի մի քանի տասնյակ այլթերթեր հաղորդեցին, որ Ադրբեջանի կառավարությունը 2012-2014 թթ. ավելի քան 3 միլիարդ դոլարի կաշառք է տվել բազմաթիվ անհատների և հաստատությունների ամբողջ Եվրոպայում: Ըստ «Գարդիան»-ի՝ եղել են ավելի քան 16 հազար նման գործարքներ: Այս խոշոր սկանդալի մեջ կոռուպցիայի համար մեղավոր է ոչ միայն Ադրբեջանի կառավարությունը, այլև այն բոլոր եվրոպացի պաշտոնյաները, որոնք կաշառք են վերցրել՝ Ալիևի վարչակարգին ապօրինի ծառայություններ մատուցելու համար...

Այն, ինչ «Գարդիան»-ը նկարագրում է որպես «Ադրբեջանական լվացքատուն», ներառում է «խիստ ազդեցության մի սխեմա, վարձավճարներ լոբբիստներին, պաշտպաններին և եվրոպացի քաղաքական գործիչներին՝ կանխիկ գումար լվանալու համար, [որը] գալիս է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կապված ընկերություններից, պետական նախարարություններից և երկրի խոշորագույն՝ Ադրբեջանի միջազգային բանկից, որը վերջերս սնանկության դիմում է ներկայացրել: Կանխիկ գումարը փոխանցվել է օֆշորային կառավարում ունեցող բրիտանական չորս ընկերություններից, իսկ այդտեղից ծախսվել տարբեր երկրներում, այդ թվում Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Թուրքիայում, Իրանում և Ղազախստանում»: «Գարդիան»-ը մոռացել է ավելացնել Բելգիան և Իտալիան...

Ադրբեջանական ապօրինի փողերը բրիտանական ընկերություններ են ուղղվել Դանիայի ամենամեծ բանկի՝ «Դանսկե»-ի էստոնական մասնաճյուղի միջոցով: Այս ստվերային օֆշորային ընկերություններից երկուսը եղել են շոտլանդական սահմանափակ ընկերություններ՝ Hilux Services և Polux Management, որոնք վերահսկվում են գործակալների կողմից Բրիտանական Վիրջինյան կղզիներում:

Տեսնենք, թե ովքե՞ր են այս ապօրինի փոխանցված ֆոնդերի շահառուներից մի քանիսը: «Գարդիան»-ի փոխանցմամբ՝ «դրանցից մեկը Լուկա Վոլոնտեն է, Եվրոպայի ժողովրդական կուսակցության աջակենտրոն խմբի նախկին իտալացի նախագահը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ): Վոլոնտեն ԵԽԽՎ պատվիրակների թվում էր, որոնք տարօրինակ կերպով դեմ քվեարկեցին Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները քննադատող 2013 թ. զեկույցին: Ըստ բացահայտված տվյալների՝ նա ստացել է ավելի քան երկու միլիոն դոլար: Իտալիայում նրան մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման և կոռուպցիայի համար, կապված «խավիարային դիվանագիտություն» անունը ստացած հետաքննության հետ: Նա հերքում է բոլոր անօրինությունները»:

Համաձայն «Գարդիան»-ի՝ մեկ այլ բարձրաստիճան շահառու է «Գերմանիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Էդուարդ Լինթները, Քրիստոնեական սոցիալական միությունից.... 2012-2014 թթ., երբ նա այլևս պատգամավոր չէր, նրա հիմնադրամը ստացել է 819 հազար եվրո: Լինթները 61 հազար եվրոյի կանխիկ գումար ստացել է որպես ընտրությունների դիտորդ Ադրբեջան այցելելուց երկու շաբաթ անց: Նա բարձր է գնահատել քվեարկությունը՝ ընդհուպ մինչև «գերմանական չափանիշներին» համապատասխանող: Նա ասել է, որ վճարումները եղել են օրինական աշխատանքի համար, և ինքն անձամբ չի օգտվել այդ գումարից կամ չգիտի այդ դրամական միջոցների սկզբնաղբյուրի մասին»:

Ըստ «Գարդիան»-ի՝ «Կանխիկ գումար է ուղարկվել նաև Բուլղարիա և Շվեյցարիա, Կալին Միտրևին պատկանող բանկային հաշիվներին, որը ժամանակին եղել է մասնավոր խորհրդատու, իսկ այժմ աշխատում է Լոնդոնի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի համար: Միտրևը նշում է, որ գումարը եղել է մասնավոր եկամուտ օրինական խորհրդատվական աշխատանքներից, և նա տեղյակ չէ դրամական միջոցների սկզբնաղբյուրի մասին: Նա հերքում է, որ որևէ անօրինություն է կատարել»:

Կան նաև մի քանի բարձրաստիճան ադրբեջանցի պաշտոնյաներ, որոնք օգտվել են այդ ֆոնդերից: Մի ադրբեջանական ընկերություն՝ Baktelekom MMC, ավելի քան 1.4 միլիարդ դոլար է փոխանցել օֆշորային բանկային հաշիվներին:

Հետաքրքիր է, որ հունգարական թերթը ևս բացահայտել է, որ այն ժամանակ, երբ Հունգարիան արտահանձնում էր Ռամիլ Սաֆարովին՝ 2004 թվականին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ հայ սպային կացնահարող ադրբեջանցի մարդասպանին, Ադրբեջանը մի քանի բանկային փոխանցումներ է կատարել հունգարական MKB բանկին, ընդհանուր 7 միլիոն դոլար գումարի չափով: Սա ևս մեկ օրինակ է Ադրբեջանի գաղտնի ֆոնդերի կոռումպացված օգտագործման՝ Եվրոպայում և այլուր իր շահերի հետապնդման համար:

Ադրբեջանցիները, իհարկե, չեն ընդունում իրենց անօրինությունները և մեղադրում են բոլորին, սկսած հայերից մինչև միլիարդատեր Ջորջ Սորոսը և միջազգային լրատվամիջոցներ: «Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը «Գարդիան»-ի և այլ լրատվամիջոցների հոդվածները որակել է որպես զրպարտություն.... Հասանովն ասել է, որ Ալիևի վարչակարգը դարձել է բրիտանական հետախուզության, հայկական սփյուռքի և Միացյալ Նահանգների կողմից կազմակերպված «սկանդալային» արշավի զոհը», տեղեկացնում է «Գարդիան»-ը: Հասանովը մեղադրել է որոշ հակաադրբեջանական շրջանակների, որոնք «Արևմուտքում, մասնավորապես ԱՄՆ-ում վերահսկվում են հայկական սփյուռքի միջոցների շնորհիվ»: Բացի այդ, Ադրբեջանի կառավարությունը արգելափակել է հասանելիությունը Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի կայք (The Organized Crime and Corruption Reporting Project), որը հրապարակել էր «Ադրբեջանական լվացքատան» մանրամասները, դանիական Berlingske թերթում տվյալների արտահոսքից հետո:

Անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարեց, որ Հանցագործությունների ազգային գործակալությունը կհետաքննի բրիտանական չորս ընկերությունների կոռուպցիոն գործունեությունը կապված Ադրբեջանի հետ: Միաժամանակ, Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մի քանի անդամներ մտադիր են ընդլայնել Ադրբեջանի մշտական կոռուպցիոն սխեմաների ընթացիկ գոյություն ունեցող հետաքննությունը:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: