Հայերեն   English   Русский  

«Համաեվրոպական կենսաքիմիկոսների ասոցիացիա»-ի 42-րդ կոնգրեսին արցախցի մասնակիցը զեկույց է ներկայացրել


  
դիտումներ: 4971

«Soap for Hope» օրգանական օճառների արտադրության հեղինակ արցախցի Լիլիթ Տոնոյանն Իսրայելում մասնակցել է «Համաեվրոպական կենսաքիմիկոսների ասոցիացիա»-ի 42-րդ կոնգրեսին, որտեղ ներկայացրել է «Սինթետիկ լվացնող նյութերի ազդեցությունը բջջաթաղանթի վրա» թեմայով զեկույց:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի կենսաքիմիկոսների անդամ Լիլիթ Տոնոյանն ասել է, որ կոնֆերանսին ներկայացված իր աշխատանքը տպագրվել է Համաեվրոպական կենսաքիմիկոսների ասոցիացիայի կողմից հրատարակվող (ղեկավարվում է Քեմբրիջի համալսարանի կողմից) պարբերականում։

«Այստեղ տպագրվում են միայն կենսաքիմիայի և կենսաֆիզիկայի ոլորտի միջազգային հետազոտությունների ծանրակշիռ աշխատանքներ»,- նշել է Լ. Տոնոյանը և ավելացրել, որ իր ելույթը բջջաթաղանթների հաղորդականության և բջջում տեղի ունեցող կենսական գործընթացների մասին է, և ինքը զեկույցում արցախյան օճառները ներկայացրել է որպես սինթետիկ լվացնող նյութերին այլընտրանք:

Լիլիթ Տոնոյան

Լ. Տոնոյանի խոսքով՝ կոնֆերանսի ընթացքում ներկայացրել է նոր մոդել, որը հնարավորություն է տալիս հետազոտել լվացնող նյութերի հատկությունները առանց կենդանիների վրա թեստավորման։ «Այս գաղափարով հետաքրքրվեցին իտալացի կոլեգաները, ովքեր առաջարկեցին իրենց արտադրանքը թեստավորել այդ մոդելի վրա»,- նշել է Լ. Տոնոյանը և հավելել, որ դա իրենից ներկայացնում է բջջաթաղանթի արհեստական ստացված մոդել, որն իր հատկություններով ու ֆիզիկաքիմիական պարամետրերով գրեթե չի տարբերվում բնականից, և շատ հարմար է չափումներ ու հետազոտություններ կատարելու համար։ Մեր զրուցակցը նշեց նաև, որ կոնֆերանսին մասնակցելը իր համար բացառիկ հնարավորություն էր հանդես գալու ժամանակակից աշխարհահռչակ գիտնականների և գիտահետազոտողների հետ։

Լիլիթ Տոնոյան

«Օճառները որպես Արցախյան էկո արտադրանք» հոկտեմբերին ներկայացվելու են նաև Գերմանիայում էկոփառատոնի ժամանակ: Լ. Տոնոյանի տեղեկացմամբ՝ իր արտադրած օճառները՝ որպես արցախյան ապրանքանիշ, նա ներկայացրել է նաև այլ միջազգային սեմինարների ժամանակ` Մոլդովայում՝ Make it Matter ծրագրի շրջանակներում և ATP-ում՝ «Սոցիալական ձեռնարկատերերը հանուն կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի» ծրագրում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: