Հայերեն   English   Русский  

Հիմա բուհական կրթությունը ավելի քիչ է հետաքրքրում շրջանավարտներին, քան նախկինում. փորձագետ


  
դիտումներ: 3612

Այս տարի բուհերն առաջարկում էին 20 հազար վճարովի և անվճար տեղ, որից թափուր է մնացել մոտ 50 տոկոսը: Դիմորդների թիվը կազմում էր 9737, որը 1500-ով պակաս էր նաորդ տարվանից:

Կրթության և գիտության նախարարը հայտարարել էր, որ այս խնդիրը լինելու է նաև հաջորդ տարի:

Այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նշեց, որ այս խնդիրն ունի մի քանի պատճառներ:

Դրանցից մեկն անցումն էր 12-ամյա դպրոցական կրթության, որի արդյունքում 2006 թվականին դպրոցներ ընդունվել էին երկու առաջին դասարան և աշակերտական կազմը բաժանվել էր երկու մասի: Ավելի շատ եկել էին ավագ առաջին դասարան, որտեղ պետք է սովորեին 11 տարի: Հիմա այդ երեխաները ավարտում են, մյուս մասը կավարտի ՝ 2018-ին: Դրա պատճառով դիմորդների թվի օբյեկտիվ անկում է եղել: 2020 թվականին շրջանավարտների թիվն ավելի մեծ կլինի:

Դիմորդների թվի անկման մյուս պատճառն Ամերիկյան համալսարանաի բակալավրիատի բացումն էր: Միջազգային դպրոցների աշակարտները նույնեպս միանգամից արտասահմանյան բուհեր դիմելու հնարավորություն ունեն:

Երրորդ պատճառն արտագաղթն է: Վերջին տարիներին Հայաստանից գնացել է մոտ 18 000 աշակերտ: Բնականաբար, դա ազդել է նաև դիմորդների թվի վրա:

Սերոբ Խաչատրյանն ընդգծեց, որ կան խնդիրներ կապված նաև որակի հետ. «Հիմա բուհական կրթությունը ավելի քիչ է հետաքրքրում շրջանավարտներին, քան նախկինում էր։ Այնքան շատ եղավ առաջարկը, բուհում սովորելն այնքան պարզեցվեց, արժեզրկվեց, իսկ դրան չհաջորդեց որակի խիստ վերահսկողությունը, որ արդյունքում, ըստ էության, այսօր շատերը նախընտրում են միջին մասնագիտական կրթությունը կամ ընդհանրապես չեն շարունակում: Համալիր պատճառներ կային, որոնք այս տարի կուտակվեցին իրար վրա»,-նշեց Սերոբ Խաչատրյանը:

Նա ընդգծեց, որ, որպես գործող դասախոս, հետևանքներն այս պահին արդեն զգում է.« Իմ և բազմաթիվ դասախոսների ծանրաբեռնվածությունը ԵՊՀ-ում 0.25-ով պակասեց: Հաջորդ տարի վիճակն ավելի ծանր է լինելու. ոմանք նաև կորցնելու են աշխատանքը: Փոխվել են նաև գիտական աշխատանքների ստանդարտները»:

Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Արևիկ Անափիոսյանն իր հերթին նշեց՝ բարձրագույն կրթության որակն ամենագլխավոր խնդիրներից մեկն է ներկայումս. «Այսօր հավատի բացակայություն կա բարձրագույն կրթության նկատմամբ։ Մեզ մոտ որակը ցանկանում են ապահովել փաստաթղթերի մակարդակով, բայց իրականում որակն ապահովվում է դասավանդման և ուսումնառության մակարդակով։ Այսօր ուսանողն ինֆորմացիա ստանալու կարիք չունի, այլ կարիք ունի ուղղորդման, թե որ ինֆորմացիան վերացնի, որը թողնի և ինչ անի այդ ինֆորմացիայի հետ»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: