Հայերեն   English   Русский  

​Ի՞նչ են նվիրում հայ պաշտոնյաները ամերիկացի գործընկերներին


  
դիտումներ: 999

Միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների մասնագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է, թե ինչ են նվիրում հայ պաշտոնյաները ամերիկացի գործընկերներին:

"Երեկ անդրադարձել էի, թե ինչ են ադրբեջանցի պաշտոնյաները նվիրում ամերիկացի գործընկերներին։ Դրանք գերազանցապես սև խավիարի տարաներ են, թանկարժեք խալիներ և պերճանքի առարկաներ։ Հանուն արդարության անդրադառնում եմ նաև նրան, թե ինչ են հայ պաշտոնյաները նվիրում։

Իհարկե, ժամանակի սղության պատճառով ամբողջությամբ չեմ ուսումնասիրել, բայց այս պահին ունենք հետևյալ պատկերը։ Պարզվում է Սերժ Սարգսյանը հիմնականում գիրք է նվիրում։

Այսպես, 2012թ․ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին նվիրել է «Մշո Ճառընտիր» գիրքը։ 2013թ․ Սերժ Սարգսյանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային է նվիրել Ուիլյամ Սարոյանի գիրքը։ Նույն թվականին ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնին նվիրել է «Հայկական մանրանկարչությունը» գիրքը։ Նույն թվականին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԱՄՆ իր գործընկերոջը նվիրել է երաժշտական հավաքածու՝ ձայնասկավառակ` նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև «Ժանսեմ» և «Արևմտյան մամուլի անդրադարձը Լեռնային Ղարաբաղին 1988-1990թթ․» գրքերը։

Ամենաթանկ նվերը, որ մինչ այս պահը գտել եմ, ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանի նվերն է դեսպան Հեֆֆերնին, որը արժեցել է 5000 դոլար։ Դա Ռաֆայել Մելիքյանի վրձնին պատկանող կտավն է, որը Հեֆֆերնը փոխանցել է համապատասխան լիազոր մարմնին։

Սա բնականաբար ամբողջական ցանկ չէ և շարունակելի է",-գրում է Սուրեն Սարգսյանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: