Հայերեն   English   Русский  

​«Ամերիկայում հոգի չկա». հայուհին ու նրա ամերիկացի ամուսինը Հայաստանում են


  
դիտումներ: 20878

Մեկ ամիս առաջ Միացյալ Նահանգներից Հայաստան են տեղափոխվել Նելլի Կարապետյանն ու Բրենթ Անդերսը: Նրանք ամուսիններ են, ունեն երկու դուստր, երկար տարիներ ապրել են Կանզաս նահանգի Մանհեթեն քաղաքում: Իսկ թե ինչպես է հայուհուն հաջողվել ամերիկացի ամուսնուն մեկընդմիշտ կապել Հայաստանի հետ՝ թողնելով ամերիկյան բարեկեցիկ կյանքը, տարիների երազանքի ու դրան հավատալու արդյունք է:

1999 թ. Նելլին ավարտում է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետը և ուսանողական փոխանակման ծրագրով մեկնում Միացյալ Նահանգներ՝ մագիստրատուրան շարունակելու Կանզասի համալսարանի հանրային կառավարման ոլորտում:

ԱՄՆ-ում ուսանելու վերջին տարին էլ հանդիպում է ապագա ամուսնուն՝ Բրենթին, որը նույնպես սովորում, հետո արդեն աշխատում էր նույն համալսարանում: Մագիստրատուրան ավարտելուց հետո Նելլին, ըստ պայմանագրի, պետք է վերադառնար իր երկիր ու առնվազն երկու տարի մնար այնտեղ: Նրանք նշանվում են, և Նելլին գալիս է Հայաստան:

Այդ ժամանակ նա անհամբեր սպասում էր, թե երբ է վերադառնալու Միացյալ Նահանգներ, որ միանա սիրած տղամարդուն: Այդ ընթացքում Բրենթը մեկ անգամ գալիս է Հայաստան: Նելլին հիշում է՝ 2003 թ. հունվար ամիսն էր, ցրտաշունչ ձմեռ, կենցաղային պայմանները լավ չէին, տունը տաքացնելու խնդիր կար և այլն: «15 տարի է անցել, բայց փոփոխությունը շատ մեծ է: Եթե ես այն ժամանակ Բրենթին ասեի՝ արի գնանք Հայաստանում ապրենք, նա հաստատ չէր գա»:

Երկու տարի անց Նելլին վերադառնում է Միացյալ Նահանգներ, նրանք ամուսնանում են: Սկսվում է ամերիկյան բարեկեցիկ ու ստանդարտ կյանքը: Ապրում էին Մանհեթենում: 2005 թ. ծնվում է նրանց ավագ դուստրը՝ Եվան, 2009-ին՝ Լիլիթը, որի երկրորդ անունը Մանուշակ է: Բրենթն աշխատում էր Կանզասի համալսարանում, տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռավար ուսուցման ոլորտն էր համակարգում: Կես դրույքով աշխատում էր նաև զինվորական ոլորտում: Այսօր էլ դեռ ամերիկյան բանակի պայմանագրային զինծառայող է ու աշխատանքը շարունակում է Հայաստանում:

Նելլին սկզբում չէր աշխատում, երեխաների դաստիարակությամբ էր զբաղվում, ինչը նրա համար չափազանց նուրբ ու կարևոր խնդիր էր: «Երեխաների հետ միմիայն հայերեն էի խոսում. ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է երեխաների հետ օտար լեզվով խոսել»,-ասում է նա: «Բայց չէ՞ որ նրանց հայրն ամերիկացի է»,- ասում եմ: «Թող հայրն էլ իր լեզվով նրանց հետ խոսի»,- հանգիստ արձագանքում է նա:

Արդյունքում երեխաները հավասարաչափ տիրապետում են և՛ հայերենին, և՛ անգլերենին: Երբ մեծ աղջիկն արդեն դպրոցահասակ էր, Նելլին որոշում է նրան դպրոց չուղարկել: Փոխարենն ուսուցիչը երեխայի հետ տանն է պարապում. «Այնտեղ ընդունված սիստեմ է, կոչվում է homeschooling, այսինքն՝ տնային դասավանդում: Շատերն են ընտրում այդ մեթոդը տարբեր պատճառներով, ուզում են երեխային ավելի տրադիցիոն կրթություն տալ, վատ ազդեցությունից հեռու պահել, կրոնական հարցեր կան և այլն»:

Նելլին երեխաների և ամուսնու հետ հաճախ էր գալիս Հայաստան: Նրա համար կարևոր էր, որ երեխաները հայկական միջավայրի մեջ լինեն, շփվեն հայ երեխաների հետ, տեսնեն հայկական ավանդույթները, համտեսեն հայկական խոհանոցի ուտեստները, զգան հայաստանյան շունչը, ու երեխաները սիրում էին Հայաստանը: «Երբ իմացան, որ Հայաստան ենք տեղափոխվելու, երեխեքի ուրախությանն ու ոգևորությանը սահման չկար»:

Մանհեթենում Նելլին ու ամուսինը մեծ առանձնատուն էին գնել՝ գեղեցիկ այգով, պտղատու ծառերով: Այդ ընթացքում Նելլին ընդունվում է աշխատանքի դպրոցում: Մանկավարժ-հոգեբան էր, օտարերկրացի երեխաներին օգնում էր հարմարվելու նոր դպրոցին, նոր միջավայրին, կարգավորելու միջանձնային հարաբերությունները, դասերը պատրաստելու և այլն:

Առաջին հայացքից թվում էր, թե լիարժեք երջանիկ կյանքի բոլոր նախադրյալները կան: Սակայն կար մի բան, որ պակասում էր Նելլիին. հոգին: «Ամերիկայում հոգի չկա»,- ասում է նա,- ես Բրենթին ասում էի՝ բոլորը դրսից Ամերիկան պատկերացնում են վառ գույներով, բայց չգիտեն, որ այստեղ մարդիկ առավոտից երեկո աշխատում են, հոգնում, հետո գալիս են տուն, ու իրենց միակ հանգիստը հեռուստացույցն է: Ճիշտ է, մարդիկ նյութապես ապահովված են, բայց դա քիչ է: Երբ իմ բարեկամներն իմացան, որ վերադառնում ենք, զարմացած ասում էին՝ սեփական տունն ունես, մեքենան տակդ, ամեն ինչ ունես, ինչո՞ւ ես գալիս: Ես պատասխանում էի՝ ձեր թվարկած ամեն ինչը միայն մարմնի համար է: Այո, իմ մարմինն էնտեղ շատ լավ է զգում, բայց եթե հոգեպես կաթիլ-կաթիլ մահանում ես, ո՞ւմ է պետք էդ ամենը»:

Բայց Նելլիի համար Հայաստան տեղափոխվելը դեռ անիրական թվացող երազանք էր: Նա գրեթե անհնար էր համարում, որ ամուսինը կթողնի իր լավ աշխատանքը, տունը, հարազատներին ու ընկերներին և Հայաստան կտեղափոխվի: Այնուհանդերձ նա շարունակում էր երազել, երազում էր բարձրաձայն, խոսում էր իր երազանքի մասին, ու ինչպես ասում են, ամեն ինչ սկսվում է խոսքից: Սկզբում ամուսինը Նելլիի մտորումներին վերաբերվում էր իբրև երազանքի, հետո, երբ հասկանում է, որ դա ավելի լուրջ է, քան պարզապես երազանքը, փորձում է հակադրվել: Բայց, ի վերջո, Նելլիին հաջողվում է ամուսնու մեջ հետաքրքրություն առաջացնել Հայաստան տեղափոխվելու գաղափարի նկատմամբ: «Կաթիլ-կաթիլ լեռն էլ է մաշվում»,- ծիծաղում է նա:

No automatic alt text available.Որոշում կայացնելու հարցում Բրենթին օգնում է ևս մի հանգամանք. իբրև զինվորական՝ նա աշխատանքային այցով երբեմն լինում էր Հայաստանում ու ամեն անգամ վերադառնում էր փոփոխություններից ոգևորված: Նա տեսնում էր, թե տարեցտարի Հայաստանն ինչպես է զարգանում: «Այն աստիճանի, որ մտածում էր՝ Երևանում ավելի հետաքրքիր է, քան մեր քաղաքում»:

Դա Նելլիին նոր ուժ էր տալիս: Ի վերջո, նրանք գալիս են համաձայնության: Անգամ առանձնատունն ու հողամասն են վաճառում, իսկ դա նշանակում էր, որ որոշումը վերջնական է: Բրենթը համալսարանական աշխատանքը թողնում է, բայց զինվորականը՝ ոչ: Դեռ 3 տարի աշխատանքային պայմանագիրն ուժի մեջ է: Շուտով Բրենթը մեկ տարով մեկնելու է ծառայության Քուվեյթ: Իսկ թե ինչ է լինելու 3 տարի հետո, երբ զինվորական աշխատանքային պայմանագիրն ավարտվի, առայժմ չեն ուզում մտածել. «Հաստատ աշխատանք կգտնի, ամեն ինչ լավ կլինի»,- համոզված է Նելլին, որի համար տարիներ առաջ անհնարին էր թվում այն, ինչն այսօր իրականություն է:

Նելլի Կարապետյան

Նելլին զբաղվում է յոգայով ու մեդիտացիայով: Նրա համար հոգևոր դաշտն ու դրա ներդաշնակ վիճակը շատ կարևոր են: Հայաստանում նա իրեն հոյակապ է զգում. «Ֆիզիկապես ավելի շատ եմ հոգնում, քան այնտեղ, որովհետև առավոտից երեկո երեխեքի հետևից եմ վազվզում՝ դպրոց, տուն և այլն, բայց ինձ այնքան լավ եմ զգում, որ հոգնածություն չեմ էլ զգում: Ես վայելում եմ իմ տարիների երազանքը: Իհարկե, հասկանում եմ, որ հետո արդեն պետք է փորձեմ աշխատանք գտնել, ապրել առօրյա կյանքով»:

Բրենթը նույպես գոհ է իր որոշման համար: Սիրում է Երևանը, իրեն օտար չի զգում, հատկապես որ երբեմն հետևից մեկ էլ ձայն են տալիս. «Ողջույն, Բրենթ»: Ու պարզվում է՝ իր ամերիկացի ծանոթներից մեկն է կամ էլ մի հայ, որի հետ Ամերիկայում է ծանոթացել:

Երեխաները սովորում են Վահան Թեքեյանի անվան թիվ 92 դպրոցում: Նելլին շատ գոհ է երեխաների նկատմամբ վերաբերմունքից: Ասում է՝ այ դա է պակասում Ամերիկայում՝ հոգատարությունը, հարազատի պես ձեռք մեկնելը: «Նրանք, ովքեր Հայաստանից դուրս չեն եկել, չեն պատկերացնում, թե դա ինչ է: Դա նշանակում է, որ քեզ արմատով քո հողից հանում են ու դնում լրիվ ուրիշ տեղ: Ու էնտեղ հողը ոտքիդ տակից գնում է, որովհետև քոնը չի»:

Ամերիկայում Նելլին անընդհատ մի երազ էր տեսնում: Կարծես ինչ-որ եկեղեցի կամ մատուռ էր փնտրում ու չէր գտնում: Մի օր էլ ամուսինը որոշում է իրենց այգում փոքրիկ հոգևոր անկյուն ստեղծել, որ Նելլին մոմ վառի, աղոթի, որ երազն այլևս նրան չհետապնդի: Դա էլ չի օգնում: Երազը նրան հանգիստ է թողնում միայն Հայաստան տեղափոխվելուց հետո: «Եկեղեցին, որ երազումս տեսնում էի, Հայաստանն էր, իմ տունն էր, ես դա էի փնտրում»,- եզրակացնում է նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: