Հայերեն   English   Русский  

​Ռուսները պետք է տեսնեն, որ ունենք այլընտրանք և անկախ պետություն լինելու կամք․ քաղաքագետ


  
դիտումներ: 4957

Նոյեմբերին կստորագրվի՞ Հայաստան-ԵՄ շրջանակային համագործակցության համաձայնագիրը: Ի՞նչ զարգացումներ կունենան հայ-ռուսական հարաբերությունները: Ռուսական ԶԼՄ-ներում ՊՆ պատվիրակության՝ Չինաստան կատարած այցից հետո սկիզբ առած հակահայկական քարոզչությունը կշարունակվի՞։ Սրանք հարցեր են, որոնք քննարկվում են քաղաքագիտական շրջանակներում, սակայն այդպես էլ միանշանակ պատասխան չեն գտնում։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ ներկայիս քաղաքականությունը շարունակելը մեր երկրի համար նպաստավոր կլինի։ «Ռուսաստանը պետք է ընդունի, որ մենք կարող ենք լինել իրենց դաշնակիցը, բայց ոչ ծառան կամ հպատակը։ Նրանք պետք է տեսնեն, որ մենք այլընտրանք ունենք և կարող ենք պոկվել իրենցից»,- ասում է քաղաքագետը՝ հավելելով, որ նման իրավիճակում Ռուսաստանին այլ բան չի մնա, քան ընդունել ու հարգել Հայաստանի դիրքորոշումը։

Շիրինյանը նշում է, որ ռուսական կողմը գիտակցում է, որ կորցրել է երիտասարդ ու միջին սերնդին Հայաստանում․ նրանք գնում են անկախացման ճանապարհով։ Ըստ նրա՝ անկախ քաղաքականության առումով 25 տարի ենք կորցրել, սակայն դեռ ուշ չէ․ «Մենք անկախ քաղաքականություն ցույց տվեցինք ապրիլյան պատերազմում։ Այժմ էլ այս տրամադրություններն են։ Նրանք ստիպված են զսպվել: Ուկրաինայում խռովություն է, և երկրորդ ճակատ բացել չեն ուզենա»։

Անդրադառնալով ԵԱՏՄ-ից դուրս գալու ԱԺ «Ելք» խմբակցության նախագծին՝ Շիրինյանը նշում է, որ այդ շարժումն էլ ներկայումս պետք է։ «Ի՞նչ գիտի Վոլնիկինը, որ հայտարարում է, թե մեր ժողովրդի մի մասը չի ուզում դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Հայաստանը գնում է զարգացման և անկախության ճանապարհով, և իրենք պետք է համակերպվեն այդ վիճակի հետ։ Մենք հավասար գործընկերներ ենք։ Եթե իրենք խոշոր են, մենք էլ տարիքով ենք մեծ»,- ասում է Շիրինյանը։ Նա կարծում է, որ Ռուսաստանին ոչ այնքան մտահոգում է ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությունը Հայաստանում, որքան այն մտավախությունը, որ հանկարծ այդ «ցեցը» Բելառուս կամ Ղազախստան չհասնի։ «Այլապես կփլուզվի պուտինյան Եվրասիական միությունը, ինչից իրենք շատ վախենում են։ Սա իրենց համար հպատակ ժողովուրդներին իրենց շուրջ պահելու ստրատեգիական նախագիծ է։ Բայց հանկարծ կարող է պարզվել, որ հպատակ ժողովուրդներն այնքան էլ հպատակ չեն»։

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե «Ելքի» նախաձեռնությունն ԱԺ-ում կտապալվի, Շիրինյանն ասում է. «Ռուսաստանում գիտեն, որ Հայաստանում ԱԺ-ն չի արտացոլում ժողովրդի տրամադրությունները: Իրենք տեսել են «Սասնա ծռերի» ապստամբությունը, «Էլեկտրիկ Երևանը»։ Այս բոլորն ապացույց են, որ Հայաստանը գնում է անկախության ամրապնդման ճանապարհով։ Պետք է զիջեն և զիջում են՝ այլընտրանք չունեն»։

Անդրադառնալով այն հարցին, որ միայն ռուսները չեն զիջում, Հայաստանն էլ, օրինակ, չմասնակցեց ՆԱՏՕ-ի զորավարժությանը Վրաստանում, Շիրինյանը նշում է, որ տեղի ունեցածի մանրամասներին ծանոթ չենք, գուցե ներքին պայմանավորվածություններ են եղել։

Միաժամանակ նա հիշեցնում է Մոլդովայի օրինակը, երբ հակառակ նախագահի արգելքին՝ երկրի ԶՈՒ ստորաբաժանումը Ուկրաինա մեկնեց՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի զորավարժությանը։ Ասում է, որ կամայական հրաժարումների պայմաններում մեզ մոտ էլ նման բան կարող է տեղի ունենալ։

Շիրինյանը դժվարանում է կանխատեսել՝ կստորագրի՞ Հայաստանը ԵՄ-ի հետ շրջանակային համագործակցության պայմանագիրը, թե ոչ, սակայն ասում է, որ ճիշտը ստորագրելն է։

«Մենք Ռուսաստանի հետ գործընկեր ենք, բայց դա չի նշանակում, որ նա միակն է. կարող են լինել նաև երկրորդ, երրորդ, չորրորդ գործընկերներ։ Իրենք պետք է տեսնեն, որ ունենք այլընտրանք և անկախ պետություն լինելու կամք»,- ասում է նա։

Քաղաքագետը շեշտում է, որ արտաքին համագործակցության ընդլայնումը կամ, օրինակ, փողոցների անվանափոխության նախաձեռնությունը ոչ թե հակառուսական քաղաքականության, այլ հայկականության ուժեղացման վկայություն են։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: