Հայերեն   English   Русский  

Որտեղ են կուտակվում բացասական հույզերը


  
դիտումներ: 3319

Մի տեսություն կա, որի համաձայն` ցանկացած հիվանդություն` հարբուխ թե քաղցկեղային ուռուցք, բանականությունը, մարմինն ու հույզերը միավորող համակարգում առաջացած խանգարման ազդանշան է:

Ասում են` բացասական հույզերը կուտակվում են կենսականորեն կարևոր օրգանում` լյարդում, որի առողջությունը կախված է նաև մարդու հոգեկան հավասարակշռությունից: Աշխարհընկալման մետաֆիզիկական տեսանկյունից լյարդն այն ամբարն է, որտեղ կուտակվում է զսպված զայրույթը: Կարծիք կա, որ լյարդի հետ կապված խնդիրներն առաջանում են այն ժամանակ, երբ մարդը նյարդայնանում է, անհանգստանում, վախենում իր արարքների հետևանքներից, երբ նրա հոգում վիրավորանք, դառնություն ու նյարդայնություն են բուն դնում:

Եթե զայրույթը կուտակենք մեր մեջ, արտաքուստ փորձելով հանգստություն պահպանել, ապա հիվանդությունը ներսում կկուտակվի, ու մի օր կուտակված բացասական հույզերը դուրս կգան լյարդի աշխատանքի խանգարման կամ այլ հիվանդությունների տեսքով: Մարդկության պատմության ընթացքում լյարդին միշտ առանձնահատուկ դեր է հատկացվել: Շատ մշակույթներում լյարդին նույնիսկ առասպելական հատկություններ են վերագրվել: Օրինակ` Հին Բաբելոնում լյարդը համարվում էր մարդու կենտրոնական օրգանն ու հոգու տեղը: Որոշ լեզուներում էլ լյարդը նույնացվում է կյանքի հետ:
Անտիկ աշխարհի բժիշկ Հալենն առաջին անգամ նկարագրել է լյարդի հիմնական ֆունկցիաները ` այն ներկայացնելով որպես սրտի աշխատանքն ապահովող կենտրոնական էներգետիկ օրգան: Այդ մտայնությունն է տիրել մինչև XVII դարը. լյարդը համարվում էր մարդու օրգանիզմի ամենակարևոր օրգանը: Ժամանակակից գիտնականների ուսումնասիրությունները հաստատում են, որ լյարդը կարող է միաժամանակ մի շարք ֆունկցիաներ կատարել` ապահովելով գրեթե ամբողջ օրգանիզմի կենսագործունեությունն ու ազդել օրգանիզմի բազում համակարգերի վրա: Լյարդը «լռակյաց» օրգան է, չի ցավում, եթե հիվանդ է, սակայն, կարող է իր մասին զգացնել տալ թուլության, հոգնածության տրամադրության անկումների, ագրեսիայի բռնկումների, քնատության ու դեպրեսիայի դրսևորումներով:
Լյարդի մասին հոգ տանել նշանակում է լիարժեք սնվել ու բնական միջոցներով լյարդի ամենօրյա մաքրում ապահովել, ինչը կատարվում է լյարդից լեղու ակտիվ արտադրության միջոցով: Դրա համար հարկավոր է սննդի մեջ օգտագործել չզտված ձեթ ու բնական խոլերետիկներ (բույսեր, որոնք դառնություն ունեն)` սպիտակ ու կարմիր բողկ, ցիտրուսներ, մանանեխ, կանաչեղեն, լոբազգիներ: Դրանք օգնում են լյարդին, խոչընդոտում քարագոյացումն ու ակտիվացնում օրգանիզմից ավելորդ խոլեստերինի դուրսբերումը:
Պե՞տք է արդյոք, որ տղամարդը լաց լինի
Գոյություն ունեն բազում կարծրատիպեր, որոնք գիտակցության ու ենթագիտակցության խորքերում են թաղված ու արտահայտվում են վարքագծում: Կարծրատիպը կարծիք է որոշակի մարդկային խմբի որակների մասին, այդ խմբում կարող են լինել կանայք, տղամարդիկ, ծերունիներ, երեխաներ, ազգային փոքրամասնություն, սեքսուալ փոքրամասնություն, դեռահասներ ևն: Կարծրատիպային պատկերացումը չափազանց ընդհանրացված է, չափազանց պարզեցված ու շատ կայուն, ի լրումն` զգացմունքով լիցքավորված: Երբեմն կարծրատիպն օգտակար է, ասենք` մութ փողոցում ձեզ է մոտենում խմած մեկը, ցանկանում է ձեզ հետ խոսել: Մարդկանց մեծ մասը նման դեպքերում կարծրատիպային վարքագիծ է դրսևորում, աշխատում է հնարավորինս խուսափել այդ անցանկալի հանդիպումից ու արագ հեռանալ առանց զրուցելու: Սակայն կան կարծրատիպեր էլ, որոնք խանգարում են ապրել, ու դրանք բազմաթիվ են: Կան կարծրատիպեր` կապված կանանց ու տղամարդկանց վերագրվող դերերի ու իրականում նրանց զգացածի հետ:
Մանկուց շատերն են աղջիկներին ներշնչում, որ ասենք` ծառ բարձրանալն աղջկական գործ չէ: Իսկ տղաներին էլ համոզում են, որ տղան լացկան չի լինում: Աղջիկները չպիտի ծեծկռտուքի մեջ մտնեն: Այդ պատկերացումները հետագայում ձևափոխվում են` կնոջ համար գլխավորն ընտանիքն է, իսկ տղամարդը պետք է ընտանիքն ապահովի: Կամ` տղամարդիկ ավելի խելացի են ու տաղանդավոր: Կինը երբեք առաջինը չպիտի սեր խոստովանի տղամարդուն: Տղամարդը պիտի վաստակի ու ընտանիքը պահի: Բոլոր կանայք հիմար են:
Մեզանից յուրաքանչյուրը կարող է «չիկարելիների» ու կարծրատիպերի մեծ ցուցակներ կազմել: Նման խիստ ավանդական պատկերացումները խանգարում են աղջիկներին ու տղաներին, կանանց ու տղամարդկանց շփվել, իսկ երբեմն էլ հարաբերությունները սրում են ու անգամ հանգեցնում ամուսնալուծության, սկանդալների: Իսկ եթե ամուսինները չեն էլ բաժանվում, ապա ժամանակի ընթացքում հիվանդանում են տարբեր հոգեսոմատիկ հիվանդություններով` նևրոզներով, արյան ճնշման հիվանդություններով, ստամոքսի խոցով, ասթմայով ևն:
Ավանդական դրվածքները խանգարում են կանանց ու տղամարդկանց դրսևորվել աշխատավայրում, կարիերա անել, բավականություն ստանալ սեքսուալ կյանքից կամ էլ պարզապես երջանիկ լինել: Ավանդական հայացքների հիմնական օղակն այն գաղափարն է, որ կանանց ու տղամարդկանց միջև արմատական տարբերություններ գոյություն ունեն:
XX դարում հոգեբանները բազում փորձարարական ուսումնասիրություններ են կատարել, որոնք ապացուցել են, որ կանայք ու տղամարդիկ միանման ունակություններ ունեն, ինչպիսիք են հիշողությունը, տրամաբանական մտածողությունը, ինտելեկտն ու ստեղծագործական մոտեցումը: Ուսումնասիրություններով լուրջ տարբերություններ չեն հայտնաբերվել կանանց ու տղամարդկանց հոգեբանության մեջ, և անգամ գոյություն ունեցող տարբերությունները չնչին են գնահատվել: Միակ բանը, որ հստակ շատ ավելի հատուկ է կանանց, զարգացած էմպաթիան է` ինքնամոռաց ապրումներն ուրիշի փոխարեն. կանայք ավելի հաճախ են իրենց ուրիշի տեղը դնում: Դա մեր ժամանակներում խիստ արժեքավոր հատկություն է, ինչը թերևս պակասում է քաղաքական գործիչներին ու պաշտոնյաներին: Հապա փորձենք պատկերացնել, թե իշխանությունն ինչպիսին կլիներ, եթե իշխանական մարմիններում ավելի շատ կանայք ներգրավված լինեին:
«Լավ աղջիկները չեն կռվում» դրվածքը հանգեցնում է նրան, որ հասուն կանանց մոտ գերազանցում է վերբալ (խոսքային ) ագրեսիան, իսկ տղամարդկանց մոտ` ֆիզիկականը:
Անցել են այն ժամանակները, երբ կյանքում հաջողության հասնելու համար պահանջվում էր տղամարդու կոպիտ ուժ, հիմա իրականությունն այլ պահանջներ է ներկայացնում` կապված լավ կրթության, լեզուների իմացության, ճկունության, գործունեության ազատ ընտրության, նպատակներին հասնելու հմտության հետ: Տղամարդիկ ու կանայք միանման կարող են համապատասխանել այդ պահանջներին:
Ասվածի նպատակը հրաշալի բացատրում է մեծերից մեկի խոսքը.«Թախիծը, որն արցունքով չի արտահայտվում, ստիպում է լացել ներքին օրգաններին»: Դա վերաբերում է հենց այն սկզբունքային հարցին, թե պետք է արդյոք տղամարդն արտասվի:
Բնությունը մարդուն օժտել է «լացի ու արցունքի» օգնությամբ խեղդող վշտից ու թախիծից ազատվելու ունակությամբ, սակայն մարդիկ որոշել են, որ արտասվելը կանանց մենաշնորհն է, ու ավանդաբար տղամարդուն «զրկել» են այդ իրավունքից: Սակայն բնությանը չես խաբի. դրա հետևանքով հասարակությունն ունի խոցով, գաստրիտով, սիրտ-անոթային հիվանդություններով տառապող տղամարդիկ, իսկ սրտամկանի ինֆարկտն ու կաթվածը զրկում են շատերին մինչև խոր ծերություն ապրելու հնարավորությունից:
Արտասվելու փոխարեն տղամարդիկ վիշտը խեղդում են ալկոհոլի մեջ` դրանով իսկ նաև լյարդի ցիռոզի վտանգին ենթարկվում:
Դրա համար գուցե չպետք է տղա զավակին փոքրուց սովորեցնել, թե ամոթ է, տղան չի լացի, այն էլ այն ժամանակ, երբ փոքրիկը վնասել է ծունկն ու իր ցավն է լացում:
Իսկ ինչո՞ւ են կանայք լալիս
Կանանց արցունքները և՛ զենք են, և՛ պաշտպանություն: Կնոջ արցունքները տղամարդուն կարող են զայրացնել, նյարդայնացնել ու գրավել: Սակայն կանայք հենց այնպես չեն լալիս:
Որքան էլ տարօրինակ է, կանանց լալկանությունը զուտ ֆիզիոլոգիական բացատրություն ունի: Կանանց արյան մեջ պրոլակտին հորմոն կա, որը պատասխանատու է արցունքի ու, որ շատ հետաքրքիր է, երեխային կրծքով կերակրելու շրջանում կաթի առաջացման համար:
Լինում են, երբեմն դեպքեր, երբ ասում են` «լացիր` կթեթևանաս»: Արցունքը միայն հոգեկան թեթևություն չի բերում. գիտականորեն ապացուցվել է, որ արցունքը մաքրում է օրգանիզմը: Այն քիմիական բաղադրությամբ տարբերվում է սթրեսի հորմոնից: Արցունքն օրգանիզմից դուրս է բերում թունավոր նյութերը, որոնք սթրեսի ժամանակ են գոյանում: Լացելով մարդը հանգստանում է, մաքրվում:
Ընդունված է կանանց թույլ սեռ անվանել. սակայն իրականում, որքան էլ նրանք քնքուշ, իմաստուն, երբեմն բռնկուն, երբեմն էլ չափազանց սենտիմենտալ են, տղամարդու համար հենարան են: Ընտանիքում ջերմություն ու հարմարավետություն ստեղծելով` կինը պաշտպանում է տղամարդուն: Եվ վիրավորվում է ամուսնու անբավարար ուշադրությունից, սառնությունից ու ժլատ զգացմունքներից: Դա իսկապես արտասվելու չափ վիրավորական է:
Ուրախություն, տխրություն, բերկրանք, զայրույթ. բոլոր դեպքերում կինն իր զգացածն արտահայտում է արցունքով, ուստի եթե ձեր սիրելին, կինը, մայրը, քույրը լաց է լինում, մի բղավեք, մի մեղադրեք նրան թուլության մեջ: Արցունքը նրան օգնում է ազատվել մի շարք ախտերից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: