Հայերեն   English   Русский  

​Գյումրիում մինչև տարեվերջ կստեղծվի 600-700 նոր աշխատատեղ


  
դիտումներ: 7759

Հարցազրույց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ

- 88-ի երկրաշարժը կործանեց Գյումրի քաղաքի բնակֆոնդի 70 տոկոսը և արտադրական պոտենցիալի մոտ 80-90 տոկոսը: Մինչդեռ խորհրդային տարիներին թեթև արդյունաբերությունը զարգացման գագաթնակետին էր, միայն տեքստիլ կոմբինատում մոտ 7000 մարդ էր աշխատում: Ի՞նչ ժառանգություն է մեզ բաժին հասել այսօր:

- 88-ի երկրաշարժը ծանր հարված էր Լենինականի և տեղի բնակչության համար: Մեզ բաժին հասավ Գյումրի՝ սոցիալ-տնտեսական, գործազրկության, անօթևանության հիմնախնդիրներով, աղքատության բարձր ցուցանիշով: Բայց այսօր էլ Գյումրին շատ ու շատ մարդկանց ուշադրության կենտրոնում է և վստահ քայլերով գնում է դեպի զարգացում:

- Գյումրին ոտքի կանգնեցնելու երկու հիմնական ճանապարհ էիք նախանշել՝ աշխատատեղերի ստեղծում և անօթևանության վերացում: Ի՞նչ փուլում ենք հիմա: Անդրադառնանք «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի ստեղծման ծրագրին, որքա՞ն անօթևան ընտանիքներ դեռ կան և ի՞նչ ժամանակահատվածում է լուծվելու նրանց բնակարաններով ապահովելու հարցը:

- Անօթևանության խնդիրը քաղաքապետի գործառույթը չէ, բայց ես, որպես քաղաքապետ, շատ մտահոգ եմ այդ խնդրի կարգավորման հարցով: Իմ նախաձեռնությամբ 2015 թվականին կյանքի կոչվեց «Գյումրին առանց տնակների» ծրագիրը, որի շրջանակներում մոտ 30 ընտանիք այս ընթացքում ապահովվեց բնակարանով: Ծրագիրն իր շարունակությունը կունենա ու դեռ շատ ընտանիքներ կապահովվեն բնակարանով: Քաղաքապետարանի և այլ կառույցների համագործակցության արդյունքում Գյումրիում իրականացվեց սոցիալական բնակարանների կառուցման ծրագիրը, որը մարդկանց բնակարանով ապահովելու ևս մեկ միջոց է: Այս ծրագրով 11 բնակարան հանձնվեց շահագործման: Սոցիալական բնակարանների ծրագիրն ունենալու է իր շարունակությունը և մոտ 2 տասնյակ գյումրեցի ընտանիք կապահովվի կացարանով:

- Կարծիք էիք հայտնել, որ նախորդ տարեվերջին մի քանի հարյուր նոր աշխատատեղ է ստեղծվելու քաղաքում, խոշոր ներդրումային ծրագրերից էր «Լենտեքսի» հիմնումը, Գյումրու տեխնոպարկի ստեղծումն ու գործարկումը, այնուհետև՝ «Սաստեքս» տեքստիլ արդյունաբերական ձեռնարկության հիմնումը: Որքա՞ն աշխատատեղեր բացվեցին վերջին տարիներին կատարված ներդրումների արդյունքում:

- Իմպերատիվ թվեր չնշեմ, բայց այս հիմնարկների գործարկումը նոր աշխատանքների ստեղծման լուրջ հայտ է: Նախատեսված էր մոտ 600-700 աշխատատեղերի հիմնում: Սպասենք մինչև այս հիմնարկների ամբողջական ծավալով աշխատելը, որի ընթացքում հնարավոր կլինի հստակ ասել, թե քանի նոր աշխատատեղ բացվեց Գյումրիում:

- «Կումայրի արգելոց - թանգարանի» տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանությանը, վերականգնմանը, նորերի կառուցմանը և ընդհանրապես քաղաքային ենթակառույցների արդիականացումը ևս գերակայություն է, և ՀՀ վարչապետը Գյումրի կատարած իր վերջին այցի ժամանակ հայտնել է, որ պատրաստ է անձամբ ներդրում կատարել այս ուղղությամբ: Վերջերս կայացել է «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման նախագծի շնորհանդեսը: Ինչքանո՞վ է ծրագիրը հավակնոտ:

- «Կումայրի» պատմական կենտրոնի վերականգնման ծրագրի շրջանակներում այս պահին իրականացվում է Գյումրու Ռուսթավելի փողոցի հիմնանորոգումը, ամբողջությամբ վերականգնվեց փողոցի կոմունիկացիոն համակարգը, ընթացքի մեջ են փողոցի սալապատման աշխատանքները: Ծրագրի շրջանակներում նախատեսված է նաև Շիրազի փողոցի վերականգնումը: Ծրագիրը բավական հավակնոտ է և մեծ հետաքրքրություն է առաջացրել, մնում է միայն վերջնական արդյունքում ունենանք ներդրողներ, որոնք ցանկություն կհայտնեն իրենց ներդրումն ու բիզնեսն ունենալ Գյումրիում:

- Պարոն Բալասանյան, Ձեր հարցազրույցներց մեկում նշել էիք հետևյալը. «Աշխարհում շատ փող կա, քիչ ծրագրեր: Գյումրիում հակառակն է՝ կան շատ ծրագրեր, բայց փող չկա»: Ինչպե՞ս պիտի կարողանաք համադրել փողն ու ծրագիրը:

- Այո, տարբեր միջազգային կառույցների կողմից դրամաշնորհներով տրամադրվում են մեծ գումարներ: Իրատեսական, հեռանկարային, ժամանակին համահունչ, պահանջված ծրագիր պետք է ներկայացվի, որպեսի կարողանաս փող բերել Գյումրի: Չեմ ուզում շատ բացել փակագծերը, բայց քաղաքապետարանի կողմից ներկայացված 3 խոշոր ծրագրեր հավանության են արժանացել, դրանց իրագործումը լուրջ գումարներ կբերի Գյումրի՝ ապահովելով զբաղվածություն, տնտեսական աշխուժություն:

- Նկատենք, որ վերջին ժամանակաշրջանում Գյումրին սկսել է օտարերկրյա նեդրողների ուշադրության կենտրոնում հայտնվել: Այս գործոնն ինչի՞ արդյունք է, և կարելի՞ է ասել, որ որոշակիորեն կարողացաք Գյումրու ողջ բարոյահոգեբանական մթնոլորտը փոխել, ստեղծել ներդրումների համար բարենպաստ միջավայր:

- Գյումրին մշակութային, սպորտային քաղաք է և բոլոր ջանքերը ներդրվելու են Գյումրին տուրիստական քաղաք դարձնելու համար: Այս պահին քայլեր են իրականացվում թեթև արդյունաբերությունը Գյումրիում զարգացնելու ուղղությամբ, կառուցվում և առավել հզորացվում են արդեն իսկ գործող տեքստիլ արտադրությամբ զբաղվող ընկերություններ շվեյցարահայ բարերար Վարդան Սերմաքեշի ներդրումային ծրագրի միջոցով: Կարտոֆիլի վերամշակման գործարան է հիմնվելու կրկին Վարդան Սերմաքեշի ներդրումային ծրագրի շրջանակներում: Սրանք իրատեսական ծրագրեր են, որոնց համար արդեն իսկ լավ հարթակ է ստեղծվել:

Հարցազրույցը՝ Լ.Ն-ի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: