Հայերեն   English   Русский  

Լուստրացիան սկսված է. այժմ պայքարելու է հասարակությունը


  
դիտումներ: 13965

Եթե չլիներ Թումանյանի թանգարանի բացօթյա ցուցադրության շուրջ հանրային մեծ աղմուկը, հավանաբար ցուցահանդեսը հետաքրքրության նման ալիք չառաջացներ:

Շատերն են հիմա փորփրում համացանցը՝ տեղեկություններ հավաքելու Միկոյանի, Կասյանի, Զարյանի մասին, ավելին իմանալու Թումանյանի անձնական ողբերգության, նրա որդիների ճակատագրի մասին, ի վերջո, վերարժևորելու խորհրդային տարիների, ստալինյան բռնաճնշումների ժամանակաշրջանը: «Այս պատմությունն էլ ավելի սրեց հետաքրքրությունը և նաև ընդվզում առաջացրեց: Այն, ինչի մասին փորձ էր արվում լռեցնել, ավելի մեծ, բարձր ձայնով հնչեց»,- Անկախի հետ զրույցում ասաց թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը:

Ցուցադրություն Թումանյանի թանգարանում

Թումանյանի թանգարանի մուտքի բացօթյա տարածքում բացված «Խավարում» ցուցադրությունը՝ նվիրված խորհրդային բռնատիրության զոհերին, որոնց մեջ նաև Թումանյանի 3 որդիներն են, բացվել էր օգոստոսի 4-ին: Օգոստոսի 26-ին մշակույթի փոխնախարարը «գործուղվել» էր թանգարան՝ զգուշացնելու տնօրենին, որ ցուցադրությունը հավաքի: Նարինե Թուխիկյանը սկզբում հակադրվել էր՝ ասելով, որ եթե ցուցադրությունը հանվի, ապա ինքն էլ պաշտոնը կթողնի: Հետո մտածել էր. «Եթե ես ինչ-որ խնդիր եմ հարուցել, մեղավորություն ունեմ կամ հակապետական ինչ-որ քայլ եմ կատարել (իսկ ես արել եմ հակառակը, վստահ եմ), ապա թող ինձ հեռացնեն աշխատանքից համապատասխան հիմնավորումներով»:

Թանգարանի տնօրենն ասում է, որ ցուցադրությունը եղել է նախարարության պլանների մեջ և ամբողջովին համաձայնեցված, միայն ցուցադրության խորագիրն է փոխվել. պայմանական ընտրված «Թումանյանի զավակների ճակատագիրը» խորագիրը տեղծագործական գործընթացի ընթացքում փոխվել է և ընտրվել է «Խավարումը», բայց թեման, նյութի բովանդակությունը մնացել են նույնը: «Էնպես որ, և՛ սուբսիդիայի պայմանագրով, և՛ միջնաժամկետ ծրագրով այդ ցուցադրությունը նախատեսված է եղել»:

Ցուցադրություն Թումանյանի թանգարանում

Նարինե Թուխիկյանը նախարարի բանավոր հրամանից հետո, որը փոխանցվել էր փոխնախարարի միջոցով, փորձել է կապ հաստատել Արմեն Ամիրյանի հետ, սակայն չի հաջողվել: Նախարարն արձակուրդ է մեկնել, վերադառնալու է վաղը: Ինչ վերաբերում է մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանին, ապա օգոստոսի 26-ին, երբ նա եկել է թանգարան, որ փոխանցի հրամանը, շփոթված դիտել է ցուցադրությունը, անգամ հավանել: «Համենայն դեպս, այդպես արտահայտվեց, իսկ ես սիրում եմ մարդկանց վստահել»,- նշում է Թուխիկյանը:

Կարծրատիպերի կոտրման, իրականության բացահայտման, խնդիրները համակողմանիորեն տեսնելու գործում Թումանյանի թանգարանի տնօրենը կարևորում է ինֆորմացիայի դերը: Ինֆորմացիան տրամադրելու գործում էլ՝ լրատվամիջոցների ու մտավորականների դերը: «Մեր թանգարանը դա արեց, դա էլ էր ինֆորմացիա: Մենք սիրում ենք կեղծիքի մեջ ապրել, և երբ այդ կեղծիքը մերկացնում ենք, բացահայտում ենք, դա դժվար է ընկալելը»:

Թուխիկյանը ներողամտաբար է վերաբերվում հին սերնդի մարդկանց, որոնք տասնամյակներ շարունակ ապրել են խաբեության, արհեստական, սարքովի մի վիճակի մեջ, հավատացել սովետական միֆին և այսօր գովերգում են գործարաններն ու շենքերը. «Բայց չմոռանանք, որ այդ շենքերը, գործարանները, այն ամենը, ինչ ունեցել ենք սովետական տարիներին, եղել է նաև իբրև փոխհատուցում Նախիջևանի, Արցախի, Կարսի, Արդահանի դիմաց: Այդ մարդիկ նաև մոռանում են, որ սա արդեն Սովետական Հայաստանը չի, որ մեր տերը Ռուսաստանը չի, իրենց համար շատ դժվար է դա ընկալելը: Նրանք կորցրել են ժամանակի զգացողությունը: Նրանք քնած են դարավոր քնով, ռուսական արջի քնով: Պատկերացնո՞ւմ եք՝ իրենց համար ինչ մեծ ողբերգություն կլինի գիտակցել, որ այդ ամենը չկա: Ու հիմա իրենք պաշտպանվում են չկոտրվելու համար»:

Նարինե Թուխիկյանը կոմունիստ ընդդիմախոսների ելույթները չի համարում հակափաստարկներ: «Այդ մարդկանց հետ բանավիճելն ուղղակի անիմաստ է: Նրանք դեմագոգներ են և մեր պետության հետ կապ չունեցող մարդիկ, նրանց տերերը Հայաստանում չեն: Եթե մեկը հանցանք է գործել, ապա իր արած ինչ-որ լավ բաները չեն կարող տվյալ հանցագործության համար մեղմացուցիչ հանգամանք լինել: Ինձ համար այդ կերպարները՝ Միկոյան, Կասյան, Զարյան և այլք, միանշանակ վատ կերպարներ են, բացասական, հակապետական կերպարներ»:

Ցուցադրություն Թումանյանի թանգարանում

Հասարակության մեջ քննարկումները դեռ կշարունակվեն, բայց ի՞նչ է լինելու ցուցադրության ճակատագիրը: «Ես էլ չեմ պայքարելու, հասարակությունն արդեն ինքն է պայքարում այս ցուցահանդեսի համար, ինչից ես շատ հուզված ու զգացված եմ: Եթե ես վերջին շրջանում շատ բաներից հիասթափված էի, հասկացա, որ ամեն ինչ կորած չէ: Այդ անծանոթ մարդիկ կանգնեցին թանգարանի կողքին, նրանք կանգնեցին Թումանյանի կողքին, նրա նահատակված զավակների կողքին, Չարենցի, Զապել Եսայանի, Լեռ կամսարի կողքին: Այսինքն՝ լուստրացիան սկսված է»:

Եթե մշակույթի նախարարի հետ հանդիպում տեղի ունենա, Նարինե Թուխիկյանի հարցերից մեկը կլինի հետևյալը. «Ինչպե՞ս ենք շարունակելու աշխատել, եթե իհարկե շարունակելու ենք»: Այս ցուցադրությունից հետո Թուխիկյանն արդեն ամեն սցենար հնարավոր է համարում, ընդհուպ իր հետագա պաշտոնավարման շարունակել-չշարունակելու հարցը: Այնուամենայնիվ, նրա խիղճը հանգիստ է, քանի որ գիտակցում է, որ թանգարանը աշխատում է հասարակության համար և ոչ թե պետական կառույցի կամ ինչ-որ անձերի. «Մենք աշխատում ենք մեր հասարակության համար, մեր պետականության ամրապնդման համար»:

Այո, մեր պետականության ամրապնդման խնդիրներից մեկն էլ այդ մտածողության բացակայությունն է. «Պետականությունը չի գիտակցվում, գիտակցվում է անձնական պաշտոնը: Մարդիկ լուռ ու հնազանդ են, բայց մի սահման կա, որը չի կարելի անցնել: Եվ դա այն սահմանն է, որտեղ խաթարվում է քո պետության ինքնիշխանությունը, որտեղ խաթարվում է քո մարդկային իրավունքը, քո ստեղծագործական իրավունքը, ուստի չպետք է լռես: Վերջապես, որքան էլ իմ՝ տնօրենի աշխատանքը ադմինիստրատիվ լինի, այն նաև ստեղծագործական աշխատանք է, և միջամտությունն անթույլատրելի է պարզապես: Համենայն դեպս, մենք երբեք մեր սահմանը չենք անցնում»:

«Բայց Ձեզ փաստացի հասկացրին, որ ինչ-որ սահման եք հատել»,- նկատում եմ:

Ցուցադրություն Թումանյանի թանգարանում

«Այո, բայց դա իրենց իլյուզիաների մեջ եղած սահմանն է»:

Ցուցադրության ներկայացված ամբողջ նյութն այժմ հանգրվանել է թանգարանի պատշգամբում: Ինչ է լինելու դրա ճակատագիրը՝ առայժմ հայտնի չէ: Համենայն դեպս, թանգարանի տնօրենը կարծում է, որ եթե այն նորից ցուցադրվի, ապա կցուցադրվի նույնությամբ, առանց որևէ փոփոխության:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: