Հայերեն   English   Русский  

​Կնոջ հաջողությունն ընտանիքին միայն բարիք է բերում․ Սուսաննա Բադալյան


  
դիտումներ: 8656

«Հաջողակ եմ համարում այն մարդուն, որը լավ կրթություն է ստացել, ճիշտ զարգացում է ապրել, կարողացել է կայանալ և ինքնաիրացվել։

Հաջողության հասնելու համար նվիրում և նպատակասլացություն է պետք, նաև ինքնավստահություն ու մինչև վերջ գնալու համբերություն դժվարություններից չընկրկելու և ճանապարհից չշեղվելու համար։ Իսկ հաջողակը կին է, թե տղամարդ, կարևոր չէ»,- ասում է կենսաբանական գիտությունների դոկտոր, ԵՊՀ կենսաբժշկագիտության ամբիոնի պրոֆեսոր և երկու դուստրերի մայր Սուսաննա Բադալյանը։

Միջազգային մասնագիտական մի շարք ամսագրերի խմբագրական խորհրդի անդամ, միջազգային գիտական փորձագետ Սուսաննա Բադալյանը, որ նաև 1993-ից ի վեր համագործակցում է եվրոպական և ամերիկյան մի շարք համալսարանների և գիտական կենտրոնների հետ, կարծում է, որ ընտանիքում կնոջ կայանալը ոչ միայն որպես մայր, նրա հաջողություններն օգտակար են առաջին հերթին հենց երեխաների դաստիարակության համար։

«Մայրերը, որոնք անձնական նվաճումներ են ունենում, դրական օրինակ են իրենց երեխաների զարգացման համար։ Կնոջ հաջողությունն ընտանիքին միայն բարիք է բերում»,- ասում է նա՝ հավելելով, որ ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ կենցաղային հոգսերը բավականին թեթևացել են, ինչն, անկասկած, նպաստավոր պայմաններ է ստեղծում կանանց ինքնազարգացման, կայանալու և ինքնաիրացվելու համար։

Անդրադառնալով հարցին, թե ինքն ինչպես է կարողացել համատեղել երկու երեխաների դաստիարակությունը գիտական ու դասախոսական գործունեության հետ, Բադալյանը նշում է, որ գաղտնիքը ժամանակը ճիշտ գնահատելու և բաշխելու կարողությունն է։ «Ինձ համար մեկ րոպեն էլ արժեք ունի։ Ես ժամանակը շատ արդյունավետ եմ օգտագործում։ Անգամ իմ գերմանացի գործընկերներն են դա նշում»,- ասում է նա։

Մասնագիտության ընտրությունը

Մանկավարժների ընտանիքում մեծացած Բադալյանի համար գիտությամբ զբաղվել-չզբաղվելու հարցը քննարկումից դուրս էր։ Սիրում էր ստեղծագործական աշխատանքով զբաղվել և վաղուց էր հասկացել, որ ինքը գիտության մարդ է։ Դպրոցական տարիներից բնական գիտությունների նկատմամբ առանձնակի վերաբերմունք ուներ, ուզում էր բժիշկ դառնալ։ Ի վերջո, սակայն, նա դիմում է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ՝ ձգտելով թեկուզ բժշկությունից դուրս, բայց հնարավորինս մոտ լինել բժշկությանը։

Իսկ բժշկական համալսարանում ուսանելու նրա երազանքն ի վերջո իրականանում է, բայց այլ դրսևորմամբ։ Դասախոսական գործունեությունը սկսում է Երևանի պետական բժշկական համալսարանում, այնտեղ էլ ստանում դոցենտի կոչում։ Իր ողջ գործունեության ընթացքում նա այս կամ այն կերպ առնչվել է բժշկությանը, իսկ ներկայումս ԵՊՀ նորաստեղծ Ֆարմացիայի ինստիտուտի կենսաբժշկագիտության ամբիոնում դասախոսում է որպես պրոֆեսոր։

Հիշում է, որ ուսանողական տարիներին որոշել էր զբաղվել մարդու գենետիկայով՝ էլի բժշությանը մոտ լինելու ձգտումով։ Սակայն երբ գերազանց հանձնում է մանրէաբանության և սնկաբանության քննությունները, դասախոսի առաջարկով աշխատանքի է անցնում այդ ամբիոնում։

«Այն ժամանակ դեղասնկեր բառն անգամ չէր կիրառվում։ Բայց դա ինձ չվախեցրեց, քանի որ նոր էր ու հետաքրքիր։ Ու մինչև օրս էլ ես չեմ խուսափում դժվարություններից, քանի որ վստահ եմ՝ դրանք հաղթահարելով մի նոր բան կսովորեմ»,- ասում է նա։

Խոսելով գիտության մեջ հաջողության հասնելու գրավականների մասին՝ ասում է, որ ամենակարևորը գիտելիքներն են, այնուհետև հետաքրքրասիրությունը, կազմակերպվածությունը, աշխատասիրությունը և պատասխանատվության զգացումը։ «Եթե գործ ես ստանձնում՝ պետք է կարողանաս մինչև վերջ հասցնել։ Շատ մարդիկ կան, որոնց լավ գաղափարներն այդպես էլ գաղափար են մնում, քանի որ գործը կիսատ են թողնում»։

Ըստ Բադալյանի՝ գիտնականին հաջողության համար անհրաժեշտ է նաև գործին նվիրումը։

Անգլերենի իմացությունը՝ պարտադիր պայման գիտնականի համար

Սուսաննա Բադալյանը, հայերենից բացի, տիրապետում է նաև ռուսերենին, ֆրանսերենին և անգլերենին։ Ասում է, որ խորհրդային տարիներին ռուսերենը բավարար էր միայն Խորհրդային Միության շրջանակներում աշխատելու համար, այն ժամանակ էլ գիտության միջազգային լեզուն անգլերենն էր։ Պատմում է, որ թեկնածուական թեզի վրա աշխատելիս շատ ժամանակ էր անցկացնում Մոսկվայի Լենինի անվան գրադարանում, որտեղ մասնագիտական գրականության մեծ մասն անգլերեն ու ֆրանսերեն էր։

«Եթե ուզում ես զբաղվել գիտությամբ, թե՛ այն ժամանակ, թե՛ առավել ևս հիմա, պետք է հիանալի տիրապետես անգլերենին։ Անգլերենը գիտության աշխատանքային լեզուն է»,- ասում է նա՝ հիշելով, թե ինչպես է սկսել անգլերեն սովորել անկախության առաջին՝ մութ ու ցուրտ տարիներին։

«Դպրոցում ֆրանսերեն եմ սովորել։ Իմ առաջին գիտական այցն արտասահման եղել է Ֆրանսիա՝ Մոնպելիեյի համալսարան։ Պետք էր կարճ ժամանակում թարմացնել ֆրանսերենը, ուստի սկսեցի մասնավոր պարապել։ Տարիներ շարունակ ֆրանսերենը եղել է իմ աշխատանքային լեզուն, իսկ անգլերենը բառարանների միջոցով էի հաղթահարում։ Բայց շուտով հասկացա, որ պետք է լրջորեն զբաղվեմ անգլերենով։ Մութ ու ցուրտ 90-ականների սկզբին Մանկավարժական համալսարանում անգլերենի ինտենսիվ կուրսեր էին կազմակերպել, որոնց սկսեցի հաճախել։ Մոմի լույսի տակ էինք պարապում։ Դա հիմք դրեց իմ անգլերենի գիտելիքներին, որը հետագայում դարձավ գիտական աշխատանքային լեզու ինձ համար»,- պատմում է նա։

Ասում է, որ անգլերենի չիմացությունը գիտությունում հաջողության հասնելու խոչընդոտ է եղել թե՛ խորհրդային տարիներին, թե՛ հիմա․ «Այլ հարց է, որ Խորհրդային Միության շրջանակներում ռուսերենի իմացությամբ գիտական գործունեության և ինքնադրսևորման համար ստեղծված էին լայն հնարավորություններ»։

Կինը և գիտությունը

Բադալյանը վստահ է՝ կանայք գիտությունում հաջողության հասնելու նույն պոտենցիալն ունեն, ինչ տղամարդիկ, բայց նրանց հնարավորություններն են տարբեր․ «Քանի որ կարիերայի զարգացումը համընկնում է ընտանիք կազմելու, երեխաներ ունենալու և դաստիարակելու գործընթացի հետ, կինը պետք է կարողանա այդ ամենը համատեղել։ Այս առումով տղամարդիկ ազատ ժամանակի և իրենց վրա աշխատելու ավելի մեծ հնարավորություններ ունեն»։

Իսկ գիտության մեջ երբևէ սեռով պայմանավորված խտրական կամ թերահավատ վերաբերմունք չի զգացել։ «Մութ ու ցուրտ տարիներին, երբ համալսարաններում ուսումնական գործընթացն անգամ նորմալ չէր, միևնույն է, զարգանալու, առաջ գնալու ներքին պահանջ կար։ Եվ այդ ժամանակ նոր հնարավորություններ ի հայտ եկան, դժվարությունները նոր դռներ բացեցին։ Արտերկրյա համալսարաններից առաջին հրավերները ստացա։ Հասկացա, որ ուզում եմ այդ նոր ճանապարհով գնալ։ Իհարկե, կողքից ոմանք ասում էին՝ ի՞նչ ես մտածում, երկու երեխա ունես։ Բայց չընկրկեցի, 1993-ին եվրոպական համալսարանների հետ համագործակցության սկիզբը դրվեց, իսկ 1994-ին առաջին համատեղ հոդվածը տպագրվեց Ֆրանսիայում։ Իմ նոր գործունեությունը չխանգարեց, որ երեխաներս լավ դաստիարակություն ու կրթություն ստանան»,- ասում է Բադալյանը՝ հավելելով, որ կարևոր է ոչ թե շրջապատի թերահավատությունը, այլ անձի վստահությունն ու հավատը սեփական ուժերի նկատմամբ։

Ուղերձ երիտասարդներին

Այսօրվա երիտասարդներին բնորոշելով որպես պայծառ՝ Բադալյանը նրանց կոչ է անում օգտվել ժամանակակից բոլոր հնարավորություններից լավ գիտելիքներ ձեռք բերելու և որպես մարդ, մասնագետ ու քաղաքացի կայանալու համար․ «Ներկայիս երիտասարդությունը մեծ հնարավորություններ ունի կրթության և ինքնազարգացման համար։ Իրենց ապագան իրենց ձեռքերում է»։

Հայաստանը և գիտությունը

«Մեր երկրում գիտության համար բավարար միջոցներ չեն հատկացվում, դա չի համապատասխանում մեր մտավոր պոտենցիալին։ Այսօր գիտության ոլորտում մենք իրականացնում ենք այն, ինչ հնարավոր է, բայց ոչ այն, ինչ ուզում ենք,- ասում է Բադալյանը՝ հիշելով, թե ինչպես Մոնպելիեյի համալսարանում իր աշխատելու տարիներին պատասխանատուին ուղղակի պետք էր ասել, թե ինչ է պետք փորձերի համար։- Երազում եմ, որ մեզ մոտ լինեն այդ պայմանները, որ գիտաշխատողներն ունենան այն բոլոր պայմաններն ու հնարավորությունները, ինչ ուզում են»։

Ամփոփելով ուսանողների հետ տարիների աշխատանքի փորձը՝ Բադալյանն ասում է, որ գիտության հանդեպ հետաքրքրությունը գնալով նվազում է, կամ էլ գիտաշխատող երիտասարդներն ի վերջո արտերկրում են հաստատվում․ «Պատճառը ցածր աշխատավարձն է։ Երիտասարդները պետք է հնարավորություն ունենան իրենց աշխատավարձով ընտանիք կազմել և քիչ թե շատ նորմալ կենսամակարդակ ապահովել։ Բայց այսօր էլ կան նվիրյալներ, որոնք շարունակում են հաջողությամբ աշխատել գիտության բնագավառում՝ անկախ պայմաններից»։ Նա հատկապես կարևորում է ժամանակակից տեխնոլոգիաները, որոնց շնորհիվ գիտությունը միջազգային է դարձել՝ չճանաչելով սահմաններ։ Դրա շնորհիվ Հայաստանում գործող գիտնականների համար էլ միջազգային համագործակցության լայն հնարավորություններ կան։

«XXI դարը կենսաբանության դար է։ Մոլեկուլային կենսաբանության ժամանակակից նվաճումները բարելավում են մարդկության կյանքի որակը։ Սակայն այդ հետազոտությունները մեծ ֆինանսական ներդրումներ են պահանջում։ Մեր երկրում, ցավոք, կենսաբանության ոլորտում ֆինանսավորումը բավարար չէ»,- ասում է նա։

Չնայած առկա բազմաթիվ խնդիրներին՝ Բադալյանը վստահ է, որ մեր երկրում թե՛ գիտությունը, թե՛ մասնավորապես կենսաբանությունը ապագա ունեն։ Ուստի կարևոր է, որ ուղեղների արտահոսքը կասեցվի, ինչն էլ իր հերթին պայմանավորված է սոցիալ-տնտեսական գործոնով։

Գիտնականը նաև հույս ունի, որ գիտության ֆինանսավորման առաջիկա կրճատումը ժամանակավոր բնույթ ունի, ի վերջո, մեր երկրում գիտությունը և գիտնականը կարժևորվեն, իսկ առկա մտավոր պոտենցիալը կներդրվի ի նպաստ հայրենիքի զարգացման։






Մեկնաբանություններ - 1

Ավետիսյան Քրիստինե     27.09.2017 Դուք հաջողակ կնոջ փայլուն օրինակ եք : Մարդ ,ումից կարելի է սովորել :Գիտելիքով անցած ճանապարհը բարդ է ,բայց հաստատուն:
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: