Հայերեն   English   Русский  

​Սրտի նոպայի ախտանշաններ


  
դիտումներ: 5377

Ախտանշաններ, որոնք հանդիպում են միայն կանանց մոտ

Ժամանակակից աշխարհում վաղաժամ մահացությունների մեջ սրտի նոպան հիմնական պատճառներից է համարվում: Ցավոք, այն լուռ դարանակալող երևույթներից է: Սակայն մինչ լուրջ խնդիրների հանգեցնելը մարմինն իր ազդանշաններն է ուղարկում ախտանշանների տեսքով, որոնք մենք ժամանակին չենք կարողանում «ընթերցել»:

Հիմա կխոսենք այն ախտանշանների մասին, որոնք հանդիպում են կանանց մոտ սրտի նոպայի ժամանակ:

Թիկունքի, պարանոցի ու կզակի ցավ

Դրանք շատ տարածված են կանանց շրջանում ու շեղում են հիմնական խնդրից, քանի որ սովորաբար սրտի հետ կապված ցավերը պատկերացնում ենք տեղակայված կրծքավանդակի ձախ հատվածում:

Ցավը կարող է լինել սուր, աճող, նվազող, հանկարծակի, կարող է երբեմն գիշերն արթնացնել քնից: Հենց այդ պատճառով պետք է ցանկացած անսովոր ախտանշանի դեպքում խորհրդակցել բժշկի հետ:

Սրտխառնուք ու ծակծկոց ստամոքսում

Սրտի նոպայի ախտանշանները հաճախ շփոթում են թունավորման, գրիպի կամ ուժգին այրոցքի հետ: Երբեմն կանայք ճնշում են զգում որովայնի շրջանում, որն իրենք համեմատում են ստամոքսի վրա ծանրացած բեռի հետ (ասես փիղ նստած լինի):

Սառը քրտինք

Շատ տարածված ախտանշան է. հիվանդին թվում է, թե դա ինչ-որ կերպ կապված է սթրեսի կամ ապրումների հետ: Բայց եթե նախկինում նման նոպաներ չեն եղել, ուրեմն մասնագետի այցելեք:

Գլխապտույտ ու դժվարացած շնչառություն

Առանց տեսանելի պատճառների դժվարացած շնչառությունը սրտի նոպայի հստակ ազդանշան է, հատկապես եթե այլ ախտանշանների հետ է արտահայտվում: Ինֆարկտ տարած կանայք այդ վիճակը համեմատում են մարաթոնի հետ, այն էլ՝ առանց մասնակցելու դրան:

Գերհոգնածություն

Եթե անգամ տևական հանգստից հետո շատ հոգնած եք զգում ու չեք կարողանում հասարակ գործողություններ կատարել, ասենք՝ լոգարան հասնել, ապա դա տագնապալի ահազանգ պետք է համարել: Կամ երբ մեկ աստիճանավանդակ բարձրանալուց էլ եք շնչահեղձություն ունենում, երբ նախկինում հեշտ էիք հաղթահարում նույն տարածությունը, ապա պետք է անհանգստանաք, քանի որ դա սիրտ-անոթային խնդիր է մատնանշում:

Ճնշում և ցավ կրծքավանդակում

Շատ կանայք ցավ են ունենում ոչ թե բուն ձախակողմյան հատվածում, այլ ամբողջ կրծքավանդակում, ու եթե այն տևական ժամանակ չի անցնում, ուրեմն պետք է բժիշկ հրավիրել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: