Հայերեն   English   Русский  

​Ձևակերպումներն անելուց հետո ցուցադրությունը նորից կարող է շարունակվել. Արմեն Ամիրյան


  
դիտումներ: 2417

Կառավարության նիստից հետո Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ամեննասպասվածն էր լրագրողների համար: Վերջին օրերին քննարկվող թոփ թեմաներից մեկը՝ Թումանյանի թանգարանի բացօթյա ցուցադրության փակումը, սպասում էր նախարարի մեկնաբանմանը:

«Թեմայի առնչությամբ մենք որևէ առարկություն չունենք: Եթե ուշադիր եք եղել, տարվա ընթացքում մենք թեման արծարծել ենք տարբեր առիթներով»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ Հանրապետության նախագահից անգամ հանձնարարական ունեն ստեղծելու առանձին թանգարան ստալինյան բռնաճնշումների զոհերի թեմայով:

Նախարարի խոսքով՝ Թումանյանի թանգարանի ցուցադրության դադարեցման հրամանը պայմանավորված է եղել աշխատանքային ներքին կանոնակարգի խախտմամբ. «Որևէ ցուցադրություն՝ լինի ժամանակավոր, թե հիմնական, թանգարանը, ՊՈԱԿ-ը պարտավոր են համաձայնեցնել նախարարության հետ: Ձևաչափը համաձայնեցված չի եղել, ցուցադրության ծախսը նույնպես նախատեսված չի եղել»:

Թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի հայտարարությանը, ըստ որի ցուցադրությունը նախատեսված է եղել և՛ սուբսիդիայի պայմանագրով, և՛ միջնաժամկետ ծրագրով, Ամիրյանը հակադարձեց. «Վստահորեն բարձրաձայնում եմ, որ սուբսիդիայի պայմանագրով կամ առանձին համաձայնեցված որևէ համաձայնություն չի եղել նախարարության հետ»:

«Թանգարանի տնօրենը ստո՞ւմ է»,-հարցին նախարարը պատասխանեց. «Ես չգիտեմ, երևի շփոթում է»:

Այնուամենայնիվ, նախարարը Նարինե Թուխիկյանին իրենց լավագույն տնօրեններից մեկն է համարում. «Այդ պատճառով էլ բավարարվել եմ միայն բանավոր դիտողությամբ, հակառակ դեպքում խիստ նկատողություն կարվեր»:

Եթե ցուցադրությունը համաձայնեցված չէր, ինչո՞ւ հանդիսավոր բացումից հետո միայն 22-րդ օրը նախարարությունն արձագանքեց թանգարանի «օրինախախտ» գործունեությանը: Արմեն Ամիրյանը նշեց, որ իրենք տեղյակ չեն եղել, որ նման ցուցադրություն է լինելու, իսկ ինքն անձամբ ցուցադրության մասին տեղեկացել է կիսամյակային հաշվետվության ժամանակ, երբ ցուցադրության բացումն արդեն կայացել էր: Այսինքն, նախարարությունը տեղեկացել է բացումից օրեր անց:

«Մենք առաջարկել ենք, որպեսզի թանգարանի տնօրինությունը վերատեսության ենթարկի իր նախաձեռնությունը, գա և իր պատկերացումները համաձայնեցնի նախարարության համապատասխան վարչության հետ, իսկ ձևակերպումներն անելուց հետո ցուցադրությունը նորից կարող է շարունակվել: Մենք պատրաստ ենք, մեծ սիրով: Կրկնում եմ՝ բովանդակության հետ որևէ խնդիր չունենք, առավել ևս՝ ես, որովհետև այնտեղ ցուցադրված նյութում արծարծվում են նաև իմ ազգականների անունները»:

Ինչ վերաբերում է ցուցադրությունից հետո Նարինե Թուխիկյանին անծանոթի կողմից հեռախոսազանգի միջոցով սպառնալիքներ հնչեցնելուն, Ամիրյանն ասաց. «Որևէ մեկն իրավունք չունի մեր թանգարանի տնօրենին սպառնալիքներ հնչեցնելու: Եթե եղել են սպառնալիքներ, ապա նրանք, ովքեր սպառնացել են, պատասխան կտան»:

Մշակույթի նախարար Արև Սամուելյանի բացատրությունը, թե ցուցադրությունը փակվել է, քանի որ քաղաքական ենթատեքստ ունի, Ամիրյանը չմեկնաբանեց՝ նշելով, որ չի կարող ասել, թե փոխնախարարն ինչ է ի նկատի ունեցել. «Միգուցե ասել է, թե քաղաքականացվում է հարցը: Չգիտեմ, չեմ կարող ասել, գիշերն եմ վերադարձել և դեռ չեմ խոսել իր հետ»,-ասաց նախարարը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: