Հայերեն   English   Русский  

Գորիսի քաղաքապետի ԺՊ-ն քաղաքի տրանսպորտն անվճար կդարձնի. «Հրապարակ»


  
դիտումներ: 1022

«Հրապարակ»-ը գրում է, որ նախորդ շաբաթ Գորիսի նախ­կին քաղաքապետ Վաչագան Ադունցի հրաժարականից հետո վարչապետ Կարեն Կարապետ­յանը քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց հայտնի գործարար Գագիկ Առուշանյանի 26-ամյա որդուն՝ Առուշ Առուշանյանին:

Նրան մոտ կանգնած մեր աղբյուրը տեղեկացրեց, «էնպես է աշխատելու, որ չուզողների աչքերը հանի: Էդ գիտե­ին, թե մենակ Ադունցն է, հա, որ գործ կարա անի, գործը հեսա կտենաք որն է»: Նա ընդգծեց, որ հենց այսօրվա­նից քաղաքապետը միջքաղաքային տրանսպորտն անվճար է դարձնում: Մեր հարցին, թե այդ ինչպես և ում հաշվին, հետևեց պատասխանը, «Իր: Մարդն իր հաշվին իր քաղաքի հա­մար բարեգործություն է անում, քիչ է արել»: Տեղեկությունը հաստատեցին նաև քաղաքապետարանից:

«Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը նոր «Մերսեդես» մակնիշի միկրոավտոբուսներ է ներմուծել Գորիս, այսօրվանից դուրս կգան երթուղի և շուրջ 15 ուղղությամբ ուղևորափոխադրում կիրականացնեն անվճար»,- հայտնեց քաղաքապետա­րանի աշխատակցուհին: Հետաքրքիր է` ինչ միկրոավտոբուսներ և որտե­ղից է ներմուծել Առուշ Առուշանյանը, այն էլ` մի քանիսը: Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի հետ չհաջողվեց կապ հաստատել, նա չպատասխանեց մեր զանգերին: Համայնքապետարանի մեր աղբյուրի փոխանցմամբ էլ` առաջին հարցը, որ բարձրացրել են նոր քաղաքապետին, կադրային Փոփոխությունն է:

«Ասաց, որ լավ աշխատեք, ոչ մեկիդ էլ չեմ ազատի, որ սկզբունքներին համապա­տասխանեք, կմնաք»,- հույս փայփա­յելով և այլևս չտրտնջալով` ասաց նա: Մեր տեղեկություններով, այս օրերին Առուշ Առուշանյանը փորձել է հետ բերել նախկին քաղաքապե­տի այն կադրերին, ովքեր ինքնակամ ազատման դիմում էին գրել: Ի դեպ, մեր լուրն այն մասին, որ երիտասարդի ողջ մարմնի վրա դաջվածքներ են, քա­ղաքապետը ծանր է տարել, նա, ասում են, պլաստիկ վիրաբույժ է փնտրում, որ ազատվի դաջվածքներից»,- գրում է թերթը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: