Հայերեն   English   Русский  

​Ադրբեջանում ընդդիմադիր շարժումը կուսակցության վերածվելու որոշում է կայացրել


  
դիտումներ: 864

Ադրբեջանում «Հանրապետական այլընտրանք» (ReAl) շարժումը քաղաքական կուսակցության վերածվելու վերջնական որոշում է կայացրել և հոկտեմբերի 29-ը կազմակերպության համագումարի անցկացման օր նշանակել:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը, այս մասին հայտարարել է «ReAl»-ի գործադիր քարտուղար Նաթիգ Ջաֆարլին: Համագումարի անցկացման մասին որոշումը կայացվել է սեպտեմբերի 24-ին՝ կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի անդամների հանդիպման ժամանակ: Կուսակցության ձևափոխման աշխատանքները սկսվել են մի քանի տարի առաջ:

Ջաֆարլին չի բացառել, որ այդ նոր կուսակցությունը կմասնակցի 2018 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին: «Մեր կազմակերպությունը կարծում է, որ քաղաքական կուսակցությունը պետք է մասնակցի ընտրություններին. բոյկոտը տարբերակ չէ»,- նշել է Ջաֆարլին:

«ReAl» շարժումը ստեղծվել է 2009 թ-ին՝ սահմանադրական հանրաքվեի նախօրեին: Այն հանդես է եկել նախագահի պաշտոնում միևնույն անձի՝ ավելի քան երկու պաշտոնավարման ժամկետի սահմանափակման վերացման դեմ: Շարժման ղեկավար Իլգար Մամեդովը 2013 թ-ի հունվարին Իսմայիլի շրջանի իրադարձությունների առնչությամբ կալանավորվել է: Նա մեղադրվել է զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ՝ դատապարտվելով 7 տարվա ազատազրկման:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նրա կալանավորումը անօրինական, քաղաքականապես մոտիվացված է համարել՝ նրան անմիջապես ազատ արձակելու որոշում կայացնելով: 2014 թ-ի մայիսին Ստրասբուրգի դատարանի կողմից ընդունված որոշումը մինչ օրս չի իրականացվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: