Հայերեն   English   Русский  

​Հայկական Moon տեսախցիկներին աշխարհում հազարավոր մարդիկ են սպասում


  
դիտումներ: 12795

Հավանաբար շատերն են հատկապես համացանցում տեսել հայկական ծագմամբ «ճախրող» տեսախցիկների լուսանկարներ կամ տեսանյութեր: Խոսքը Moon տեսախցիկների մասին է, որոնք ավելի շատ ոչ թե տեսախցիկ են, այլ անվտանգության, ավտոմատացման սարքեր՝ կառավարման համակարգեր, որոնք իրենց մեջ ունեն նաև տեսախցիկներ:

Այս տեսախցիկներն ունեն, օրինակ, շրջապատի շարժումները կամ ձայները «ճանաչող» ընկալուչներ և կարող են նաև դրանց արձագանքել՝ թեքվելով դեպի շարժման կամ ձայնի աղբյուրը: Սրանք կարող են նաև ցույց տալ այն սենյակի կամ տարածքի ջերմաստիճանը, խոնավության և այլ տվյալներ, որտեղ գտնվում են: Նման տվյալները փոխանցվում են համակարգչին, սմարթֆոնին կամ պլանշետին: Այս տեսախցիկները մագնիսների միջոցով օդում լևիտացիա են անում՝ «կախված են» օդում, պտտվում են 360 աստիճանով: Բացի այդ, հնարավորություն են տալիս նաև հեռակառավարելու ինֆրակարմիր ճառագայթների հիման վրա աշխատող ցանկացած սարք, օրինակ՝ հեռուստացույց, օդորակիչ, ջեռուցման համակարգ և այլն:

Նման սարք ստեղծելու միտքը, ինչպես «Անկախին» տեղեկացրեց գաղափարի հեղինակ Սերգո Օգանովը, ծագել է մարդկանց պահանջները հասկանալուց, երբ պարզ է դարձել, որ նման համակարգերի կարիք իրականում շատ կա: Ընդ որում՝ Moon-ը ստեղծողները մտածել են, որ այն պետք է լինի առավելագույնս պարզ, հարմար, կոմպակտ ու հեշտ կառավարելի: Ի լրումն՝ աշխարհի ամենակարևոր դերակատարների հետ պետք է ինտեգրվի:

«Բոլորն էլ հասկանում են, որ կենցաղում էլ կան բազմաթիվ սարքեր, գործողություններ, համակարգեր, որոնք չպետք է ժամանակ խլեն, արդյունավետ ու առանց ժամանակի ավելորդ կորստի պետք է կառավարվեն խելացի սարքերի միջոցով: Ու այդպես որոշեցինք ստեղծել այս սարքը, որն ավելի շատ անվտանգության ու ավտոմատացման համակարգ է: Գաղափարը ծագելուց մեկ տարի հետո էլ՝ 2016 թ., արդեն կար Moon-ի նախատիպը: Այս սարքերը դեռ մասսայական արտադրության չեն դրվել. մասսայական արտադրություն էլ, որպես այդպիսին, չի լինելու: Գաղափարի հեղինակը ի սկզբանե որոշել է, որ այս նախագիծը պետք է իրականացվի քրաուդֆանդինգի միջոցով:

«Մենք սկսեցինք նախատիպը պատրաստելով, որպեսզի պոտենցիալ գնորդներին կարողանանք ցույց տալ, թե ինչ ենք պատրաստում, ինչ սկզբունքով է մեր արտադրանքը աշխատելու և այլն: Մի բան է միտք ունենալը, մեկ այլ բան է, երբ մարդու ձեռքն ես տալիս գոյություն ունեցող նախատիպը: Նա կարողանում է շոշափել, զգալ, տեսնել, թե ինչպես է աշխատում, մի խոսքով՝ ամբողջությամբ պատկերացնել, թե ինչի մասին է խոսքը»,- նշում է նախագծի հեղինակ Սերգո Օգանովը:

Նախատիպը ստեղծելու ամբողջ ֆինանսական ծանրությունն էլ կրել են թիմի անդամները սեփական միջոցների հաշվին: Չնայած տասնյակ հազար դոլար գումարների մասին չէ խոսքը: Մոտ 20-30 հոգուց բաղկացած թիմն էլ սկզբում աշխատել է էնտուզիազմով, պարզապես նախաձեռնության կենսունակությանը հավատալով:

Ներդրման ծավալը պարզ կլինի այն ժամանակ, երբ հայտնի կլինի, թե քրաուդֆանդինգով որքան միջոց է հավաքվում, այսինքն՝ քանի հոգի է ուզում գնել Moon տեսախցիկներ: Թեև դեռ գնի վերաբերյալ տեղեկություն չի հրապարակվում, Սերգո Օգանովը նշում է, որ համաշխարհային շուկայում նման համակարգերի գներից Moon-երն անհամեմատ ավելի մատչելի կլինեն:

«Մեր առաջարկին ծանոթանալուց հետո մարդիկ կարծիք են հայտնում, որ մեր արտադրանքը պետք է լինի 400-600 ԱՄՆ դոլարի սահմաններում, բայց մենք պատրաստվում ենք ավելի էժան վաճառել այն»,- ժպտալով նշում է Սերգո Օգանովը:

Moon տեսախցիկներ

Ամեն դեպքում արձագանքները բավականին դրական են. մի քանի հազար հոգի արդեն իսկ հայտնել է, որ պատրաստ է ձեռք բերել Moon համակարգեր, երբ կսկսվի դրանց քրաուդֆանդինգի փուլը: Այսինքն՝ դեռ բուն արտադրության գործընթացը չսկսված՝ միջազգային շուկայում սպասում են հայկական այս արտադրանքին:

Ի դեպ, այս տեսախցիկները ստեղծելու գաղափարը կյանքի կոչելու ճանապարհին որևէ դժվարություն չի եղել, միայն՝ ինժեներական մարտահրավերներ:

«Այդ տեխնիկական, ինժեներական խնդիրներն էլ մտածում ես՝ ինչպես հաղթահարես, մտածում ես, փորձում, փորձարկում, նորից փորձում, շտկում: Մի խոսքով՝ ամիսներ են տևում, մինչև գտնում ես լուծումները,- նշում է Moon-ի գաղափարի հեղինակն ու հավելում,- ցանկացած նախաձեռնություն էլ ունենում է խնդիրներ, իսկ դրանք հաղթահարելու համար պետք է ճիշտ թիմ գտնես, այն մարդկանց, որոնք կարող են իրենց գործը լավ անել»:

Թիմի հիմնական մոտեցումն էլ այն է, որ մնան Հայաստանում ու կարողանան ստեղծել, արտադրել այնպիսի բան, որի շուկան դրսում է:

«Այսինքն, եթե լավ ինժեներ կամ լավ ծրագրավորող ես, ընդհանրապես անհրաժեշտություն չկա, որ վեր կենաս ու գնաս երկրից հարմար աշխատանք գտնելու համար, այլ մնաս այստեղ ու Հայաստանում ապրելով՝ կարողանաս այնպես անել, որ շուկադ լինի ամբողջ աշխարհը: Դա մեր գլխավոր մոտիվատորն է՝ կարողանանք ոչ թե ներմուծում անել, այլ արտահանումով զբաղվել»,- ասաց Սերգո Օգանովը:

Վիճակագրությունը ցույց է տալիս, ինչպես նշում է նա, որ ոչ բոլոր բիզնեսներն են հաջողվում, իրենք էլ այդ ռիսկից զերծ չեն: Բայց կարևորն այն է, որ վաճառես ոչ թե այն, ինչ ունես, այլ այն, ինչ պետք է: Այսինքն՝ ստեղծես մի բան, որն իրականում պահանջարկ ունի: Իսկ դրա համար պետք են հարցումներ, հետազոտություններ անես հասկանալու համար, թե համաշխարհային շուկայում ինչ է պետք: Ու քանի որ վիճակագրությունը ցույց է տալիս նաև, որ ավելի շատ բիզնես նախագծեր են ձախողվում են, քան հաջողվում, այդ հաջողակների շարքը համալրելու համար չպետք է չմտածել, թե մենակ ինչ-որ լուրջ արդյունքի հնարավոր է հասնել, երբեք, պետք է միշտ գիտակցել, որ ուժը թիմի մեջ է: Պետք է միշտ ուշադրության կենտրոնում պահել գործդ ու ամեն օր մեկ-երկու քայլով ավելի մոտենալ վերջնական նպատակին, միշտ չափումներ ու հետազոտություններ անել, ուսումնասիրել ոլորտը, նախագծի առանձնահատկությունները և այլն: «Պետք է լուրջ վերաբերվել ցանկացած բիզնեսի»,- ասում է նա՝ հերքելով այն տեսակետը, թե Հայաստանում հնարավոր չէ լուրջ հաջողություններ ունենալ:

«Իրականում ոչ մայն մեր, այլև տարբեր ոլորտների ներկայացուցիչ ընկերներիս հետ զրույցներից հասկացել եմ մի բան՝ իրականում կարծես ավելի շատ անելիքներ, հնարավորություններ կան, քան գործ անողներ: Իսկ ընդհանուր առմամբ ամեն մեկը պետք է, այսպես ասած, տեր կանգնի իր գործին, գիտակցի, թե ինչ է անում ու հանուն ինչի է անում: Բայց նախ և առաջ պետք է ինչ-որ բան անի»,- նշում է Սերգո Օգանովը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: