Հայերեն   English   Русский  

​Պետական հանցագործութունները


  
դիտումներ: 12138

Սեպտեմբերի 21-ին Հայաստանում նշվում է անկախության հռչակման օրը: Անկախության հռչակագրի 2-րդ կետի համաձայն` «Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները»:

Հայաստանը, ինչպես յուրաքանչյուր անկախ, ինքնիշխան պետություն, օժտված է իր ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության պահպանման և պաշտպանության մեխանիզմներով` հարկադրանքի մեխանիզմներով: Այդ մեխանիզմների մեջ իր տեղն ունի քրեական օրենսգիրքը, որը սահմանում է պետական հանցագործությունները և նախատեսում դրանց համար պատիժներ:

Պետական հանցագործություններ (crimes contre l՚Etat) եզրույթը նշանակում է այն հանցավոր արարքների ամբողջությունը, որոնք ուղղված են պետության՝ որպես քաղաքական ամբողջության, դեմ:

ՀՀ քրեական օրենսգիրքն առանձին գլխով նախատեսում է սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները: Դրանք են` 1) պետական դավաճանությունը, 2) իշխանություն յուրացնելը, 3) սահմանադրական կարգը տապալելը, 4) տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունները, 5) իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը, 6) հանրապետության նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, սահմանադրական դատարանին պարտադրելը, 7) լրտեսությունը, 8) դիվերսիան, 9) վնասարարությունը, 10) պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանությունը, 11) պետական գաղտնիք հրապարակելը, 12) պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերի կամ համակարգչային տեղեկատվության հետ վարվելու կանոնները խախտելը:

Ներկայացնենք սրանցից մի քանիսը:

Ի՞նչ է պետական դավաճանությունը: Պետական դավաճանությունը թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալն է, որը կատարել է ՀՀ քաղաքացին՝ ի վնաս ՀՀ ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության:

Ի՞նչ է լրտեսությունը. օտարերկրյա պետությանը, օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հանձնելը կամ հանձնելու նպատակով դրանք հավաքելը, հափշտակելը կամ պահելը, ինչպես նաև օտարերկրյա հետախուզության առաջադրանքով այլ տեղեկություններ հանձնելը կամ դրանք հավաքելը ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը կամ արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար, եթե այդ գործողությունները կատարվել են օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կողմից:

Ի՞նչ է վնասարարությունը. այն գործողությունը կամ անգործությունը, որը պետությունը թուլացնելու նպատակով ուղղված է արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության, դրամական համակարգի, առևտրի կամ տնտեսության այլ ճյուղերի, ինչպես նաև կազմակերպությունների կամ պետական մարմինների գործունեության քայքայմանը, եթե այդ արարքը կատարվել է կազմակերպություններն օգտագործելու կամ դրանց բնականոն աշխատանքը խոչընդոտելու միջոցով:

Վերոնշյալ բոլոր արարքներն ունեն մեկ գլխավոր ընդհանրություն` դրանք ուղղված են պետության դեմ և նպատակ ունեն թուլացնել պետությունը, վնասել ինքնիշխանությունը, տարածքային անձեռնմխելիությունը կամ արտաքին անվտանգությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: