Հայերեն   English   Русский  

​Անկախ Հայաստանի Հանրապետությունը 26 տարեկան է


  
դիտումներ: 7117

Հայաստանի երրորդ Հանրապետության անկախության հռչակումից 26 տարի է անցել։ Թվում է՝ քառորդ դարը բավարար ժամանակահատված է անկախությունը գնահատելու և անկախ ու զարգացող երկիր կառուցելու համար։ Անկախության արժեքի ու արդյունքների վերաբերյալ մոտեցումները, սակայն, հասարակությունում տարբեր են։ Եվ ահա, անկախության օրվա առիթն օգտագործելով, «Անկախը» տարբեր ոլորտների հանրային գործիչներից փորձել է ճշտել՝ ինչ ունենք անկախության հռչակումից 26 տարի անց և ինչ քայլեր պետք է ձեռնարկենք մեր երկրի ապագայի համար։

Կանգնած ենք Հայաստանի չորրորդ հանրապետության հռչակման ճանապարհին

Քաղաքագետ Լևոն Շիրինյան.

- Այս 26 տարիները եղան, ըստ էության, հայ ժողովրդի պետական անկախության վերականգնման դժվարին, դաժան պայքարի, հույսի, ինչ-որ առումով՝ նաև կորուստների տարիներ: Բոլորիս աչքի առաջ տեսնում ենք, թե ինչ խարդավանքների է հանդիպում անկախության երթը:

Լևոն Շիրինյան

Մեր ձեռքբերումներից առաջինը բանակի կայացումն է, և դա ինչ-որ չափով բնական է, քանի որ մենք մինչև անկախության հռչակումը, ըստ էության, պատերազմի մեջ էինք մխրճվել: Մենք ոչ թե անկախության պատերազմ ենք մղել, ինչպես այլ հանրապետություններ, այլ ինքնապաշտպանական մարտեր:

Անկախության հռչակման առաջին օրերից մենք հայտնվեցինք գեոստրատեգիական այն իրավիճակում, որն ընդհատվել էր 1920 թվականի աշնանը, երբ ռուս-թուրքական ագրեսիայի հետևանքով ոչնչացվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը: Սա լրացուցիչ դժվարություն էր ստեղծում:

Կա մի բան, որ մենք չկարողացանք անել, և դա բացասական է: Ժամանակին Հայաստանի քաղաքական իշխանությունը, Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, լուստրացիայի քաղաքականություն չվարեց: Այն ժամանակ էլ են պահանջներ եղել, բայց քանի որ պատերազմական վիճակում էինք ու առկա ռեսուրսն Արցախի անհավասար պատերազմի մեջ էր, այդ հարցը լղոզվեց: Մինչդեռ նախկին սոցիալիստական հանրապետությունները գաղտնի ծառայությունների հետ կապ ունեցող մարդկանց հեռացրեցին իշխանությունից։

Եվ 25 տարի հետո տեսնում ենք, թե ինչպես է լուստրացիայի անհրաժեշտությունը վերադարձել: Տեսնում ենք բոլշևիզմի վերադարձի փորձեր, որը, համոզված եմ, տապալվելու է:

Ամփոփելով՝ երկու ձեռքբերում շեշտեմ. բանակի և նոր դպրոցի կայացումը։ Տեսանք, թե ինչ դաժան պայքար մղեց մեր բանակն ապրիլյան պատերազմում։ Ինձ թվում է՝ նախատեսված էր, որ պիտի պարտվենք: Եթե 800 հա չհաշվենք՝ Ադրբեջանն իրականում ջախջախվեց, քանի որ չլուծեց որևէ մարտավարական հարց՝ իր թիկունքում ունենալով Թուրքիան և առատ զենք մատակարարող մեր «դաշնակից» Ռուսաստանը, Իսրայելի օժանդակությունը և այլն:

Մենք ունեցանք նաև նոր դպրոց, նոր բուհ՝ իր բոլոր դժվարություններով: Վստահորեն ասել ու ասում եմ՝ եթե մենք ունենայինք սովետական դպրոց՝ ապրիլյան պատերազմում ջախջախվելու էինք: Տեսնում ենք, թե սովետական դպրոցի շրջանավարտ պաշտոնյաներն ինչ վիճակի են հասցրել Հայաստանը:

Մենք այս տարիներին դժվարությամբ ունեցանք նաև հայ քաղաքագիտական միտք, որը քիչ թե շատ սպասարկեց անկախությանը:

Եվ ունեցանք երրորդ հանրապետություն, որն ապացուցեց, որ կենսունակ չէ, որովհետև պորտալարը չի կտրել սովետական անցյալից: Երրորդ հանրապետությունը բացարձակապես սպառել է իրեն. փողոցում սպանություններ, կոռուպցիա, անպատիժ հրդեհներ և այլն։

Ֆրանսիայի պատմության հետ համեմատենք, որը շատ տիպական է մեզ համար այս պարագայում: 1958 թ. վերացավ Ֆրանսիայի չորրորդ հանրապետությունը։ Գեներալ դը Գոլն այսպիսի միտք արտահայտեց. մեռավ չորրորդ հանրապետությունը, բայց հավերժ կապրի Ֆրանսիան, և հռչակեց հինգերորդ հանրապետությունը, որն այսօր կա:

Կարծում եմ, որ Հայաստանն այսօր կանգնած է մեր իրական ազգային պետականության՝ չորրորդ հանրապետության հռչակման ճանապարհին: Կասկած չունեմ, որ այն պիտի լինի գիտաարդյունաբերական, ունենա ազգային արդյունաբերական բուրժուազիա, համալսարանական և ֆունդամենտալ կրթության վերականգնում և դպրոցի իրական բարեփոխում՝ պահանջներից ելնելով:

Եթե ապրիլյան պատերազմը շահած սերնդի հետ միասին հետևողական լինենք, ունենանք Արևմուտքի աջակցությունը և հավասարակշռենք քաղաքականությունը Ռուսաստանի հետ՝ կունենանք այն Հայաստանը, որը բոլորս ենք ուզում:

Բայց, ըստ աշխարհաքաղաքական հաշվարկների, Հայաստանն այս տարածքներով չի կարող լինել կենսունակ պետություն: Անպայման պետք է դուրս գանք Քռի ափ և Արաքսի խառնարան: Ամեն հայի գիտակցության մեջ պետք է մտնի, որ մենք պիտի առաջ շարժվենք՝ ստատուս քվոն մեզ համար մահացու է:

Մի շարք կորուստների ու բացասական երևույթների կողքին ունեցանք նաև երիտասարդ ու միջին սերնդի ընդվզում, որը հռչակեց՝ ես եմ տերն իմ երկրի։ Հիմա, երբ կանգնել ենք վարչաձևի փոփոխության առջև, հայ ժողովրդի այդ հատվածը պետք է ճիգ ու ջանք թափի Հայաստանը չորրորդ հանրապետություն դարձնելու համար, որն արտահանող երկիր պետք է լինի, որտեղ քաղաքական միտքը կծնվի ո՛չ հյուսիսում, ո՛չ հարավում, այլ Երևանում։ Մեզ պետք է ոչ թե ռուսական կամ արևմտյան կողմնորոշումով Հայաստան, այլ պրոհայաստանյան պետական կառույց:

Իսկ ռուսերենի հայեցակարգի առումով ասեմ, որ Հայաստանում արտոնյալ վիճակում կարող է լինել միայն հայոց լեզուն, մնացած բոլոր լեզուները պետք է ունենան օտար լեզվի կարգավիճակ: Եթե գիտության լեզվի մասին է խոսքը, ապա գիտության լեզուն անգլերենն է, ուստի նոր սերունդն առաջինը պետք է տիրապետի անգլերենին, հետո միայն ռուսերենին, եթե ուզում ենք դուրս գալ այս եվրասիականության ճահճից, որը մեզ քաշում է:

Վստահ եմ՝ լեզվական այս նախաձեռնությունը կմեռնի։ Այն կարող է անգամ հրաժարականների հանգեցնել: Ըստ էության, վարչապետն այդտեղ սխալվեց։ Եթե հիմա նրա վարկանիշը ստուգեն, կտեսնեն, որ ընկել է:

Ապագա քայլերի առումով ասեմ, որ ներկայում կիսաշրջափակված ենք, և պատերազմը հեռացած չէ, Ռուսաստանի ճնշումներն էլ ուղիղ կամ անուղղակի արտահայտվում են: Հետևաբար, մենք պետք է մեր արտաքին քաղաքականությունը հավասարակշռենք ամերիկյանով, եվրոպականով և այլն: Ռազմաքաղաքական էլիտան կյանքի գնով պետք է նվիրվի պետության անկախությանը, պաշտպանի Հայաստանի անկախ պետության շահերը։

Ինչպես քառօրյա պատերազմը շահեցինք, այնպես էլ անկախության համար պատերազմը պետք է շահենք: Այստեղ առաջնային է դառնում պայքարն իրավական և սոցիալական պետության համար:

Մեր հանրակրթական դպրոցներն անկախ պետականությանը չսազող հաստատություններ են

Հուշարձանագետ Սամվել Կարապետյան.

Սամվել Կարապետյան

- Իհարկե, անկախությունը մի պարգև է, որը վայելում ենք: Անշուշտ ձեռքբերումներ ունենք, բայց անձամբ ես շատ ավելի մտահոգ եմ այն խնդիրներով, որոնք կարող էինք չունենալ, բայց ունենք: Ինչ ձեռք է բերվել՝ բնական է: Խնդիրներ կան, որ բոլոր անկախ երկրներն ունենում են, լուծում և առաջ են անցնում: Որքանո՞վ ենք մեզ ընձեռված հնարավորությունները մեր երկրի անկախությունը և պետականությունն ավելի հզորացնելու, ավելի զարգացնելու իմաստով օգտագործել: Այստեղ է, որ մտահոգություններս շատ- շատ են:

Քառորդ դար անցավ, բայց մեծ հաշվով մենք դեռ չունենք հայրենի պետականությամբ հպարտացող, հայրենի պետականության նվիրումով ապրող հասարակություն: Տարբեր հարցումներ վկայում են, որ բնակչության 40 տոկոսը ցանկություն ունի լքելու երկիրը, սա սոսկալի տոկոս է: Այս արտագաղթը ցույց է տալիս, որ ճիշտ է, մենք անկախ երկիր ենք, բայց կարծես անկախության հարկը չգիտակցեցինք առ այսօր:

Ներկայում տարբեր բնագավառներում բյուջեներն են կրճատվում: Այս ամենը ապացույցն է նրա, որ երկիրը, ըստ էության, բարձրաձայնենք, թե ոչ, քայքայման գործընթացի մեջ է: Մինչդեռ անցած քառորդ դարի յուրաքանչյուր տարում մեր երկիրը պետք է ցույց տար, թե նախորդ տարվանից որքան առաջ է անցել:

Խնդիրն այն է, որ պետականամետ որակներ չունի մեր հասարակությունը։ Հայ մարդը չի ապրում իր հայրենիքն ավելի հզոր տեսնելու երազանքով և նվիրումով: Պատրաստ է օգտվել օտար ազգերի ստեղծած ազատություններից և ուղղակի լքում է իր երկիրը՝ օգտվելու համար ուրիշի ստեղծած բարիքներից և ազատություններից, փոխանակ ջանք դնի և իրենը ոտքի կանգնեցի: Սրանք ինձ համար շատ մտահոգիչ են:

Իսկ ռուսերենի դասավանդման հայեցակարգն այն 40 տոկոսի մտայնության մեջ է տեղավորվում։ Այն մարդիկ, որոնք մտածում են, որ չպիտի ապրեն Հայաստանում, անշուշտ կարծում են, որ ավելի լավ է տիրապետեն այն լեզվին, որ երկրում որ պետք է ապրեն: Այսինքն՝ հայրենիքը լքողների, արտագաղթող հասարակության մուրազն է, որ փորձում են իշխանություններն իրականացնել:

Ապագայի անելիքների վերաբերյալ. չգիտեմ, թե ինչ կերպ է հնարավոր հասարակության ազգային որակները շտկել: Կրթության և գիտության նախարարությունը վիթխարի անելիք ունի այս առումով։ Ցավալին այն է, որ նախարարությունն ինքը չի նախաձեռնում, վերևից էլ նման հանձնարարական չի ստանում։ Հետևանքն այն է, որ չունենք ազգային արժեքները գիտակցող, արժևորող, դրանցով և դրանց համար ապրող, դրանցով հպարտացող հասարակություն:

Առաջնահերթ է ազգային հպարտության սերմերով ճիշտ քաղաքացի դաստիարակելը: Այդ սերմերը չեն ցանվում: Մեր հանրակրթական դպրոցներն ուղղակի անկախ պետականությանը չսազող հաստատություններ են: Այս տեսակ դպրոցներ կարող էինք ունենալ և ունեցել ենք ցանկացած օտար տիրապետության օրոք:

Հուշարձանների օրինակով նայենք, թե ինչ անմխիթար վիճակ է: Հնարավոր չէ ամեն հուշարձանի կողքին 24 ժամ հսկողություն սահմանել: Աջուձախ անփութություն, անհոգություն է: Սա ցույց է տալիս, որ ողջ հասարակության մեջ անտարբերություն կա առ նախնյաց հիշատակը: Մեկը, որ չի պահպանում, որովհետև չի արժևորում ու չի հարգում նախնյաց հիշատակը, չի կարող ապագա ունենալ: Իրար հետ կապված են: Այն մարդիկ, որոնք այսօր իրենց ծնողի գերեզմանին ապարանք են կառուցում ու դրա համար բուլդոզերով մի կողմ են հրում ավելի հին տապանաքարերը, իրենք էլ արժանանալու են նույն վերաբերմունքին: Եթե դու չես հարգում քո նախնիներին՝ քո ստեղծածն էլ քո ժառանգները չեն հարգի:

Այս բացթողումները, որոնք անկախ պետականությանը չսազական երևույթներ են, կրթության դաշտին են վերաբերում:

Անկախ պետականության համար անկախության բոլոր ատրիբուտներն անհրաժեշտ են

Ազգային միացյալ կուսակցության անդամ, սովետական քաղբանտարկյալ Ռազմիկ Մարկոսյան.

Ռազմիկ Մարկոսյան

- Անկախության հռչակումից 26 տարի հետո, փաստորեն, անկախության համար կոմունիստական ճամբարներով անցածները պիտի խոսեն։ Մինչդեռ երիտասարդությունն այսօր մեզ՝ որպես վաղուց ամեն ինչն ասած սերնդի պիտի հետ մղեր:

Ես ամաչում եմ, իրոք ամաչում եմ մի շարք բաների համար։ Օրինակ՝ այսօր ունենք լեզվական խնդիրներ, բոլշևիկյան ամոթալի արժեքների համար մեզ վրա մատ են թափ տալիս, 26 տարի անց, կոմունիզմի մահվան վկայականը ձեռքներիս, բոլշևիկյան տարրերի հերոսացման ականատեսը պիտի լինենք։ Բայց կյանքը հետընթաց չի կատարում, և անհնար է, որ պատմության ճանապարհին մեկ անգամ էլ տեսնենք կոմունիզմի ուրվականը։

Իսկ ի՞նչ պիտի անենք։ Մի շարք ամենաաննշան քայլերից մինչև խոշոր քայլեր։ Շղթայական են դրանք։ Անգամ առաջին հայացքից անհեթեթ թվացող հարցերը։ Այսօր լեզվական հարցը ամենից կարևոր տարբերակիչն է ցանկացած ազգի համար, նրա ինքնության պահպանման գրավականն է։ Ո՞նց կարող են մեզ պարտադրել երկրորդ լեզու։

Անկախ պետականության համար անկախության բոլոր ատրիբուտներն անհրաժեշտ են։ Չի կարելի մեկին կամ մյուսին նախապատվություն տալ, դրանք օրգանական կապի մեջ են։

Մեր հասարակությունը, նոր սերունդը դա պետք է զգան։ Նորից եմ կրկնում՝ երիտասարդությունը մեզ պետք է ասեր՝ մի կողմ կանգնեք, ձեր սերունդն արդեն ամեն ինչ ասել է, և ինքը լիներ շարունակողը։ Բայց դա չեղավ, ցավոք սրտի։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: