Հայերեն   English   Русский  

Արդյոք կհասցնենք դիմել Հյուսիս-հարավ ճանապարհի 4-րդ և 5-րդ տրանշների համար


  
դիտումներ: 2854

ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման ընթացքով:

«Արդյոք կհասցնենք կատարել այն պայմանները, որոնց հիման վրա Հայաստանը կարող է ներկայացնել 4-րդ և 5-րդ տրանշների համար ֆինանսավորման հայտը»,- Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին հարցրեց Կյուրեղյանը՝ հիշեցնելով, որ 2-րդ և 3-րդ տրանշներով նախատեսված աշխատանքները կիսատ են:

Կյուրեղյանը նկատեց նաև, որ ճանապարհի Երևան-Աշտարակ, Երևան-Արտաշատ հատվածները աչքի չեն ընկնում իրենց որակով, աշխատանքներն էլ ավարտված չեն:

Նախարարը պատասխանեց, որ առաջին տրանշի աշխատանքներն ավարտված են, սակայն դեռ հանձնված չեն, գտնվում են երաշխիքային սպասարկման մեջ, ինչ թերություններ էլ կան այսօր կապալառուն իր հաշվին ուղղում է:

2-րդ և 3-րդ տրանշների մասին նախարարը հայտարարեց, որ աշխատանքների ավարտը նախատեսված է մինչև 2019 թվականը:

Անդրադառնալով 4-րդ և 5-րդ տրանշների համար հայտ ներկայացնելու վերջնաժամկետին, նախարարը նշեց, որ Կառավարությունը իր պարտավորությունները կատարում է:

Հիշեցնենք, որ ծրագիրը ֆինանսավորող Ասիական զարգացման բանկին ՀՀ Կառավարությունը պետք է 5 տրանշներից յուրաքանչյուրի համար առանձին ֆինանսավորման հայտ ներկայացնի:

Մինչ օրս ստորագրվել է 3 տրանշ՝ ընդհանուր 350 միլիոն դոլարի չափով: 4-րդ և 5-րդ տրանշները դեռ չեն ստորագրվել, վերջնաժամկետը 2017 թվականի դեկտոմբերն է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: