Հայերեն   English   Русский  

​Հաջողելու համար պետք է նախ ինչ-որ բան անել


  
դիտումներ: 12934

Հայկական օրթոպեդիկ ներքնակներ, որոնք ստեղծվել են մեծ ջանքերի ու հավատի շնորհիվ

2009 թվականն էր, երբ շուկա մտան հայկական արտադրության ներքնակները, որոնք հետագայում հայտնի էին դառնալու «Duson» անունով ու դառնալու էին որակի չափանիշ: Այդ ժամանակ, իհարկե, շուկայում կային տեղական այլ ներքնակներ,որոնց մի մասը պատրաստվում էին նկուղներում,ավտոտնակներում և այլուր:Դրանց ֆոնին թուրքական ներքնակները համարվում էին լավագույնը: Եվ հայկական արտադրության այս ներքնակները շուկա մտան թուրքական մրցակիցներին դուրս մղելու մտայնությամբ, կոտրելու այն կարծրատիպը, թե հայկական արտադրանքը վատն է ու անորակ: Հենց այդ նկատառումով էլ հայկական ներքնակների արտադրությունը հիմնվեց՝ որպես չափանիշ ու թիրախ վերցնելով եվրոպական որակն ու միջազգային ստանդարտներին համապատասխանելու նշաձողը:

Անցել է ընդամենը 8 տարի, և այդ խնդիրը կատարված է. հիմա այլևս մարդկանց ականջներին խորթ չի հնչում «Դուսոն» անունը: Այս ապրանքանիշի բոլոր ներքնակները համապատասխանում են «Ստանդարտացման միջազգային կազմակերպության» (ISO) և Քնի միջազգային ասոցիացիայի (ISPA) չափորոշիչներին: Բավական է նշել, որ հայկական «Duson»-ներն արտադրվում են ներքնակների արտարության համաշխարհային առաջատարներից ամերիկյան «Leggett and platt» ընկերության հետ համագործակցությամբ: Իսկ ամերիկյան այս հայտնի ու խոշոր ընկերությունն ամեն երկրի հետ չէ, որ համագործակցում է, ընդամենը 19 երկրներում է աշխատում, տասնիններորդը Հայաստանն է ի դեմս «Դեկորա գրուպ» ըկերության ու «Դուսոն» ապրանքանիշի: «Leggett and platt» ընկերության հետ աշխատելն ինքնին համարվում է որակի չափանիշ:

Մի խոսքով, հայկական «Դուսոն» ներքնակները օրթոպեդիկ են, հարմարավետ, օգտակար, ընդունում են քնողի մարմնի դիրքը, ոչ թե քնողն է հարմարվում այս ներքնակներին, բացի այդ, արտադրվում են օրգանական ու որակյալ նյութերով:

Սկզբում ընկերությունն արտադրում էր երկու-երեք մոդելների ներքնակներ, ներկայումս՝ ավելի քան 60 մոդելների: Ութ տարիների ընթացքում արտադրանքը տասնապատկվել է, և այժմ օրական մոտ 200-300 «Դուսոն» ներքնակ է արտադրվում: Ընդ որում, հայկական ներքնակները, բացի ներքին շուկայում սպառվելուց, արդեն արտահանվում են:

«Արդեն մեկ տարուց ավելի «Դուսոն» խանութներ են գործում Վրաստանում (մի խանութ Բաթումում և երկու խանութ Թբիլիսիում), աշխատում ենք նաև Ռուսաստանի ու Իրանի ուղղությամբ, նաև՝ Եվրոպայի, քանի որ այս ներքնակներն իրենց որակով համապատասխանում են եվրոպական չափանիշներին»,- «Անկախին» ասաց «Դուսոն» ներքնակներն արտադրող «Դեկորա գրուպ» ընկերության գործադիր տնօրեն Արմեն Նաջարյանը:

Երևանում, բացի «Դեկորա» խանութներում վաճառքից, ֆիրմային «Դուսոն» խանութների թիվն արդեն հասել է հինգի: Մինչև տարեվերջ գուցե հաջողվի նաև վեցերորդը բացել: Խանութ է գործում նաև Արցախում:

Դուսոն

Ուշագրավ է, որ անգամ այլ շուկաներում այս ներքնակները փոխարինեցին թուրքականներին: Անգամ Բաթումում, որտեղ թուրքական գործոնն ու ներկայությունը բավականին ազդեցիկ է, թուրքական որակը համարվում է բարձր, հայկական «Դուսոնները» համարվում են որակի չափանիշ:

«Մենք հասել ենք դրան, հայկականն այնտեղ արդեն համարվում է որակյալ, իսկ «Դուսոն» խանութի կարգի խանութ Բաթումում թուրքերն էլ չունեն: «Դուսոնն» առանձնանում է իր ոճով, դիզայնով, սպասարկումով. բավականին լուրջ դիրքերում ենք: Այս ամենին հասանք, քանի որ ունեինք նպատակ, ձգտում, առողջ թիմ, աշխատասիրություն ու նվիրում»,- ասում է մեր զրուցակիցը:

Ըստ Նաջարյանի՝ հաջողության հասնելու համար բարդ բանաձևեր չկան, ընդամենը պետք է ցանկություն և նպատակ. «Ունեինք նպատակ, ունեինք ցանկություն ու կամք, որ պետք է անենք, ու արեցինք: Իրականում բարդ «քիմիա» չկար, գաղտնի բանաձև չկար: Նպատակը դրված էր, թիրախը դրված էր, որ պետք է համապատասխանենք միջազգային ստանդարտներին, ու հասանք այդ թիրախին: Բայց եթե ասենք, թե հասել ենք վերջնակետին՝ ճիշտ չի լինի, ինքներս մեզնից, կոպիտ ասած, գոհ չենք: Կամքն այստեղ կարևորագույն գործոնն ու շարժիչ ուժն էր, այն արդեն բնավորության գիծ է: Երբեք չպետք է ընկճվել, երբեք չընկրկել. կարող են լինել և՛ արտաքին, և՛ ներքին մարտահրավերներ: Սա պետք է գիտակցել, բայց չպետք է վախենալ, այլ շարժվել առաջ: Դժվարություններն ու խոչընդոտները մեզ ավելի են ուժեղացնում: Ասում են, չէ՞, այն, ինչը մեզ չի սպանում, ավելի է ուժեղացնում»:

Նրա դիտարկմամբ՝ այս արտադրությունը հիմնելիս շատ կարևոր էր նաև այն ներքին համոզմունքը, որ սրանով անհրաժեշտ գումարները՝ ներդրումները, կատարվում են մեր երկրում ու այդպիսով իրենց նպաստը բերում մեր երկրին, մեր տնտեսության զարգացմանը:

«Սա էլ է խիստ կարևոր ու նուրբ հանգամանք,- ասում է Նաջարյանը,- այսինքն՝ այս գործում ներդրողները հավատ ունեն սեփական երկրի ներկայի ու ապագայի նկատմամբ: Չէ՞ որ միշտ դժգոհություններ կան, թե այս երկրում ոչինչ չի ստացվի, թե կառավարությունն ու առհասարակ բոլորը խանգարում են և այլն: Բոլոր դժվարություններն էլ, խոչընդոտներն էլ, խոչընդոտողներն էլ, եթե այդպիսիք կան, ժամանակավոր են ու անցողիկ: Նախևառաջ պետք է հստակ անելիքներդ պատկերացնես ու անես: Ցանկացած բիզնեսում կլինեն խոչընդոտներ, առանց դրանց չի լինի: Կլինեն արտաքին խոչընդոտներ, ներքին խոչընդոտներ: Այդ դեպքում կարելի է կա՛մ նստել, ոչինչ չանել ու բողոքել, կա՛մ հավատալ ինքդ քեզ ու երկրի ապագային, մտածել, որ իրավիճակ փոխողներից մեկն էլ դու ես, և գործի անցնել: Գուցե նստել ու սպասել, որ ինչ-որ մեկը պետք է փոխի մեր կյանքը, ինչ-որ մեկը պետք է աշխատատեղ ստեղծի, որպեսզի աշխատենք, նույնպես տարբերակ է: Բայց մենք մեզ համարում ենք պատասխանատու մեր երկրի զարգացման համար ու նախընտրում ենք ինքներս ինչ-որ բան նախաձեռնել: Եթե ուզում ես հաջողության հասնել՝ պետք է նախ ջանք թափես, ինչ-որ բան անես»,- ասաց Արմեն Նաջարյանը:

Նրա կարծիքով, սեփական ճակատագրի, սեփական երկրի հանդեպ հոգատարությունը, սերը, պատասխանատվությունը ուժ են տալիս, իսկ հաջողությունն առհասարակ հեշտ ու միանգամից չի տրվում: Հաջողությանը պետք է արժանանաս:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: