Հայերեն   English   Русский  

Էռնեկյանը մերժել է Վեհափառին, փոխարենը դպրոց է կառուցել


  
դիտումներ: 15798

Օրերս Էջմիածնում ամենաբարձր մակարդակով տեղի ունեցավ «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի բացումը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին Հանրապետության նախագահը, Ամենայն Հայոց կաթողիկոսը, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ և, իհարկե, բարերար Էդուարդո Էռնեկյանը:

Պարզվում է՝ դպրոցի բացմանը Վեհափառը մի շատ ուշագրավ հայտարարություն է արել, որը, բնականաբար, պաշտոնական հաղորդագրություններում չկա: Նա ներկաներին պատմել է դպրոցի ստեղծման նախապատությունը՝ անկեղծորեն խոստովանելով, որ երբ Էռնեկյանը տարիներ առաջ դիմել է իրեն, որպեսզի ասի, թե ինչ կարող է անել Մայր աթոռի համար, ինքն առաջարկել է եկեղեցի կառուցել կամ վերանորոգել: Էռնեկյանը կտրականապես հրաժարվել է և ասել, որ դպրոց կկառուցի:

Եվ ահա, 2009 թվականին մեկնարկել են դպրոցի ստեղծման աշխատանքները, իսկ 2017-ին Մայր Աթոռում բացվեց կրթական բոլոր պահանջներին համապատասխանող ժամանակակից կրթահամալիր՝ նորագույն տեխնիկայով հագեցած լսարաններով ու լաբորատորիաներով, դպրոց, որի մասին կերազեն անգամ մայրաքաղաքում:

21-րդ դարում, երբ պետությունների ու ժողովուրդների միջև կատաղի մրցավազք է, մարտահրավերներին դիմակայելու և աշխարհի հետ համընթաց քայլելու գրավականը բարձրորակ կրթությունն է: Ու այստեղ չհակադարձել Շարմազանովին՝ պարզապես չեմ կարող. միակ ու ամենաճիշտ ներդրումը Հայաստանում եկեղեցի կառուցելը չէ, այլ ԴՊՐՈՑ կառուցելն է:

Ու որպեսզի համոզեմ ՀՀԿ խոսնակին, մեջբերեմ հենց մեր եկեղեցու հոգևոր սպասավորներից մեկի՝ Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն, դպրոցի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի խոսքը, որը հնչել է «Էօրնեկեան» դպրոցի բացման ժամանակ. «Կառուցելով դպրոց՝ մենք կառուցում ենք բանակ, կառուցում ենք վանք ու եկեղեցի, կառուցում ենք տնտեսություն և հիմքն ենք դնում առողջ ընտանիք կառուցելու նախաքայլին, որը հայորդիներիս համար եղել է սրբազան պարտավորություն, որը չի սահմանափակվել միայն նյութական հասկացողությամբ, այլև հոգևոր և իմացական կառուցումով, որով ապահովել ենք մեր ազգի գոյությունն ու հարատևությունը: Հայ կյանքի կենտրոնը միշտ եղել և մնում է մարդը ու նրա կրթական նկարագիրը: Ազգային հայ դպրոց կառուցելով` մեր հավատն ենք կառուցում՝ մեր զավակների միջոցով հավիտենականացնելով հայի տեսակի ինքնության ամբողջական նկարագիրը. այն դպրոցը, որը ոսկեդարից մինչև մեր ժամանակները մեզ երբեք չդավաճանած հավատի հիմնասյունն ու ճշմարտության լուսաճառագ աղբյուրն է եղել»:

Այո, պարոն Շարմազանով, կառուցելով դպրոց՝ մենք կառուցում ենք բանակ, վանք ու եկեղեցի: Իսկ Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինելը վնաս է ոչ միայն պետությանը, այլ նույն եկեղեցուն: Եվ լավ է, որ մեր եկեղեցին այսօր ունի այնպիսի հոգևորականներ, ինչպիսին Վարդան Եպիսկոպոս Նավասարդյանն է: Նաև լավ է, որ մեր երկրում կան այնպիսի ներդրողներ, ինչպիսին Էռնեկյանն է:

Իսկ դպրոցաշինությունը Հայաստանի համար ամենևին էլ ճոխություն չէ: Այն անհրաժեշտություն է, կենսական անհրաժեշտություն: Արցախի ազատագրված տարածքները վերաբնակեցնելու մասին արդեն տասնամյակներ ի վեր հնչող հայտարարությունները սին են, եթե այնտեղ դպրոցներ ու մանկապարտեզներ չկան: Վերաբնակեցման կարևոր նախապայմաններից մեկը կրթօջախն է: Դպրոցներ կառուցեք այդ գյուղերում ու շունչ տվեք նոր բաբախող այդ զարկերակներին և կտեսնեք, թե ինչպես են նրանք կենդանանում:

Այսօր, երբ մեր երկիրը կանգնած է համաշխարհային վերադասավորումների անկանխատեսելի վայրիվերումների առաջ, իսկ մեր պետությունը՝ ժողովրդագրական մոտեցող աղետի, մեր զինվորը՝ հակառակորդի դիպուկահարի, տնտեսությունն էլ՝ փակ դարպասների, մեր բոլոր ներդրումներն ու ջանքերը պետք է ուղղվեն դեպի գիտություն, կրթություն, տնտեսություն ու համազգային միասնություն, որի առանցքը առաջին հերթին կայացած և ուժեղ պետությունն է:

Այնպես որ, պարո՛ն Շարմազանով, մեզ ոչ թե հոգևոր զարթոնք է պետք, ինչպես Դուք եք ասում, այլ տնտեսակա՛ն զարթոնք: Իսկ մեր հոգին միշտ էլ արթուն է…





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: