Հայերեն   English   Русский  

«Մտադիր եմ շարունակել ծառայել հայրենիքին». Արայիկ Հարությունյան


  
դիտումներ: 3479

2007թ. Արցախի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանը սահմանադրական փոփոխությունների արդյունքում կորցրեց այդ պաշտոնը, քանի որ նոր Սահմանադրությամբ վերացվեց վարչապետի պաշտոնը:

Համարվում էր, որ կառավարման նախագահական համակարգի դեպքում չի կարող լինել վարչապետ, քանի որ գործադիր իշխանությունը ղեկավարում է նախագահը: Դրա փոխարեն սահմանվեց պետնախարարի պաշտոն, ով, ըստ էության, փոխարինելու է վարչապետին:

Այս մասին գրում է 1in.am-ը և հավելում, որ արդեն գրել են, որ Արցախում կայացված քաղաքական համաձայնության արդյունքում հենց Արայիկ Հարությունյանը կզբաղեցնի պետնախարարի պաշտոնը:Հարությունյանը հարցազրույցում, ըստ էության, չի հերքում նման հնարավորությունը:

Սեպտեմբերի 7-ին Ձեր ղեկավարած կառավարությունը հրաժարական ներկայացրեց, ինչպե՞ս կգնահատեք կառավարության գործունեությունը և Ձեր 10-ամյա վարչապետությունը:

– Հեշտ տարիներ չէին, սակայն մեզ հաջողվել է տարեկան միջինը շուրջ 10 տոկոս ՀՆԱ աճ ապահովել, որը, բնականաբար, դրականորեն է անդրադարձել հասարակության և, ընդհանրապես, պետության վրա: Անձամբ ես դժգոհ չեմ արդյունքներից՝ չմոռանալով նաև խնդիրների և բացթողումների մասին: Իսկ մնացած գնահատականը թող տան ժողովուրդը և ժամանակը:

Ձեր վարչապետության ընթացքում արձանագրվել է տպավորիչ տնտեսական աճ, այս առումով ի՞նչ խորհուրդ կտայիք Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանին

– Կարեն Կարապետյանը բավականին լավ գիտի տնտեսությունն ու տնտեսական կանոնները, ինչը համակցվում է հայրենիքին արդյունավետորեն ծառայելու նրա մոտիվացիայի հետ: Այնպես որ, պարոն Կարապետյանը իմ հատուկ խորհրդի կարիքը չունի, իսկ անհրաժեշտության դեպքում, մենք քննարկումներ ունենում ենք իրար հետ:

Երբ ամենամեծ ու ամենազդեցիկ կուսակցության ղեկավարը հրաժարվում է պայքարել երկրի ղեկավարի պաշտոնի համար, տպավորություն է ստեղծվում, որ հարցերը որոշվում են ոչ թե Արցախում, այլ Հայաստանում:

– Ես պաշտոնի համար չեմ աշխատում և պայքարում, այլ՝ հայրենիքին ու ժողովրդին արդյունավետորեն ծառայելու համար: Իսկ տեղի հարցերը որոշվում են Արցախում:

Մտադի՞ր եք շարունակել աշխատել նոր կառավարության կազմում, և որքանո՞վ են իրական պետնախարար նշանակվելու մասին տեղեկությունները:

– Մտադիր եմ շարունակել ծառայել հայրենիքին՝ լինելով թիմի անդամ:

Դուք շարունակում եք մնալ Արցախի խորհրդարանում ամենամեծ խմբակցություն ունեցող «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավարը: Նախագահ Բակո Սահակյանի հետ քննարկե՞լ եք կոալիցիոն կառավարություն ստեղծելու հնարավորությունը, մանավանդ, որ Բակո Սահակյանը նախագահ ընտրվեց Ձեր ղեկավարած կուսակցութան աջակցությամբ: Ի՞նչ կուսակցական կազմ կունենա նոր կառավարությունը:

– Ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ ևս կառավարությունը կոալիցիոն և կուսակցական հիմքով չի լինելու, այլ՝ պրոֆեսիոնալ: Իսկ կառավարության կազմը որոշվելու է նախագահի կողմից:

– Ղարաբաղի հարցի կարգավորման այն մեխանիզմը, որն առաջարկում է միջազգային հանրությունը, կնպաստի՞ ապահովության զգացողության ավելացմանը և Ղարաբաղի զարգացմանը, թե՞ հակառակը՝ թուլացմանը և բնակչության ավելի մեծ արտահոսքին

– Ոչ մի մեխանիզմ չի կարող լուծել հիմնախնդիրը, եթե անվտանգության իրական երաշխիքներ չունենանք: Ցանկացած մեխանիզմ պետք է հաշվի առնի Արցախի բնակչության դիրքորոշումը և առկա հանգամանքները, այլապես դատապարտված է ձախողման:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: