Հայերեն   English   Русский  

Ադրբեջանում կալանավորված քննիչն ու լրագրողը հացադուլ են հայտարարել


  
դիտումներ: 212

Ադրբեջանում ազատազրկման դատապարտված դատախազության քննիչ Ռուֆաթ Սաֆարովը և լրագրող Ջավիդ Շիրալովը սեպտեմբերի 21-ից անորոշ ժամանակով հացադուլ են հայտարարել: Այս մասին «Թուրան» լրատվական գործակալությանը հայտնել է Սաֆարովի մայրը՝ Թահիր Սաֆարովան:

Ըստ նրա՝ ակցիայի մասնակցիները բողոքում են կալանավայրում տիրող անօրինության, բանտարկյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի, մենախուց անհիմն տեղափոխվելու, կալանավայրերում կոռուպիցիայի առկայության դեմ:

Բանտարկվածի մայրը հայտնել է, որ սեպտեմբերի 21-ին Սաֆարովին ու Շիրալովին այցելել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները: Գործակալությանը չի հաջողվել քրեակատարողական ծառայությունից մեկնաբանություն ստանալ:

Ռ. Սաֆարովը եղել է Զարդաբի շրջանի դատախազության քննիչ: 2015 թ-ի դեկտեմբերի 20-ին, իրավապահ մարմիններում անօրինականության դեմ բողոքի հայտարարությամբ հանդես գալով, վերջինս հրաժարական է տվել: Դեկտեմբերի վերջին նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել կաշառք ստանալու մեղադրանքով: 2016 թ-ի սեպտեմբերին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման:

«7gun.az» լրատվական կայքի խմբագիր Ջավիդ Շիրալովը 2016 թ-ի մայիսի 22-ին դատապարտվել է սպառնալիքի միջոցով դրամաշորթության մեղադրանքով: Լրագրողը հերքել է մեղադրանքները՝ հայտարարելով, որ իրեն հետապնդում են մասնագիտական գործունեության համար: Տեղի իրավապաշտպան կազմակերպությունները նրան հայտարարել են խղճի բանտարկյալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: