Հայերեն   English   Русский  

​Կանադայում «Made in Armenia» տրիկոտաժեղեն են հագնում, իսկ մենք նույնիսկ տեղյակ չենք


  
դիտումներ: 12147

Արդեն ավելի քան 19 տարի Հայաստանում կարվում ու Կանադա է արտահանվում միլիոնավոր միավոր տրիկոտաժեղեն՝ «Պատրաստված է Հայաստանում» մակնշմամբ, բայց Հայաստանում դրա մասին քչերը գիտեն, կամ կարելի է ասել՝ եզակիները գիտեն։ «Իվ Մարթըն» անունը կրող կանադական ապրանքանիշի ստեղծող և սեփականատեր Հակոբ Ամիրյանն ամեն տարի արտասահմանից 7-8 կոնտեյներ հումք է բերում Հայաստան, Գյումրիում արտապատվիրում տրիկոտաժե ներքնաշորեր ու արտահանում Կանադա։ Հիմա կանադական շուկային ավելացել է նաև ԱՄՆ-ի շուկան. օրերս 1500-ից ավելի խանութների ցանցի հետ են պայմանավորվել, նրանց էլ պետք է Հայաստանում արտադրված տրիկոտաժեղեն մատակարարեն։ Ընկերությունը կանադական է, շուկան Կանադան է, բայց Ամիրյանն արդեն 19 տարի է, ինչ ամեն տարի 2-3 ամսով գալիս է Հայաստան, կազմակերպում գործերն ու նորից վերադառնում։

«Հարցն այն է, որ պետք է արհեստդ լավ իմանաս, եթե ոչ՝ չգիտեմ, թե ինչ կլինի։ Եթե արհեստդ գիտես, նշանակում է որևէ մեկը չի կարող քեզ խաբել։ Մարդիկ են գալիս ինձ մոտ ու աշխատանք են խնդրում, ասում են՝ որևէ գործ։ Այդպես չի լինում։ Ամեն մեկն իր գործից պետք է գլուխ հանի, իմանա՝ ինչ կարող է անել և լավ անել։ Նաև գործիդ գլխին պետք է լինես։ Չի լինի, որ մտածես, օրինակ՝ գամ Հայաստան, ներդրում անեմ ու գնամ, բիզնեսս իրեն-իրեն կզարգանա. դա անկարելի է»,- «Անկախի» հետ զրույցում ասում է կանադահայ գործարարն ու շեշտում՝ ինքը Հայաստանում ներդրում չի արել, բիզնես չի հիմնել, ընդամենը պատվերներ է ապահովում տեղական մի արտադրամասի համար, մեծածավալ պատվերներ։

Ամեն դեպքում, եթե անգամ «Իվ Մարթըն» տրիկոտաժեղենի ապրանքանիշը ֆրանսիական անուն ունի, մակնշվում է՝ «Արտադրված է Հայաստանում»։

«Այսօր 19-20 տարի է, ինչ ամբողջ ժողովուրդը Made in Armenia է հագնում, բայց Հայաստանում չգիտեն, թե ես ինչ եմ անում։ Կառավարությունը նույնիսկ գաղափար չունի, որ Հակոբ Ամիրյանը յուրաքանչյուր կանադացու Made in Armenia է հագցնում՝ լինի վարտիք, գիշերանոց թե խալաթ»,- ժպտալով նշում է Հակոբ Ամիրյանը։

Հայաստանում 4 տեսակի արտադրանք են թողարկում՝ տարեկան մի քանի միլիոն հատ, ու շարունակ ծավալներն աճում են, թեպետ, ինչպես նշում է Հակոբ Ամիրյանը, միշտ էլ դժվար է բիզնեսով զբաղվելը։ Հատկապես Հայաստանի երիտասարդները դժվարանում են արտերկրի հետ գործ անելիս։ Դրա պատճառը, ըստ մեր զրուցակցի, այն է, որ արտասահմանցիները, հատկապես՝ նրանք, ովքեր ժամանակին Հայաստանում խաբվել են, Հայաստանի ներկայացուցիչներին չեն հավատում ու վստահում կամ քիչ են հավատում ու վստահում։

«Հիմա ես, որպես արտասահմանցի, որ այստեղ եմ գործ անում, արտասահմանցիներին ասում եմ՝ եկե՛ք, ասում եմ՝ այսինչն այս գործն ունի, լավ գործ է անում։ Երբ ես եմ ասում, ինձ հավատում են, բայց քեզ չեն հավատա։ Իրականությունը սա է, դրսի գործ անողները Հայաստանի երիտասարդներին չեն հավատում։ Ես միշտ միջնորդ եմ, ու դա լավ է»,- ասում է Հակոբ Ամիրյանը։

Նրա դիտարկմամբ՝ բիզնեսմենը պետք է թեթև լինի, համեստ լինի: Թեթև ասելով էլ հստակեցնում է՝ պետք է կարողանա նորմալ խոսել, ընկերական լինել, ժպտերես ։ Եթե ընկերասեր չես, շեշտում է Ամիրյանը, դժվար է, որովհետև մարդու՝ գործընկերոջ հետ պետք է նստես ու զրուցես, պետք է կարողանաս բացատրել, թե ինչու ես, օրինակ, իրենից հենց այդ գինը պահանջում քո ապրանքի համար։

«Եթե միայն ասես՝ քեզնից այսքան եմ ուզում, ոչնչի չես հասնի։ Տղաս էլ ինձ պես է, սովորեցրել եմ, նա էլ ինձ պես է մտածում: Մինչ օրս էլ Հայաստանում ուզում է գործ ապահովել, չնայած կարող էր ասել՝ պապա, եկ Հայաստանը թողնենք»,- նշում է Ամիրյանը։

Նա մոտ 40 տարի բիզնեսով է զբաղվում։ Այդ երկար ու ձիգ տարիների ընթացքում, բազմաթիվ դժվարություններ, ձախողումներ է ճաշակել։ «Դժվարություններ ու անհաջողություններ, անկասկած, միշտ էլ կան,- ասում է նա ու շարունակում,- դրանք հաղթահարելու համար պետք է ձախողվես, նորից աշխատես, նորից ձախողվես, նորից հաջողես, ու այդպես անվերջ։ Բայց ամեն մի ձախողումից հետո ինքդ քեզ պետք է հարց տաս՝ ես ինքս ի՞նչ արեցի կամ ի՞նչ չարեցի, որ ձախողվեցի, ո՞րն էր ձախողմանս պատճառը»։

Ըստ նրա՝ շատ կարևոր է հասկանալ՝ գործընկե՞րն էր ձախողման պատճառը, սխալ ապրանք գնելը կամ արտադրե՞լը, որ չծախվեց, սխալ մարդի՞կ, որոնց աշխատացրիր, թե՞ այլ պատճառ։ «Մի մոռացիր, որ եթե գործիդ գլխին չլինես՝ քեզ հում-հում կուտեն: Նույնն էլ Կանադայում է. մի կարծիր, թե այնտեղ համակարգն ուրիշ է, նույնն է, ինչ այստեղ։ Անընդհատ աչքդ վրան պիտի լինի: Ես հեռախոսով ամեն օր դիտում եմ արտադրամասն ու ամեն բան տեսնում։ Օրինակ՝ տղայիս զանգում եմ ու ասում՝ այդտեղ մի տղա կա, որ քնում է… Հետո այստեղի պես չէ աշխատանքը, այնտեղ 8 ժամն իրոք 8 ժամ է, չարչարանք է: Ուզում եմ, որ իրականությունն իմանաս: Այստեղ մարդիկ հանգիստ են ապրում, այստեղ թեթև է, բայց մարդիկ դրամի դժվարություն ունեն։ Գումար աշխատելն ամեն տեղ էլ դժվար է, ամեն տեղ էլ նույնն է։ Եթե գործ ունես, ուրեմն Աստծուն փառք պիտի տաս, հոգի՛ս»,- մտերմաբար բացատրում է կանադահայ գործարարը։

Այսպիսով, Հակոբ Ամիրյանի համոզմամբ, բիզնեսում հաջողության հասնելու համար, բացի ընկերական, ուրախ, թեթև լինելուց, պետք է գիտակ լինես ու կարողանաս ներկայանալ գործընկերներիդ, պետք է կարողանաս ներկայացնել ու հիմնավորել թե՛ գործդ, թե՛ գներդ, թե՛ պայմաններդ ։ Իսկ եթե խարդախություն անես, ուրեմն հաստատ կձախողվես, եթե ոչ այսօր, միևնույն է, վաղ թե ուշ կձախողվես ու կկորցնես թե՛ անունդ, թե՛ վարկդ, թե՛ վստահությունդ, հետևաբար՝ ամեն ինչ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: