Հայերեն   English   Русский  

​Անկա՞խ, թե՞ ինքնավար Քրդստան. հանրաքվե, որին դեմ են աշխարհի ու տարածաշրջանի խոշորագույն խաղացողները


  
դիտումներ: 4400

Կկայանա՞, թե ոչ սեպտեմբերի 25-ին նախատեսված անկախության հանրաքվեն Իրաքյան Քրդստանում։ Սա հարց է, որ թերևս մինչև հանրաքվեի օրը հստակ պատասխան չի ունենա։

Հանրաքվեի անցկացմանը դեմ են արտահայտվել ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Իրանը, Թուրքիան, Իրաքի իշխանությունները։ Իրաքի գերագույն դատարանն անգամ կասեցրել է հանրաքվեի անցկացումը, մինչև կքննարկվի հարցի սահմանադրականությունը։ Իրաքի իշխանությունները նաև հայտարարել են, որ հանրաքվեի անցկացման պարագայում չեն ճանաչելու դրա արդյունքները։

Չնայած այս իրավիճակին՝ մասնագետների կարծիքով քրդերի համար անկախ պետություն հռչակելու համար բացառիկ նպաստավոր պայմաններ են ստեղծված։

Մասուդ Բարզանի

Եվ հակառակ անմիջական հարևանների ու գերտերությունների բացասական դիրքորոշմանը, չի բացառվում, որ հանրաքվեն տեղի ունենա։ Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին հայտարարել է, որ հանրաքվեի հետաձգման համար միջազգային հանրության կողմից երաշխիքներով ամրագրված այլընտրանք է հարկավոր։

Նա նշել է, որ հանրաքվեի հետաձգումը հնարավոր կլինի միայն Բաղդադի և Էրբիլի փոխադարձ համաձայնության հասնելու դեպքում, և եթե միջազգային հանրությունը երաշխավորի ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը։ «Սակայն, անկեղծ լինենք, Բաղդադը դեռևս այդ մակարդակին չի հասել»,- հայտարարել է Բարզանին։

Նա նշել է, որ հանրաքվեի նպատակն է աշխարհին իրազեկել, որ իրենք անկախություն են ուզում։ Հետևաբար հարնաքվեի փոխարեն առաջարկված ցանկացած այլընտրանք պետք է այդ արդյունքն ապահովի։

Բարզանին ընդգծել է, որ Բաղդադի և Էրբիլի միջև հակասությունը պետք է լուծել երկխոսությամբ ու բանակցություններով։ «Մենք դեմ ենք կողմերից ցանկացածի նկատմամբ ուժի կիրառմանը։ Միևնույն ժամանակ մենք մեր իրավունքն ենք իրացնում։ Եթե մեր դեմ ուղղված հարձակում լինի, մենք կպաշտպանվենք»,- ասել է նա։

Վերլուծաբանների կարծիքով՝ հանրաքվեն այնուամենայնիվ տեղի կունենա. այն չեղարկելու համար արդեն ուշ է։ Սակայն դրական ելքով հանրաքվեն դեռ չի նշանակի անկախ պետության հռչակում։ Դրան կհաջորդեն դժվարին ու երկար, տարիներ ձգվող բանակցությունները Թուրքիայի, Իրանի և այլ խաղացողների հետ։

Հանրաքվեի պատճառները

Սադամ Հուսեյնի տապալումից հետո Իրաքյան Քրդստանը լայն ինքնավարություն ստացավ։ Քրդերն ունեցան իրենց ինքնուրույն զինված ուժերը (փեշմարգան, որը չի ենթարկվում կենտրոնական իշխանություններին) և տնտեսական հնարավորություններ (Էրբիլը, Բաղդադից անկախ, նավթ է վաճառում Թուրքիային), ինչպես նաև մասնակցություն ունեցան Իրաքի քաղաքական և տնտեսական կյանքում։ Ինչպես նշում են բազմաթիվ մասնագետներ, քրդերը դե ֆակտո արդեն անկախ երկիր կառուցել են, մնացել է այն դե յուրե ամրագրելը, ինչը լի է հետևանքներով ողջ տարածաշրջանի համար։ Իսկ անկախություն հռչակել քրդերը չէին շտապում, քանի որ նավթային պաշարներով հարուստ Քիրքուկը, որը նրանք անկախ Քրդստանի սիրտն են համարում, այն ժամանակ գտնվում էր իրաքյան ուժերի հսկողության ներքո։ Իսլամական պետության ներխուժումից ու նրա դեմ պայքարից հետո, սակայն, այժմ Քիրքուկը գտնվում է քրդական ուժերի հսկողության տակ, հետևաբար նրանք արդեն կարող են քայլեր ձեռնարկել Քրդստանի անկախության հռչակման ուղղությամբ։

Նշենք, որ անկախության հանրաքվե նախատեսվում էր անցկացնել դեռ 2014-ին։ Սակայն Քրդստանի և Իրաքի կառավարությունների միջև տարաձայնության պատճառով այն հետաձգվեց: Այն ժամանակ պարզապես հարցում-հանրաքվե անցկացվեց։

Չնայած ներկայում Իրաքի իշխանությունները քրդերի նախաձեռնությունը հակասահմանադրական են համարում, առաջինը հենց իրենք են խախտել երկրի սահմանադրությունը, որն ամրագրում է, որ Իրաքի իշխանությունները նավթի վաճառքից ստացած եկամտի 17 տոկոսը պետք է հատկացնեն Քրդստանին։ 2014-ից ի վեր այդ ֆինանսավորումը դադարեցվել է։

Միջազգային ենթատեքստը

Աշխարհաքաղաքականության ազդեցիկ խաղացողներից Իսրայելն է, որ ողջունել է հանրաքվեի անցկացումը Իրաքյան Քրդստանում։ «Իսրայելը սատարում է քուրդ ժողովրդի օրինական ջանքերը սեփական պետություն հռչակելու ուղղությամբ»,- օրերս հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Իսկ Իսրայելի պաշտպանության բանակի գեներալ-մայոր Յաիր Գոլանը հայտարարել է, որ Մեծ Քրդստանի հռչակումը (որն իր մեջ կներառի տարածքներ ներկայիս Սիրիայից, Իրաքից, Իրանից և Թուրքիայից) համարում է կայունացնող դրական գործոն Մերձավոր Արևելքի համար։ Իսրայելի այս հայտարարությունները, սակայն, ավելի են սրում լարվածությունը Իրաքյան Քրդստանի և Իրանի միջև։

Պատահական չէ, որ Էրբիլի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ Իսրայելից ակնկալում էին լուռ դիվանագիտական աշխատանք, ոչ թե ուղիղ քաղաքական հայտարարություններ, որոնք կարող են խաթարել առանց այն էլ փխրուն հարաբերությունները հարևանների հետ։ «Եթե Իսրայելն իսկապես ուզենար մեզ օգնել, նա հարցն առաջ կտաներ Սպիտակ տանը՝ հասնելով նրան, որ ԱՄՆ վարչակազմը հայտարարեր անկախ Քրդստանին սատարելու մասին»,- ասել է պաշտոնյան։ Իսրայելին, սակայն, ձեռնտու է Մերձավոր Արևելքում նոր աշխարհիկ պետության հռչակումը, որը կունենա արևմտյան կողմնորոշում և կդառնա գլխացավանք իր գլխավոր հակառակորդի՝ Իրանի համար։

Տրամաբական է, որ հանրաքվեին դեմ են Իրանը, Իրաքը, Սիրիան, որոնք ևս ունեն քուրդ բնակչություն։

Մասնագետների կարծիքով՝ Թուրքիան հանրաքվեին հակադարձելու համար իր բոլոր հնարավորությունները չէ, որ օգտագործում է։ Պատճառները բազմաշերտ են։ Նախ` Մասուդ Բարզանիի և Էրդողանի միջև ջերմ հարաբերություններ են հաստատվել։ Բացի այդ, մի քանի տարի է` Էրբիլը Թուրքիային նավթ է վաճառում, ինչի շնորհիվ նաև տնտեսական շահ է ձևավորվել: Քրդստանի և Թուրքիայի միջև տարեկան ապրանքաշրջանառությունը, պաշտոնական տվյալներով, կազմում է 12 մլրդ դոլար։ Մեղմացնող հանգամանքներից է նաև այն, որ Իրաքյան Քրդստանը հրաժարվել է Քրդական բանվորական կուսակցության աջակցությունից, որը Թուրքիան ահաբեկչական կառույց է համարում և նրա դեմ պայքար է մղում արդեն տասնամյակներ շարունակ։

Հետևաբար Թուրքիայի հետ հարաբերությունների առումով բացառիկ բարենպաստ վիճակ է ստեղծվել Իրաքյան Քրդստանի անկախությունը հռչակելու համար։

Իրանը ևս կտրականապես դեմ է Քրդստանի անկախության հռչակմանը։ Սակայն ստեղծված իրավիճակն այնպիսին է, որ Էրբիլն այստեղ էլ դիվանագիտական ու հատկապես տնտեսական մանևրների հնարավորություն կարող է գտնել։ Մասնավորապես Իրանը նախատեսում է երկաթուղի կառուցել դեպի սիրիական Լաթաքիա, որը պետք է անցնի Իրաքյան Քրդստանով։ Սա բանակցությունների որոշակի հնարավորություն է ստեղծում։

Իրանագետ Վարդան Ոսկանյանը, սակայն, կարծում է, որ այս պարագայում Իրանի համար այլընտրանք կարող է դառնալ հայկական ուղղությունը։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, չնայած պաշտոնական Վաշինգտոնը դեմ է արտահայտվել հանրաքվեին, սակայն պաշտոնյաների մակարդակով նաև հայտարարել է, որ հարկավոր է սպասել հանրաքվեի արդյունքներին և նոր միայն որոշել հետագա անելիքները։ Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ն և քրդերը հաջողությամբ համագործակցում են, հատկապես ԻՊ-ի դեմ պայքարում, հետևաբար հավանական է, որ անկախության հարցում էլ ի վերջո կկարողանան որոշակի համաձայնության գալ:

Քրդստանի հանրաքվեն ու Հայաստանի շահերը

Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի կարծիքով՝ Հայաստանի անվտանգության շահերից դիտարկելու առումով Իրաքի Քրդստանի տարածաշրջանի անկախության հետ կապված ամենամեծ ռիսկը քրդական գործոնի հնարավոր ակտիվացումն է Իրանում, որը «դոմինոյի էֆեկտով» կարող է հասնել այդ երկրի քրդաբնակ շրջաններին սահմանակից Ատրպատական և խթանել այստեղի առայժմ լուսանցքային բնույթ կրող, սակայն գոյություն ունեցող անջատողական տրամադրությունները:

«Զուգահեռ բազմաթիվ այլ սպառնալիքներից բացի, նման հնարավոր զարգացումը ենթադրում է Հայաստանի աշխարհաքաղաքական շահերի ուղղակի վտանգում մեզ համար կենսական նշանակություն ունեցող հարավային ուղու անվտանգության տեսանկյունից: Ակնհայտ է, որ Թել Ավիվի անթաքույց աջակցությունն Իրաքի տարածքում քրդական անկախությանը նպատակ է հետապնդում ոչ միայն սահմանափակել իրանական հզոր ազդեցությունն իրաքյան թատերաբեմում, Իրանի սահմանների երկայնքում նպաստել Ադրբեջանից հետո երկրորդ իսրայելամետ կամ Իսրայելի հետ դաշնակցային հարաբերություններ պահպանող պետական կազմավորման ստեղծմանը, այլև այս միջոցով հենց Իրանի ներսում խթանել նաև անջատողական շարժումները, ինչը բնականաբար չի բխում նաև Հայաստանի շահերից, քանի որ ուղղակիորեն վտանգում է մեր ապահով կապը Իրանի և Պարսից ծոցի ողջ տարածաշրջանի հետ: Քրդական հիմնախնդիրը բազմաշերտ է և բազմակողմ. մեր շահերի տեսանկունից այն բացում է թե՛ նոր հնարավորություններ և թե՛ ի հայտ բերում նոր սպառնալիքներ»,- ասում է Ոսկանյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: