Հայերեն   English   Русский  

Ադրբեջանում ընդդիմությունը մտադիր է շարունակել հանրահավաքներ անցկացնել


  
դիտումներ: 327

Ադրբեջանում ընդդիմության սեպտեմբերի 23-ի հանրահավաքն անցկացվել է «Ո՛չ կոռուպցիային, ազատությո՛ւն քաղբանտարկյալներին» կարգախոսի ներքո: Ընդդիմության հանրահավաքի մասնակիցները իշխանություններից պահանջել են «վերադարձնել ժողովրդից գողացված փողերը»:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը, այդ միտքը հնչել է հանրահավաքի բոլոր ելույթներում: «Մեր իրավունքները տասնամյակներ շարունակ ոտնահարող այդ կոռումպացված ռեժիմը հանցագործության պահին բռնվել է: Այժմ ներկայացվել են այդ կոռուպցիայի ապացույցները»,- հայտարարել է ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին ՝ հավելելով, որ այժմ ժամանակն է՝ ժողովրդին վերադարձնել նրանից գողացված փողերը:

«Ժողովուրդը շատ բան չի ուզում: Ժողովուրդն ասում է, որ դուք թալանել եք միլիարդավոր երկրներ: Հիմա գոնե ավելացրե՛ք աշխատողների վարձերը, բարձրացրե՛ք թոշակները, ստեղծե՛ք աշխատատեղեր, վերացրեք՛ վճարովի կրթությունը: Հերի՛ք է թալանեք երկրի հարստությունը»,- ընդգծել է Քերիմլին՝ կոչ անելով ազատ արձակել քաղբանտարկյալներին:

Վերջինս հավելել է, որ հանրահավաքին նախապատրաստվելիս ձերբակալվել է Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության 53 ակտիվիստ: «Այդ ձերբակալությունների նպատակն է թույլ չտալ, որ հանրահավաքները շարունակական լինեն, սակայն նրանց բոլորին ձերբակալել անհնար է»,- նշել է Քերիմլին:

Ժողովրդական ուժերի ազգային խորհուրդի նախագահ Ջամիլ Հասանլին հայտարարել է, որ իշխանությունները սովոր են թալանել, գողանալ «ընտրության իրավունքը, ժողովրդի հարստությունը»: Ակցիայի մասնակիցները պարբերաբար բարձրաձայնել են «Ազատությո՛ւն», «Հրաժարակա՛ն տվեք» կարգախոսներ:

Ջամիլ Հասանլին հայտարարել է, որ ժողովրդավարական ուժերի պայքարը շարունակվելու է հաջորդ հանրահավաքին, որը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: