Հայերեն   English   Русский  

Խուլիգանության և բռնություն գործադրելու փաստերով հարուցված քրեական գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ


  
դիտումներ: 556

Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հարուցված քրեական գործը:

Այսպես, քրեական գործով ձեռք բերված տվյալների համաձայն, 06.09.2017թ.-ին` ժամը 01:20-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնի պահպանության բաժնի ոստիկան Գ. Դ.-ն, ՛՛Անգել՛՛ կարաոկե ակումբում ծառայություն իրականացնելիս վիճաբանության մեջ է մտել ակումբ այցելած 4 երիտասարդների հետ, ովքեր չեն ենթարկվել ոստիկանի օրինական պահանջներին, վնասել են տեղի գույքն ու հարվածել վերջինիս, այնուհետև ծեծկռտուք սկսել ակումբի հաճախորդների հետ: Միջադեպը կանխելու նպատակով դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցները, ովքեր ծեծկռտուք հրահրած անձանց բերման են ենթարկել բաժին:

Խուլիգանություն կատարելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում վերը նշված 4 երիտասարդները, իրենց հերթին, ցուցմունքներով հայտնել են, որ Անգել կարաոկե ակումբում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներն ու քաղաքացիական հագուստով անձինք ծեծի են ենթարկել իրենց և պատճառել բազմաթիվ մարմնական վնասվածքներ:

Ոստիկանության աշխատակիցների գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հարուցված քրեական գործն ըստ քննչական ենթակայության հանձնվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին` հետագա նախաքննությունը կատարելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: