Հայերեն   English   Русский  

​Իտալիայի Ավիլիանայից՝ Սևան ու Կրասար. հայկական ֆենոմենի գաղտնիքը


  
դիտումներ: 15221

2009 թվականը կարևոր տարեթիվ է իտալահայ Կարեն Կոկչյանի կյանքում:

Հենց այդ տարին առաջին անգամ նա ոտք դրեց Հայաստան: Պոլսահայ ընկերներից մեկը զգուշացրել էր. «Ուշադիր եղիր, դա մի հիվանդություն է, որ մտնում է արյանդ մեջ ու այլևս չես կարողանում ազատվել»: Ընկերն իրավացի էր, իսկ Կարենը՝ ուրախ, որ վարակվել է հայաստանյան հիվանդությամբ:

1959 թ. Պոլսում ծնված, 19 տարեկանում Իտալիա տեղափոխված և միայն 2009-ին Հայաստանը բացահայտած մեր հայրենակիցն այսօր արդեն չի կարող պատկերացնել իր կյանքն առանց Հայաստանի ու հայկական երազանքների: Այդ երազանքներից մեկն էլ կապված էր մի հեռավոր ու ցրտաշունչ գյուղի հետ, որին նա անգնահատելի ջերմություն ու լույս նվիրեց: Բայց այդ մասին՝ ավելի ուշ:

Կարեն Կոկչյանը Իտալիայում բարձրագույն կրթություն է ստացել օդանավերի ճարտարագիտության ոլորտում և մասնագիտությամբ սկսել է աշխատել դեռ երիտասարդ տարիքից: 1997-ին արդեն սեփական խորհրդատվական ընկերությունն ուներ, իսկ հայերենի, թուրքերենի, իտալերենի, ֆրանսերենի ու անգլերենի իմացությունը գործում շատ օգտակար էր. նա կարողանում էր ամենուր կապեր հաստատել: Մշտապես հետաքրքրված լինելով հայկական հարցերով՝ նա նաև տեղի հայ համայնքի հետ էր սերտ համագործակցում՝ դառնալով Միլանի Հայ առաքելական եկեղեցու հոգաբարձուների խորհրդի անդամ և Պիեմոնտ մարզի ներկայացուցիչը խորհրդում: Կարեն Կոկչյանն Իտալիայի ոչ այնքան մեծ հայկական համայնքում ակտիվ գործունեությունը շատ է կարևորում: Սակայն նրա համար նույնքան կարևոր է Հայաստանի հետ շփումը:

Կարեն Կոկչյան

Առաջին անգամ գալով Հայաստան՝ նա ձեռնարկում է մի շարք բարեգործական ծրագրեր: Հատկապես ցավով է նկատում դպրոցների անմխիթար վիճակը և միջոցներն ուղղում է դպրոցներում գույքի նորացման, սանհանգույցների վերանորոգման աշխատանքներին: «Մեծ գումարներ չունեմ, բայց այն, ինչ ունեմ, ուզում եմ Հայաստանում ծախսել, Հայաստանին օգտակար լինել»,- ասում է զրուցակիցս ու հիշում 2014 թվականը, երբ նպատակ դրեց Շիրակի մարզի հեռավոր Կրասար գյուղում նոր դպրոցի շենք կառուցել:

Այժմ մեծ երազանքն արդեն իրականություն է: Այս տարվա սեպտեմբերին Կրասարի շուրջ 80 աշակերտ ոտք դրեց նոր, ժամանակակից գույքով ու անհրաժեշտ բոլոր պարագաներով հագեցած, 110 աշակերտի համար նախատեսված մեծ ու լուսավոր երկհարկանի քարաշեն կառույց, որն իր վառ տեսքով ու տպավորիչ ճարտարապետությամբ լիովին տարբերվում է մյուս դպրոցներից:

Կրասարի աշակերտների համար սա հեքիաթային նվեր է, քանի որ գյուղի նախկին կավաշեն դպրոցըվաղուց ավարտել էր իր առաքելությունը: Բայց այդ կավաշեն դպրոցը գյուղի համար նույնքան թանկ ու հարազատ է, քանի որ դա էլ իր պատմությունն ունի՝ դարձյալ կապված Իտալիայի հետ:Картинки по запросу կրասարի դպրոց

Սպիտակի երկրաշարժից հետո Կրասար գյուղի դպրոցը փլուզվել էր: Երբ Իտալիայի Վերոնա քաղաքի L’Arena թերթի լրագրողներն այցելել են աղետի գոտի և հոդված հրապարակել սարսափելի ավերածությունների մասին, նախաձեռնել են նաև դրամահավաք, և 1989 թ. Կրասարում կառուցվել է միհարկանի ժամանակավոր կավաշեն դպրոց, որն ընդամենը 4-5 տարի պետք է ծառայեր: Սակայն աղետի գոտում խնդիրներն այնքան շատ էին, որ ոչ ոք չէր մտածում դպրոցի նոր շենք կառուցելու մասին. կրասարցի երեխաները 27 տարի գիտելիքներ ստացան իտալացիների կառուցած կավաշեն դպրոցում:

Կարեն Կոկչյանի ցանկությամբ նոր դպրոցը կառուցվեց գյուղի ավերված դպրոցի փլատակների վրա, որոնք նույնությամբ մնացել էին երկրաշարժից հետո, և գյուղ մտնողն առաջինը դրանք էր տեսնում:

Image may contain: 1 person, smiling, sky, cloud and outdoorՇուրջ 550 բնակիչ ունեցող այս գյուղում, որտեղ ցրտաշունչ ու երկարատև ձմեռներ են լինում, նման դպրոցի կառուցումը կենսական անհրաժեշտություն էր: Այժմ կրասարցիներն իսկապես կարող են հպարտանալ, քանի որ իրենց գյուղում է Հայաստանի ամենագեղեցիկ ու ժամանակակից դպրոցներից մեկը: «Ես վստահ էի, որ այդ ծրագիրը կիրականացնեմ. մեծ դժվարությամբ, իհարկե, բայց հիմա արդեն դժվարությունների մասին չեմ ուզում հիշել»,- ասում է բարերարը, որ դպրոցի կառուցման համար կարողացել է, սեփական միջոցներից բացի, որոշ ֆինանսական միջոցներ հայթայթել նաև Համաշխարհային բանկից:

Image may contain: 3 peopleԿարեն Կոկչյանը դպրոցի բացմանն էր հրավիրել 1866 թվականից հրատարակվող իտալական L’Arena թերթի լրագրողներ Բրունո Պանժերային և Էնրիկո Ջիարդինիին՝ ի նշան երախտագիտության 28 տարի առաջ նրանց կատարած բարեգործության: Լրագրողները Հայաստան էին եկել L’Arena-ի բացառիկ համարով՝ նվիրված Հայաստանին, 28 տարի առաջ Կրասարում իրականացրած իրենց գործունեությանը, Կրասարի նոր դպրոցի հիմնմանն ու հայ-իտալական բարեկամությանը: Իտալիա վերադառնալուց հետո լրագրողներն իրենց թարմ տպավորությունները կրկին կամփոփեն թերթում:

Կարեն Կոկչյանը հայ-իտալական բարեկամության զարգացման համար մեկ ուղղությամբ չէ, որ աշխատում է: Դեռևս մի քանի տարի առաջ նրա շնորհիվ Հայաստանի Սևան քաղաքն ու Իտալիայի Ավիլիանան հռչակվեցին քույր քաղաքներ: Ամեն ինչ սկսվեց լուսանկարչական ցուցահանդեսից: Թուրինի արվարձան համարվող գողտրիկ Ավիլիանայում, որտեղ ապրում է մեր հայրենակիցը, կազմակերպվեց Հայաստանին նվիրված լուսանկարների ցուցահանդես: Հեղինակը կրկին Կարեն Կոկչյանն էր, որ պարզվում է՝ նաև տաղանդավոր լուսանկարիչ է: Ցուցահանդեսի բացմանը ներկա էր Ավիլիանայի քաղաքապետ Անջելո Պատրիցիոն, որին լուսանկարների Հայաստանն ուղղակի հիացնում է, հատկապես՝ Սևանը, որի բնաշխարհն այնքան նման էր Ավիլիանային: Կարենը Ավիլիանայի քաղաքապետին առաջարկում է նման մի ցուցահանդես կազմակերպել Հայաստանում՝ այս անգամ էլ հայաստանցիներին ներկայացնելու իտալական աշխարհի գունապնակը: Առաջարկը սիրով ընդունվում է, և 2014 թ. աշնանը Սևան քաղաքում բացվում է «Թուրին-Ավիլիանա» խորագրով ցուցահանդեսը, որի բացմանը Կարեն Կոկչյանի հետ Հայաստան է ժամանում նաև Ավիլիանայի քաղաքապետը: «Եկավ ու սիրահարվեց Հայաստանին»,- հիշում է Կարեն Կոկչյանը:

Կարեն Կոկչյան

Լուսանկարչությունը, որ մեր հայրենակցի համար ընդամենը հոբբի է, դարձյալ ուղղված է Հայաստանին ու հայկական մշակույթի տարածմանը: Կարենի հայաստանյան հազարավոր լուսանկարներն օտարների առջև բացում են մի սքանչելի երկիր՝ հարուստ մշակույթով ու ավանդույթներով, անկրկնելի ճարտարապետությամբ ու անզուգական բնաշխարհով: Թուրինում կազմակերպված հայկական լուսանկարների ցուցահանդեսը 9 օրվա ընթացքում 13 հազար այցելու է ունեցել: Կարեն Կոկչյանն ուզում է ցուցահանդեսը Իտալիայի տարբեր քաղաքներում ներկայացնել:

Ամեն անգամ Կոկչյանը Հայաստան է գալիս խորունկ զգացումներով, Իտալիա վերադառնում նոր ծրագրերով ու երազանքներով: Ուզում է՝ Հայաստանն աշխարհի հետ ավելի բաց խոսի. «Մենք համաշխարհային պետություն ենք և պետք է բացվենք աշխարհի առաջ, աշխարհը մեզ ավելի լավ պետք է ճանաչի»,- ասում է նա:

Անցյալ տարի վեց իտալացի ընկերների (համալսարանի պրոֆեսորներ) հրավիրել է Հայաստան: Ասում է՝

Կարեն Կոկչյան

իբրև մասնագետ հիացած էին մեր ճարտարապետությամբ: «Եկան, շնչեցին Հայաստանի օդը, զգացին ժողովրդի վերաբերմունքը, տեսան մեր պատմությունը, մշակույթը, և կարելի է ասել, որ հիմա Թուրինում մենք ևս վեց հայ ունենք»:

2016 թ. Ավիլիանան ու Սևանը պաշտոնապես դարձան քույր քաղաքներ: Հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Ավիլիանայում: Նույն օրը Կարեն Կոկչյանն իրականացրեց իր մյուս մեծ երազանքը: Ավիլիանայում բացվեց հայկական խաչքար, որը նրա նվերն էր երկու քաղաքների միության առթիվ: Կարենը հպարտ է, որ Ավիլիանայում մի գեղեցիկ այգու կողքին՝ հենց խաչմերուկի մոտ է տեղադրված խաչքարը. «Ամեն մարդ, որ կանցնե առջևեն, գիտե, որ հոնտեղը հայ մը եղած է»: Խաչքարի ձախ կողմի ցուցատախտակի վրա գրված է, որ այն նվիրված է Եղեռնի նահատակներին, մյուս կողմում տեղեկություն է գրված Հայկական խաչքարի, ապա Սևան քաղաքի հետ Ավիլիանայի բարեկամության մասին, ինչպես նաև՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին ուղղված խաղաղության ուղերձ:

Ո՞ւմ մտքով կանցներ, որ մի օր Իտալիայի Ավիլիանան, որտեղ հատուկենտ հայեր կան, կդառնա Սևանի

Կարեն Կոկչյանքույրը, որ այնտեղ կբացվի հայկական խաչքար, կանցկացվի հայկական լուսանկարների ցուցահանդես, իսկ որ ամենաանսպասելին է, կտեղադրվեն Հայաստանի մասին ու հայատառ գրառումներով ցուցանակներ:

Սա էլ հայկական ֆենոմենի գաղտնիքն է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: