Հայերեն   English   Русский  

​Ահաբեկչություն


  
դիտումներ: 14728

Ահաբեկչությունը բռնության, սպառնալիքի դրսևորում է, որը նպատակ ունի հարկադրելու հասարակությանը, պետական մարմիններին կամ միջազգային կազմակերպություններին որոշակի գործողություններ կատարել: Բուն էությամբ և ընդհանուր գծերով ահաբեկչական դրսևորումները հայտնի են դեռ հին ժամանակներից: Օրինակ` բոլոր պատմական սպանություններն էլ կարելի է ինչ-որ առումով համարել ահաբեկչություն, սակայն ավանդաբար ընդունված է համարել, որ ահաբեկչություն երևույթը XX դարի ծնունդ է: Նախորդ հարյուրամյակում էր, որ ահաբեկչությունը սկսեց դրսևորվել տարբեր ձևերով ու մեթոդներով: Ավելին, անցյալ դարի 60-ական թվականներին ի հայտ եկավ նոր եզրույթ` միջազգային ահաբեկչություն:

Ահաբեկչությունն իրականացվում է այնպիսի գործողություններով, որոնք «ինքնուրույն» հանցագործություններ են, օրինակ` սպանություն, պատանդ վերցնել և այլն, սակայն իր շարժառիթներով ահաբեկչությունը տարբերվում է այդ հանցագործություններից: Հենց այդ պատճառով էլ օրենսդիրն ամրագրել է ահաբեկչությունը որպես առանձին հանցակազմ և ներառել քրեական օրենսգրքում:

Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի՝ ահաբեկչություն է համարվում այնպիսի գործողությունը, որն ուղղված է քաղաքացիական անձի կամ զինված ընդհարման ժամանակ ռազմական գործողություններին ակտիվորեն չմասնակցող անձի մահվանը կամ ծանր մարմնական վնասվածք պատճառելուն կամ դրանց սպառնալիքին այն դեպքում, երբ այդպիսի գործողության նպատակն իր բնույթով կամ էությամբ բնակչությանն ահաբեկելը, կամ պետական մարմնի, կամ միջազգային կազմակերպության, կամ պաշտոնատար անձի որոշման ընդունման, կամ գործողության կատարման, կամ դրանցից ձեռնպահ մնալու վրա ներգործելն է, ինչպես նաև ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված ահաբեկչություն համարվող ցանկացած այլ գործողություն, բացառությամբ պատանդ վերցնելուն:

Օրենքը նախատեսել է խրախուսական նորմ ահաբեկչության նախապատրաստությանը մասնակցող այն անձանց համար, որոնք իշխանության մարմիններին ժամանակին հայտնելով կամ այլ միջոցներով նպաստում են ահաբեկչության խափանմանը: Այս դեպքում, եթե նրանց արարքն այլ հանցակազմ չի պարունակում, նրանք ազատվում են քրեական պատասխանատվությունից:

Ի՞նչն է նպաստում ահաբեկչությանը: Նախևառաջ դրա ֆինանսավորումը: Այդ պատճառով էլ օրենսդիրը ահաբեկչության ֆինանսավորումը դիտել է որպես առանձին հանցակազմ հետևյալ սահմանմամբ. «Ահաբեկչության ֆինանսավորում` գույքի ուղղակի կամ անուղղակի ցանկացած եղանակով տրամադրումը կամ հավաքագրումը՝ գիտակցելով, որ այն ամբողջությամբ կամ մասամբ պետք է օգտագործվի, կամ կարող է օգտագործվել ահաբեկչության, կամ պատանդ վերցնելու համար, ահաբեկչական կազմակերպության կամ անհատ ահաբեկչի կողմից ֆինանսական ծառայությունների մատուցումը՝ գիտակցելով, որ այդ ծառայություններն ուղղված են ահաբեկչության կամ պատանդ վերցնելու կատարմանը, կամ դրանց արդյունքներն օգտագործվելու են ահաբեկչական կազմակերպության կամ անհատ ահաբեկչի կողմից»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: