Հայերեն   English   Русский  

Արա Բաբլոյանը ներկա է գտնվել Ֆելիչե Վարինի ցուցահանդեսի բացմանը


  
դիտումներ: 564

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 12-ին ներկա է գտնվել Երեւան երկաթուղային կայարանում բացված շվեյցարացի արվեստագետ Ֆելիչե Վարինի «Վեցանկյուններ, շրջաններ եւ սեղաններ» ցուցահանդեսի բացմանը:

Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասերը, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, մշակույթի, քաղաքական գործիչներ, դեսպաններ:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, անդրադառնալով հայ-շվեյցարական հարաբերություններին, նշել է, որ պատմությունը երկու ժողովուրդներին հանդիպեցրել է ոչ պատահականորեն. հայերն ու շվեյցարացիները նույն հոգեւոր եւ մշակութային արժեհամակարգի կրողներ են: Ինչպես անկախության 26-ամյակը բոլորող Հայաստանը, այնպես էլ իր 726 -ամյակը նշող Շվեյցարիան, շարունակում են ուժ ստանալ ազատության զգացողությունից եւ դժվարությունները հաղթահարելու իրենց հզոր կամքից:

Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Շվեյցարիայի հետ համագործակցությունը թե որպես բժիշկ, թե որպես Հայաստան-Շվեյցարիա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար: Նա մանրամասնել է, որ շուրջ երեք տասնամյակ շարունակվող համագործակցության ընթացքում իրագործվել են տարբեր, այդ թվում նաեւ առողջապահական ծրագրեր, որոնց շնորհիվ բազմաթիվ կյանքեր են փրկվել:

Արվեստագետ Ֆելիչե Վարինին իր ելույթում մասնավորապես նշել է. «Իսկապես ինձ համար շատ հաճելի է իմ ուրախությունը կիսել ձեզ հետ: Ես աշխատանքը միայնակ չեմ իրականացրել, մի ամբողջ թիմ օգնել է ինձ այն կյանքի կոչելու համար»,- ասել է Վարինին` աջակցության համար շնորհակալություն հայտնելով Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: