Հայերեն   English   Русский  

«Երբ հարցնում են՝ հայերն ովքե՞ր են, եկեք ասենք՝ մենք ինչեր ենք ստեղծել». Հայաստանի նոր իմիջը


  
դիտումներ: 574

Այսօր Երևանում աշխատանքներն է շարունակել Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովը, որի հիմնական լիագումար նիստին վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ տնտեսական թիմը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկա ռազմավարությունը, բարեփոխումների ուղղությունները, զարգացման մեծ ներուժը և երկրի նոր իմիջի օրակարգն է առաջարկել։

«Պետք է մեջքներս ուղղենք և միասին շարունակենք կառուցել այն երկիրը, որի մասին բոլորս երազում ենք»,- որպես հիմնական ուղերձ, իր ելույթում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը։

Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանն իր ելույթում նշել է, որ կառավարությունը առարկայական քայլեր է իրականացնում գործարար միջավայրի արդիականացման և թվայնացման համար, որի արդյունքում հավասար մրցակցային պայմաններ կձևավորվեն տեղական և օտարերկրյա ներդրողների համար։

Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը երկրի մրցակցային առավելություններն ընդգծել է «Ընտրել Հայաստանը» շնորհանդեսով` https://www.youtube.com/watch?v=-EDvKeoksqM ։ «Եկեք մյուս անգամ, որ ձեզ հարցնում են՝ ի՞նչ է Հայաստանը, պատմենք, որ Հայաստանն աշխարհում առաջին երկրներից մեկն է, որ շախմատն ընդունել է որպես դպրոցական կարգ, որ դպրոցը բոլոր ավատրողները շախմատ խաղալ գիտեն, որ մենք՝ հայերս, ստեղծագործ ենք, որ մենք ունենք Թումո, մի կառույց, որն աշխարհում ընդունված է որպես լավագույնը, որտեղ 12-18 տարեկան երեխաներն անվճար կարող են սովորել ամենաառաջնային տեխնոլոգիաները»,- երկրի իմիջի նոր օրակարգն է առաջարկել հիմնադրամի ղեկավարը։

«Երբ հարցնում են հայերն ովքե՞ր են, եկեք ասենք՝ մենք ինչեր ենք ստեղծել։ Մենք ստեղծել ենք ավտոմատ փոխանցման տուփը, գունավոր հեռուստատեսությունը։ Խոսակցությունը պիտի փոխվի։ Մենք կարիք ունենք փոխելու Հայաստանի մասին մեր մտածելակերպը։ Մենք երկիր չենք, որ ունենք միայն մշակույթ, մենք երկիր ենք, որ ունենք ստեղծարար ժողովուրդ»,- նշել է հիմնադրամի ղեկավարը։

«Ստեղծարարությունն ու նորարարությունը հայերին դարձնում են աշխարհում եզակի։ Իսկ հիմա՝ Հայաստանը զարգացման մեծ ալիքի վրա է. ձեզ հետ, թե առանց ձեզ` դա տեղի է ունենում։ Ընտրությունը ձերն է՝ մասնակցե՞լ դրան, թե՞ ոչ»,- ելույթը եզրափակել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: