Հայերեն   English   Русский  

​Արևմուտքը փողերի լվացման սկանդալը կօգտագործի Ադրբեջանից դիվիդենտներ շահելու համար. ադրբեջանագետ


  
դիտումներ: 2557

Ադրբեջանը 2012-2014 թթ. շուրջ 3 մլրդ դոլար է հատկացրել արևմտյան քաղաքական ու հասարակական գործիչներին, լրագրողներին հակաադրբեջանական բանաձևերը մերժելու, ադրբեջանամետ նյութեր ու միջոցառումներ ապահովելու համար։ Բացահայտումից հետո եվրոպական մի շարք երկրներում հետաքննություն սկսելու կոչեր հնչեցին։

Սկանդալի հնարավոր զարգացումների ու հետևանքների մասին «Անկախը» զրուցել է ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթև Հայրապետյանի հետ։

- Բավարա՞ր եք գնահատում միջազգային հանրության արձագանքը ադրբեջանական փողերի լվացման բացահայտմանը։ Ձեր կարծիքով՝ սկանդալը հետագայում ի՞նչ զարգացումներ կարող է ունենալ։

- Աղմուկը դեռ չի մարել, թեմայի արծարծումը շարունակվում է թե՛ միջազգային մամուլում, թե՛ Ադրբեջանում։ Այնտեղ, ինչպես գիտեք, այդ ամենը փորձեցին ներկայացնել որպես հայկական լոբբինգի և «Սորոս» հիմնադրամի համագործակցության արդյունք։ Եթե Ադրբեջանում դա ժխտվեց, ապա արտերկրի շատ տեղերում սկսվեց հետաքննություն։ Բնական է, հետաքննությունը արդյունքները միանգամից չի հրապարակելու։

Բոլորը, քանի որ իրենց երկրի իմիջին են հարվածել այդ հետաքննական նյութով, փորձում են ինչ-որ ձևով անդրադառնալ դրան։ Չեմ կարծում, որ սա այն թեման է, որը հեշտությամբ կլռեցվի և կանցնի։ Այն դեռ շարունակություն կունենա։

Հետաքրքիր են նաև արձագանքներն Ադրբեջանում։ Մարդիկ հասկանում են, որ ամեն ձևով փորձում են այդ ամենը ներկայացնել որպես հայկական լոբբինգի հետևանք։ Ադրբեջանցի բազմաթիվ օգտատերեր սոցցանցերում գրում են, որ դա սուտ է, կեղծիք է, բայց կան նաև մարդիկ, մեծ մասամբ՝ դրսում ապրող, որոնք հասկանում են, թե ինչ է կատարվում, ընդունում են, որ Ալիևը հսկայական գումարներ է վճարում, որ թաքցնի հակաժողովրդավարական քայլերն Ադրբեջանում։

Թե հետաքննության արդյունքներն ինչպիսին կլինեն՝ դժվարանում եմ ասել, բայց այն, որ ընթացք է ստանում՝ փաստ է։

- Այդ նույն կոռուպցիոն մեթոդները դեր չե՞ն ունենա հետաքննությունը լռեցնելու կամ այլ հունով տանելու առումով։

- Իրականում, եթե այդ երկրները որոշեն ինչ-որ դիվիդենտներ շահել Ադրբեջանից, լինի դա նավթագազային սեկտորից թե այլ, այս ամենը կփորձեն օգտագործել, դա փաստ է։

- Ավելի վաղ բուլղարացի լրագրողն էր բացահայտում արել՝ նյութ հրապարակելով ահաբեկչական խմբավորումներին Ադրբեջանի կողմից զենք մատակարարելու գործընթացի մասին։ Սակայն այդ բացահայտումը մեծ արձագանք չստացավ ու շուտով մոռացվեց։ Ինչո՞ւ։ Եվ ինչպե՞ս կարող ենք համոզված լինել, որ այս դեպքում էլ նույնը չի լինի։

- Այս հետազոտությունը չափազանց մանրամասն էր։ Այսինքն՝ արձագանքը նաև հետազոտության բնույթից է կախված։ Գուցե նախորդ հետազոտությունը հետաքննություն սկսելու համար բավարար հիմքեր չէր ապահովում։ Բուլղարացի լրագրողի բացահայտումը գուցե հետագա քննության կարիք ուներ։

Իսկ սրան ընթացք տրվեց, քանի որ հավաքած նյութը շատ լայնամասշտաբ էր։

- Այս սկանդալային բացահայտումներն ինչպե՞ս կանդրադառնան Ադրբեջանի արտաքին քաղաքականության, միջազգային ասպարեզում նրա դիրքորոշման վրա։

- Միջազգային հանրությունը միշտ էլ իմացել է Ադրբեջանի հակաժողովրդավարական, կոռումպացված լինելը։ Երբ ինչ-որ երկրի շահերը պարտադրեն, առաջ կքաշեն համապատասխան սանկցիաների կիրառման առաջարկ, գործի կդրվեն այդ մեխանիզմները։ Միջազգային իրադրությունից է ամեն ինչ կախված։ Իսկ այն, որ Ադրբեջանն ավտորիտար ռեժիմով երկիր է, փաստ է արդեն տարիներ շարունակ։ Իսկ թե այդ փաստն ինչպես է կիրառվում՝ արդեն միջազգային իրադրությունից է կախված։

- Կարելի՞ է ենթադրել, որ Ադրբեջանի՝ հարցեր լուծելու քաղաքականությունը՝ այպես կոչված խավիարային դիվանագիտությունը, չի փոխվի։

- Կարծում եմ, որ Ադրբեջանը գուցե փորձի փոխել գործելաոճը, վստահության մեխանիզմներ մշակել, որպեսզի խայտառակ բացահայտումներ չլինեն ժամանակ առ ժամանակ։ Սրանք բոլորը մարդկանց դեմ քրեական գործեր սկսելու հիմք են տալիս, դա չի կարող հենց այնպես անտեսվել։ Եվ նույնը Ադրբեջանի ներսում. չեն կարող անտեսել, քանի որ իշխանության մեջ գտնվող անձանց անուններ են շրջանառվում, որոնք ներգրավված են այս սկանդալում։ Ուստի ինչ-որ փոփոխություններ կփորձի անել, որ խուսափի նման իրավիճակներից։

Ադրբեջանը մշտապես էլ իր երկրի ներքին խնդիրները կոծկելու համար օգտագործել է խավիարային դիվանագիտություն կամ այլ միջոցներ։ Կարծում եմ՝ ինչ-ինչ փոփոխություններով կփորձեն դա նորից գործի դնել, որովհետև ադրբեջանական լոբբինգի մեխը այդ գումարներն են։ Այդ գումարներով փորձում են մարդկանց ու մամուլը գնել, իրենց թեզերն առաջ քաշել, երկրի ավտորիտարությունը թաքցնել։ Չեմ կարծում, որ Ադրբեջանն այդ գործելաոճից հրաժարվի այս հետաքննությունից հետո։

- Այս բացահայտումը կարո՞ղ է կապ ունենալ վերջին շրջանում իսրայելա-ադրբեջանական լարված հարաբերությունների հետ։

- Եթե հաշվի առնենք, որ դրանից կարճ ժամանակ անց Ադրբեջանն ազատ արձակեց Լապշինին, իսկ դրան հաջորդեց Ադրբեջանի ՊՆ պատվիրակության այցը Իսրայել, միգուցե և իսրայելական լոբբին ինչ-որ դերակատարում ունի, բայց դա որևէ փաստով ապացուցել հնարավոր չէ, ուղղակի ենթադրություն է։

- Կարծիքներ հնչեցին, որ սկանդալային բացահայտումը կնպաստի ռուս-ադրբեջանական հարաբերությունների բարելավմանը։ Ռուսաստանն էլ այս իրավիճակում ի պաշտպանություն Ադրբեջանի հանդես եկավ։ Ձեր կարծիքով՝ այդ զարգացումներն իսկապե՞ս կհանգեցնեն ռուս-ադրբեջանական հարաբերությունների սերտացման ի վնաս մեզ։

- Չեմ կարծում, որ դրանից ելնելով՝ պետք է ռուս-ադրբեջանական հարաբերությունները բարելավվեն։ Ընդհանրապես Ադրբեջանը միշտ էլ գտել է Ռուսաստանի հետ աշխատելու և համագործակցելու իր մեթոդները։ Զախարովայի հայտարարությունը գուցե ավելի շատ նրան էր ուղղված, որ Ռուսաստանն էլ ոչ պակաս խնդիրներ ունի լրագրողների ու լրատվամիջոցների ազատության առումով։ Գուցե դա դեր է խաղացել։ Բացի այդ, Ռուսաստանը միշտ էլ հակաարևմտյան է եղել։ Այսինքն՝ նա դժվար թե ծափահարեր Արևմուտքի բացահայտմանը։ Պետք է լռեր կամ աջակցության ժեստ հայտներ։ Գուցե այդ աջակցության ժեստը միջոց էր հետագայում Ադրբեջանից ինչ-որ դիվիդենտներ շահելու համար։

- Իսկ Ադրբեջանի խավիարային դիվանագիտությանը մենք ինչպե՞ս կարող ենք հակազդել։ Հնարավո՞ր է արդյոք, բացահայտումն օգտագործելով, ամրապնդել մեր դիրքերը։

- Կարծում եմ՝ այս ամենը հիմք ընդունելով՝ հայկական լոբբիստական կազմակերպություններն արտերկրում պետք է սկսեն ավելի համակարգված աշխատանք տանել։ Բնականաբար, մենք չենք կարող ադրբեջանական ֆինանսներին հակադրել մեր ֆինանսները։ Հաշվի առնելով, որ մեր դիրքորոշումներն ավելի հասկանալի ու ընդունելի են Արևմուտքի համար, կարծում եմ՝ համապատասխան կերպով դրանք ներկայացնելը կօգնի ավելի ամրապնդելու մեր դիրքերը Արևմուտքում։

Այն, որ Ադրբեջանի ավտորիտար լինելը խանգարում է ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը, փաստ է։ Ճիշտ կլինի դա որպես միջոց օգտագործել՝ ցույց տալու, թե ինչու է պատերազմի վտանգը գնալով աճում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: