Հայերեն   English   Русский  

​ՈՒՂԵԳՐՈՒԹՅՈՒՆ. ԼՈՌՎԱ ԲԵՐԴԵՐԸ


  
դիտումներ: 7691

2017 թվականի աշնան մի արևոտ օր «Տիր-Ար» զբոսավարների դասընթացների սաների հետ արշավ ձեռնարկեցինք դեպի հյուսիս՝ Լոռվա բերդերը:2017 թվականի աշնան մի արևոտ օր «Տիր-Ար» զբոսավարների դասընթացների սաների հետ արշավ ձեռնարկեցինք դեպի հյուսիս՝ Լոռվա բերդերը:

Լոռի ասելով չպետք է հասկանալ ներկայիս Լոռու մարզը: Խոսքը բնապատմական Լոռու մասին է կամ Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորության, որի մեջ ընդգրկված էին Շիրակից մինչև Քուռ գետն ընկած տարածքները, Հյուսիսային Արցախը, ներկայիս Թիֆլիսը, Կախեթը, Վրաստանի հարավը:

Հայոց պատմիչները հավաստում են, որ Լոռվա թագավորության զորեղ գահակալը՝ Դավիթ Ա Անհողին արքան, որ նաև ամենաերկար գահակալած հայ թագակիրն է՝ (990-1048), իր կառավարման տարիներին քսանից ավելի բերդ է կառուցել:

Մեր երթուղում ընդգրկել էինք երեք ամրոց՝ Ղալինջաքարը, Լոռվա Կայանը, Զառնիէր անձավային ամրոցը: Նրանցից ո՞ր մեկի կառուցման պատիվն է պատկանում Լոռվա զորեղ գահակալին:

Առավոտ կանուխ շարժվեցինք Երևանից: Սևանի մայրուղով մտանք Տավուշի մարզ: Ապա Դիլիջան-Իջևան-Նոյեմբերյան անչափ գեղեցիկ ճանապարհահատվածը հաղթահարեցինք շուրջ մեկուկես ժամում: Չէ, երկու ժամում: Չէինք կարող կանգ չառնել ու չհիանալ Ջողասի ջրամբարի կապույտով:

Ջողասի ջրամբարի առավելագույն խորությունը 60 մետր է, ջրատարողությունը՝ 45 մլն խմ։ Ջրամբարից ջուրը համանուն ջրհան կայանով ժամանակին մղվում էր Նոյեմբերյանի ու Իջևանի մայր ջրանցքներ։ Ջրամբարը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանագծին, ուստի այժմ չի շահագործվում, նրա ջրերը հոսում են դեպի Քուռ գետը:

Անցանք Ոսկեպարի լեռնաշղթան, հասանք նախկին ադրբեջանական Ասկիպար գյուղի ավերակներին: 1989 թվականից այս գյուղի ադրբեջանցիները փակել էին անչափ կարևոր այս ավտոճանապարհն ու ավարառությամբ էին զբաղվում: ՀԱԲ կազմակերպության զինված ջոկատները գիշերային անակնկալ հարձակմամբ ազատագրեցին գյուղը:

Անցանք Նոյեմբերյանը. այս քաղաքն իր կոլորիտով, ներդաշնակ աշխուժությամբ ավելի շատ մեծ գյուղի է նմանվում: Ժամանակը չէ՞, արդյոք, անվանափոխել Նոյեմբերյանը:

Հաջորդը պատմական Կողբ գյուղն է, որ միջնադարում համանուն գավառի կենտրոնն է եղել: Հիմա մեծ ու շեն գյուղ է: Կողբը, ինչպես նաև հաջորդ գյուղը՝ Բերդավանը, ուժեղ դպրոց ունեն: Այս գյուղերը, սակայն, միմյանց հետ մրցակցում են ոչ միայն ուսման ասպարեզում: Կողբեցիներն ու բերդավանցիները սիրում են միմյանց մասին անեկդոտներ, զվարճալի մանրապատումներ հորինել:

Շուտով Կողբ գյուղում Թումո կենտրոն կբացվի:

Հասանք Բերդավան: Ճանապարհին կանգ առանք խանութի մոտ, ձմերուկ գնեցինք, տեղացիներից հարցրեցինք միջնադարյան ամրոցի տեղը:

- Գեղամեջը տիս գնալ, ստիան որ ասեմ՝ գտնիլ չես. գնացեք, մարդ կըլնի՝ հարցրեք,-բարեհամբույր ճանապարհեցին մեզ:

Գյուղամիջում տարեց մարդ էր քայլում: Կանգնեցրինք մեքենան, չիջնելով ձայնեցի.

- Հորեղբա՛յր, ամրոցի տեղը ցույց կտա՞ս:

Զարմացած հարցրեց.

- Այտա՛, որդիա՞նցի եք:

- Երևանից ենք, հորեղբա՛յր:

- Վա՜յ, բա խի՞ չէիր վախտին ձեն հանում, գալուց առաջ զանգում, թադարիք տեսնեինք, սեղան-բան գցեինք:

Հպարտ էի լոռեցու պարզությամբ ու հյուրընկալությամբ, ընկերներս Հայաստանի տարբեր վայրերից էին, հիմնականում՝ Երևանից, նրանց համար անակնկալ էր նման մոտեցումը: Ժպտացի.

- Բիձա՛, ցույց կտա՞ս տեղը:

- Հա՛, ոնց չէ, այ բալա, հլա սպասիր:

Տեղավորվեց կողքիս ու վարորդին մատնացույց արեց ուղին՝ դե՛սը քշիր:

Ֆրունզիկ Նավասարդյանը 70-ին մոտ մարդ է, Արցախյան ազատամարտի մասնակից: Հպարտությամբ էր պատմում. գերի է բռնել, մեր գերյալների հետ փոխանակել:

Զավակները գյուղից հեռացել են, թոռները Երևանում են, սովորում են, այստեղ ապրում է, իր իսկ բնորոշմամբ, աշխարհի ամենասիրուն կնոջ՝ Համեստի հետ. հող են մշակում:

Հասանք հնավայր: Հեռվում երևաց բերդը: Վեհ տեսք ունի:

Մինչև ամրոցը՝ հին գյուղատեղին է: Կիսավեր բազիլիկ եկեղեցի կար: Դատելով ոճից՝ վաղ միջնադարյան կառույց է, որ հետագայում վերանորոգվել է ապաշնորհ կերպով: Նրա շուրջը միջնադարյան գերեզմանատունն է՝ կիսավեր ու ամբողջական խաչքարերով: Տխուր միջավայր էր: Փորձեցի մտովի տեղափոխվել դարերի խորքը, երբ այստեղ կյանք կար, աշխուժություն կար:

Իսկ Ղալինջաքար ամրոցը վեհ է իսկապես: Սա միջնաբերդն է՝ մի կողմից երկար պարսպաշարով, մյուս կողմից՝ բրգավոր բարձր պարիսպներով: Հյուսիսային կողմում բացված է գետնուղին, որ հավանաբար կողքի ձորակն է տանում, որ այս համատարած դեղինի մեջ կանաչ գույն ունի. գետակ է հոսում:

Ղալինջաքար ամրոցը կառուցել է Դավիթ Անհողին արքան: Մատենագրության մեջ հիշատակվում է 1123 թ. իրադարձությունների հետ կապված, երբ վրաց Դավիթ Դ Շինարար արքան, ի թիվս այլոց, Ղալինջաքարն էլ ազատում է սելջուկներից:

Վերադարձանք գյուղամեջ, փորձեցինք հրաժեշտ տալ Ֆրունզիկին:

- Վա՜յ, ի՞նչ ես ասում, դու ուզում ես ինձ խայտառակ անես էս գեղամիջո՞ւմը: Ո՞նց թե, գնացինք տուն, կոֆե ա, միրգ ա, հաց ու ջուր ա, հլե ուրիշ բան չըլնի՝ հերվա խաղողի արաղիցը ես ու դու մի-մի թաս կանենք:

Մերժել հնարավոր չէր:

Շեն օջախ ունի Ֆրունզիկը: Կինն էլ հիրավի՝ Համեստ. մեղր, միրգ, սուրճ հյուրասիրեցին: Ֆրունզիկը բակում անգամ կիվի է աճեցնում: Այս տարի առաջին անգամ բերք է տվել կիվին: Միայն մեկ մտահոգություն ունի՝ հոկտեմբերին այգեկութն է, աշխատող ձեռքի պակաս ունեն, մեծ է բաղը, խաղողը պետք է քաղել:

Շարժվեցինք դեպի Հաղբատաձոր: Այստեղ երկու ամրոց «նվաճեցինք»:

Կայան բերդի մասին ամենավաղ հիշատակությունը վերաբերում է X դարի սկզբին: Այն Դավիթ Անհողինի կառուցածը չէ: Ժամանակին այս բերդում ապաստանել են Աշոտ Երկաթի (914-928) դեմ ապստամբած Սևորդյաց իշխանները:

Անցանք միջնադարյան Շերեքա կամրջի վրայով, Ակների սարահարթի տակ գտնվող Պարնիերի տակով, որ Հաղբատավանքի միջնադարյան գրապահոցներից էր, նեղ կածանով շարժվեցինք առաջ:

Կայան բերդն ավերվել է մոնղոլների ձեռքով 1236 թ.: Հետաքրքիր ավանդույթ կա բերդի հետ կապված. մոնղոլները պաշարում են ամրոցը, բայց գրավել չեն կարողանում, այն շատ անառիկ էր: Ի վերջո, որոշում են ջրազրկել այն: Բարձրանում են մոտակա գյուղը, գտնում են մի կիսամեռ ծերունու և հարցնում՝ ո՞րն է ակը: Ծերունին ցույց է տալիս: Այդ պատճառով գյուղը կոչվեց Ոռնակ: Քանի որ անունը անբարեհունչ էր, խորհրդային տարիներին անվանափոխվեց Ակներ:

Երբ ծարավից դրդված՝ բերդի պաշտպանները որոշում են անձնատուր լինել մոնղոլներին, գիշերը հորդառատ անձրև է գալիս, և հայերը դարձյալ ջրի պաշար են հավաքում: Սա համարելով աստվածատուր նշան՝ մոնղոլ զորապետը հաշտություն է առաջարկում, որն ամրապնդվում է նրա որդու և բերդապետի դստեր ամուսնությամբ:

Չքնաղ տեսարան է բացվում Կայան բերդից:

Բերդի տարածքում փոքրիկ եկեղեցի կա, որի պատճառով ամրոցը նաև երկրորդ անունն է ստացել՝ Դսեվանք՝ դրսի վանք: Չնայած տեղացիներն անառիկության պատճառով անվանում են նաև Տսևանց՝ տես և անց:

Մնում է ավելացնել, որ միջնադարում Կայան անունով մի քանի բերդեր կային: Նրանցից գլխավորը Աղստևի հովտի Կայանն էր՝ համանուն գավառի կենտրոնը:

Կայան բերդի դեմ դիմաց Զառնիէրն է՝ այս ձորում X դարում իշխած Սևորդյաց Զարեհ իշխանի կառուցած ժայռափոր ամրոցը:

Կայան բերդն ու Զառնիէրը մեծ դերակատարություն են ունեցել Հաղբատաձորի պաշտպանության գործում: Այստեղ բոլորը քաջ մարտիկներ են եղել, անգամ կանայք լավ հրաձիգներ էին: Այդ մասին իր աշխատության մեջ մանրամասն գրում է հաղբատցի պատմաբան Ռոստոմբեկ Երզնկյանցը:

Զառնիերը հսկա ժայռափոր ամրոց է: Այստեղ կարող է տեղավորվել մինչև 2000 հոգի: Քարանձավի մուտքը մոտ 100 մետր երկարությամբ պարսպապատ է: Առանձին եռահարկ քարանձավային պարսպապատ ամրոց կա վերևի հատվածում, որ որպես միջնաբերդ կարող է ծառայել:

Քարանձավ-ամրոցի ներսում ջուր կա, այն կաթում է տանիքից՝ ժայռից:

Զառնիէրում որոշ փոփոխություններ կային: Հայրենանվեր մի հայորդի՝ Ռուբեն Մեսրոպյանը, որոշել է երկրորդ կյանք տալ ամրոցին: Պարիսպներն ամրացվել են, շուրջը և ներսը կոկիկ հարդարվել, կրակարանն է սարքվել, ջրի կաթոցքի տակ փոքրիկ ջրավազաններ կան՝ արդեն ջրաշուշաններով, ձկներով…

Ամրոցը նաև գիշերային կյանք կունենա. այստեղ անգամ լուսավորություն կա:

Մանրամասն չեմ գրի Ռուբենի մյուս նախաձեռնությունների, ծրագրերի մասին: Երբ անցյալ տարի խոսեց իր մտահղացման մասին, անկեղծ ասած՝ չհավատացի: Իսկ հիմա վստահ եմ, որ մարդու երևակայությունն ու կամքը կարող են ամենահամարձակ երազանքն անգամ իրական դարձնել: Վստահ եմ՝ Ռուբենի երազանքն իրականություն է դառնում: Լոռվա ձոր այցելող զբոսաշրջիկին իր ողջ հմայքով ու վեհությամբ կդիմավորի Զառնիէր բերդ-ամրոցը: Այստեղ բոլորը կզգան միջնադարի շունչը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: