Հայերեն   English   Русский  

​«Ֆեդերացիայի կատարած աշխատանքը տեսանելի է». Կարեն Ասմարյան


  
դիտումներ: 4297

Սեպտեմբերի 8-10-ը Երևանում կայացավ լողափնյա վոլեյբոլի Արևելյան Եվրոպայի երկրների տղամարդկանց առաջնությունը, որին մասնակցեց 15 թիմ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Վրաստանից, Լիտվայից, Լեհաստանից և Իսրայելից: Մրցաշարի հաղթող ճանաչվեց Ռուսաստանը ներկայացնող Մաքսիմ Սիվոլով-Իգոր Վելիչկո զույգը: Նրանք եզրափակչում առավելության հասան իրենց համերկրացիների՝ Ռուսլան Դայանով-Յուրի Բոգատով զույգի նկատմամբ:

«Անկախի» հետ զրույցում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանն ամփոփում է առաջնության արդյունքները, խոսում մեր մարզիկների ելույթների և Հայաստանում վոլեյբոլի զարգացման ուղիների մասին:

- Պարոն Ասմարյան, առաջին անգամ Երևանում անցկացվեց Արևելյան Եվրոպայի երկրների տղամարդկանց առաջնություն: Մրցաշարն ինչպե՞ս անցավ:

- Դեռևս մեկ տարի առաջ էինք հայտ ներկայացրել առաջնությունը Հայաստանում անցկացնելու համար: Ընդամենը մեկ լողափնյա վոլեյբոլի դաշտ ունենք, և անհնար էր պատկերացնել, որ թույլ կտան մեզ մոտ նման մրցաշար անցկացնել: Մենք համառ գտնվեցինք և կարողացանք համոզել: Եղան դժվարություններ, բայց, հուրախություն մեզ, ամեն ինչ հաղթահարեցինք: Հույս ունենք, որ հաջորդ տարի կորտերի քանակը կավելանա:

Առաջնությունն անցավ հետաքրքիր և դիտարժան պայքարում: Թիմերն էլ ունեին բարձր խաղամակարդակ:

Մենք կարողացանք պատշաճ առաջնություն կազմակերպել: Այդ մասին վկայում են օտարերկրացի մեր գործընկերներն ու անձամբ մարզիկները: Նրանց համար հետաքրքիր էր խաղալ Հայաստանում: Արձագանքները դրական էին: Մրցաշարի հաղթող զույգը հարցազրույցներում նշեց, որ շատ տպավորված է:

Նշեմ նաև, որ մասնակցության հայտ էին ուղարկել նաև Գերմանիան ու Շվեյցարիան, սակայն, ըստ կանոնակարգի, սպիտակ քարտով մեկ թիմ միայն կարող էր մասնակցել, և հնարավորությունը տրվեց Իսրայելի զույգին:

Ուրախալի է, որ առաջնությունը ոգևորություն էր առաջացրել նաև երկրպագուների շրջանում: Հատկապես եզրափակիչ հանդիպումներն անցան երկրպագուների աջակցությամբ: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ վոլեյբոլի ֆեդերացիան պայմանավորվածություն է ձեռք բերել, և մյուս տարի մի քանի դաշտ կունենանք՝ հանդիսատեսի համար ավելի հարմար նստատեղերով:

- Առաջնությունը վարկանիշային էր օլիմպիական խաղերի համար:

- Ուրախ եմ, որ մեզ նմանատիպ ստուգատես անցկացնելու հնարավորություն ընձեռվեց: Սևանում 18 տարեկանների Արևելյան Եվրոպայի երկրների առաջնություն անցկացրել էինք, որը, սակայն, վարկանիշային չէր:

Այսօր աշխարհի մասշտաբով բոլոր թիմերն են ցանկանում վարկանիշային մրցաշարերի մասնակցել, քանի որ առանց վարկանիշի հնարավոր չէ մասնակցել Եվրոպայի, աշխարհի առաջնություններին, օլիմպիական խաղերին: Այդ է պատճառը, որ բոլոր թիմերին էլ միավորներ են հարկավոր:

Ուրախալի է, որ բարձրակարգ թիմեր էին մասնակցում ստուգատեսին, Եվրոպայի, աշխարհի առաջնությունների մրցանակակիրներ, որոնք դասակարգման աղյուսակում բարձր ռեյտինգ ունեն:

Երևան էին ժամանել 1500-1600 միավոր ունեցող թիմեր: Հաղթանակը Երևանում տալիս էր 120 միավոր:

Թիմերը պետք է մասնակցեն մրցաշարերի, որպեսզի տարվա կտրվածքով մոտավորապես 600-700 միավոր հավաքեն: Այդ էր պատճառը նաև, որ Ռուսաստանից, օրինակ, 6 թիմ էր ժամանել:

- Մեր մարզիկները մրցեցին բավական ուժեղ զույգերի հետ: Նրանց ելույթներն ինչպե՞ս կգնահատեք:

- Աշոտ Բալաբեկյան-Անդրե Սիմոնի զույգը զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը: Մեր սպասելիքներն ավելին էին նրանցից: Նրանք խաղում էին առաջին համարով, և վիճակահանությամբ այնպես ստացվեց, որ ուժեղ թիմերի հետ մրցեցին: Ցանկալի կլիներ, որ մեր զույգն առաջին համարով չխաղար: Այդ դեպքում նրանք սկզբնական փուլում շատ ուժեղ մրցակիցների հետ չէին խաղա և հաղթելու հնարավորություն կունենային: Ցանկալի կլիներ, որ հանդիսատեսը մեր տղաների հաղթանակին ականատես լիներ: Բայց և այնպես նրանք կարողացան վարկանիշային միավորներ ձեռք բերել:

Մեզ մոտ կայացած առաջնությունից անմիջապես հետո Աշոտ Բալաբեկյան-Անդրե Սիմոնի զույգը միջազգային մրցաշարի մասնակցեց Վրաստանում և բավական հաջող հանդես եկավ՝ տոնելով մի քանի հաղթանակ: Տղաներն ավելի լավ խաղալու բոլոր հնարավորություններն ունեն, արդեն մոտավորապես 200 միավոր են հավաքել: Նրանք բարձրակարգ մարզիկներ են: Պարզապես պրոֆեսիոնալ մարզիկի համար անհամատեղելի են սպորտը և սպորտից դուրս աշխատանքը: Նրանք ստիպված են համատեղել:

Հայաստանը ներկայացնող մյուս՝ Ռազմիկ Հակոբյան-Արման Միսկարյան զույգը պատանեկան հավաքականից էր: Նրանց մասնակցությունն ավելի շատ փորձնական էր, չնայած սպասելիքներ ունեինք: Մրցումային առաջին օրը զույգը երկու պարտություն կրեց Ռուսաստանի թիմերից և դուրս մնաց պայքարից:

Թիմերը կարգով շատ բարձր էին, նրանց հաղթելու հնարավորություն գրեթե չկար:

- Գիտենք, որ վոլեյբոլը տարածելու ուղղությամբ ֆեդերացիան տարբեր աշխատանքներ է իրականացնում: Հետաքրքրվածությունն ավելացե՞լ է մարզաձևի նկատմամբ:

Կարեն Ասմարյան

- Պատանեկան վոլեյբոլի զարգացման և սիրողական վոլեյբոլը տարածելու համար տարվա կտրվածքով բազմաթիվ միջոցառումներ ենք կազմակերպում: Շուտով կսկսի գործել ARMVolley վոլեյբոլի ակումբը: Հետաքրքրվողները շատ են: Սա փորձարարական ակումբ է մարզաձևը սիրողներին համախմբելու համար: Մարդիկ ավելի շատ են սկսել հետաքրքրվել խաղային մարզաձևերով: Ծնողները գիտակցում են, որ երեխաները պետք է թիմային մարզաձևերով զբաղվեն: Հասարակությունը նախապատվությունն ավելի շատ տալիս էր մենամարտային ձևերին:

Նշեմ, որ ամռանը վոլեյբոլի ֆեդերացիան հաշվետվություն ներկայացրեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը: Ֆեդերացիայի բյուջեն 3 միլիոն դրամով ավելացել է՝ դառնալով 11 միլիոն: Իհարկե, այնքան էլ շատ չէ, բայց առաջընթաց կա: Տեսանելի է մեր կատարած աշխատանքը: Վերադաս մարմիները փորձում են ինչ-որ կերպ խրախուսել: Սա մեզ համար շարժառիթ է:

Բացի 20 տարեկաններից, բոլոր տարիքային խմբերում մեր հավաքականներն ունեն միավորներ, ինչը թույլ է տալիս պայքարը սկսել 32 զույգերի հետ: Որակավորման փուլն անցել ենք և շեմը հաղթահարել: Վիլնյուսում կայացած 18 տարեկանների Եվրոպայի առաջնությունում մեր զույգն առաջին անգամ պաշտոնական խաղերում 2 հաղթանակ է տոնել: Մեզ մնում է դիրքերը պահել և հաջողությունը զարգացնել:

- Աշնան ամիսները մշտապես հագեցած են լինում մրցաշարերով: Առաջիկայում ի՞նչ միջոցառումներ են սպասվում:

- Հոկտեմբերի 6-ին Բաթումում կկայանա Արևելյան Եվրոպայի երկրների տղամարդկանց առաջնությունը, որին կմասնակցի Աշոտ Բալաբեկյան-Անդրե Սիմոնի զույգը: Այնուհետև կվերսկսվեն տղամարդկանց և կանանց բարձրագույն խմբի խաղերը, կանցկացնենք պատանեկան առաջնությունը, Պերճ Խաչատրյանի անվան հուշամրցաշարը, Հայաստանի գավաթի խաղարկությունը: Մինչև տարվա վերջ պարբերաբար մրցումներ են լինելու:

Նշեմ, որ հոկտեմբերի 17-ին Հայաստան է ժամանելու Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը: Իր նախաձեռնությամբ է գալիս: Կլինեն հանդիպումներ վերադաս մարմինների, ոլորտի պատասխանատուների հետ: Մարզաձևը զարգացնելու և մասսայականացնելու ուղղությամբ նոր ծրագրեր կառաջարկվեն: Սա մեծ իրադարձություն է: 25 տարվա ընթացքում նման մակարդակի անձ մեզ մոտ չի հյուրընկալվել: Սա առաջընթաց քայլ է մեզ համար: Կարելի է ասել՝ սայլը տեղից շարժվել է և քայլ առ քայլ առաջ է գնում:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: