Հայերեն   English   Русский  

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Իսրայելի Կնեսեթի խորհրդարանական պատվիրակությունը


  
դիտումներ: 537

Սեպտեմբերի 13-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իսրայելի խորհրդարանական պատվիրակությանը՝ Կնեսեթի փոխխոսնակ, Հայաստան - Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թալի Պլոսկովի և փոխխոսնակ Յոել Խասսոնի գլխավորությամբ։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԺ Իսրայելի հետ բարեկամության խմբի նախագահ Գագիկ Մինասյանը և «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումի համանախագահ Հայկ Քոթանջյանը:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ վերջին շրջանում նկատվում է երկկողմ փոխայցելությունների ակտիվացում, ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանությունների ներկայացուցիչների կողմից՝ համոզմունք հայտնելով, որ պարեբական շփումները նպաստում են երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` իսրայելցի խորհրդարանականները նշեցին, որ իրենց եռօրյա այցի ծրագիրը բավականին հագեցած է, ինչը հնարավորություն է ընձեռում տարբեր մակարդակներով քննարկել համոգործակցության խորացման հարցեր։

Արտգործնախարարը կարևորեց Հայաստանի և Իսրայելի միջև միջխորհրդարանական ձևաչափով համագործակցությունը՝ ընդգծելով երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի դերը հայ-իսրայելական հարաբերությունների ամրապնդման գործում:

Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշեց նաև, որ «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումը դառնում է երկու երկրների հասարակությունների միջև երկխոսության կարևոր հարթակ, ինչի վկայությունն է ֆորումի երրորդ նիստի անցկացումը Երևանում:

Զրուցակիցները քննարկեցին հայ-իսրայելական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ կարևորեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, ընդգծեցին գործարար կապերի խթանման անհրաժեշտությունը, անդրադարձ արվեց մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման հնարավորությանը։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային մի շարք խնդիրների շուրջ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: