Հայերեն   English   Русский  

Մամուլը երբեմն նաև բացասական բաներ է գրում, ինչը բնական եմ համարում. Առուշ Առուշանյան


  
դիտումներ: 13205

Սեպտեմբերի 14-ին վարչապետ Կարեն Կարապետյանը Գորիս համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց 26-ամյա Առուշ Գագիկի Առուշանյանին: Գորիս համայնքի ղեկավար Վաչագան Ադունցը սեպտեմբերի 8-ին պարտադրված հրաժարականի դիմում էր ներկայացրել: Առուշ Առուշանյանը համայնքը ժամանակավոր կղեկավարի մինչև 2017 թ. նոյեմբերի 5-ը` տեղական ինքնակառավարման ընտրությունների օրը:

Ադունցի հրաժարականից հետո լուրեր շրջանառվեցին, որ դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը որոշել է ազատվել նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կադրերից, որոնք իրեն չեն ենթարկվում: Իսկ Առուշանյանի նշանակման պահից անմիջապես սկսվեց Գորիսի քաղաքապետի երիտասարդ պաշտոնակատարի մասին տարաբնույթ լուրերի հոսքը մամուլ: Այդ առիթով «Անկախը» զրուցել է Առուշ Առուշանյանի հետ:

- Նախ՝ բոլորին հետաքրքրող հարցը. պարո՛ն Առուշանյան, պատրաստվո՞ւմ եք առաջիկայում առաջադրվել որպես Գորիսի համայնքապետի թեկնածու:

- Այդ մասին առաջիկայում կխոսեմ:

- Արդեն մոտ երկու շաբաթ է, ինչ նշանակվել եք Գորիսի համայնքի ղեկավար, ի՞նչ եք արել այս ընթացքում:

- Գորիսում ընթանում են քաղաքի մաքրման, կանաչապատման և բարեկարգման մեծածավալ աշխատանքներ: Քաղաքի տարբեր հատվածներում իրականացվում են հողի փխրեցման, նոր սևահողի ավելացման, մայթեզրերի քերման աշխատանքներ: Կանաչապատվում , ծաղկապատվում, բարեկարգվում են քաղաքի բոլոր անխնամ հատվածները: Քաղաքացիների ընդունելություն է կատարվում տարբեր բնակավայրերում, սոցիալական մի շարք խնդիրների ընթացք է տրվել, համայնքային նշանակության բազմաթիվ խնդիրներ ուսումնասիրվում են՝ լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու նպատակով: Իրականացվում են ճանապարհների բարեկարգման, հարթեցման աշխատանքներ: Համայնքի բյուջեում փոփոխություններ կատարելուց հետո կսկսվեն ասֆալտապատման աշխատանքները: Ամեն օր, առանց դադարի, հետևողականորեն աշխատում ենք:

- Ինչ վերաբերում է հասարակական տրանսպորտը անվճար դարձնելուն՝ դա ժամանակավո՞ր որոշում է, թե՞ երկարատև ժամանակահատվածի համար եք դիմել նման քայլի: Ո՞րն է այդ քայլի նպատակը:

- Բնականաբար երկարատև է լինելու: Բազմիցս նշել եմ, որ մեր ընտանիքին պատկանող ընկերության եկամուտների հաշվին տարիներ շարունակ լուրջ ներդրումներ են իրականացվել տարբեր համայնքներում: Գորիսում որևէ մեկի համար նորություն չէ մեր կողմից արված որևէ ներդրում: Սա հերթական նախաձեռնություններից մեկն է:

- Մինչև ընտրությունները ղեկավարելու եք Գորիսը, ի՞նչ եք պատրաստվում անել մինչ ընտրությունները:

-Այս պահին մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվում. մեր թիմի հետ շարունակում ենք այն դրական փոփոխությունները, որ սկսել ենք: Զուգահեռ հանդիպումներ ենք ունենում բնակիչների հետ, լսում նրանց խնդիրները: Բոլոր քայլերը պետք է ուղղվեն հանրությանը հուզող հարցերի լուծմանը: Խնդիրները շատ են, մեր ջանքերն ուղղված են դրանց լուծմանը քայլ առ քայլ:

- Երբ Դուք նշանակվեցիք Գորիսի համայնքապետ, տարբեր խոսակցություններ սկսեցին շրջանառվել, ինչպե՞ս եք վերաբերվում այդ խոսակցություններին:

- Երբեմն սոցիալական ցանցերում հետևում եմ իմ համաքաղաքացիների արձագանքներին, մեկնաբանություններին, որոնք հիմնականում դրական են, ինչն ինձ ոգևորում է և պարտավորեցնում: Մամուլը նաև բացասական է երբեմն գրում. բնական եմ համարում:

- Տարբեր լրատվամիջոցներ գրեցին ու հատկապես շեշտեցին Ձեր երիտասարդ տարիքը. երիտասարդ լինելը չի՞ խանգարում մի ամբողջ համայնք ղեկավարելուն:

- Կարևորը կատարվող աշխատանքի ծավալն է և որակը: Տարիքը ոչ մի դեպքում չի կարող խոչընդոտ լինել, եթե կա կամք, նպատակասլացություն և հետևողականություն:

- Եթե Գորիսի առաջիկա ընտրություններում առաջադրվեք որպես թեկնածու, տարիքի հանգամանքը չի՞ խանգարի:

- ԱԺ ընտրություններում շուրջ 7000 քվե եմ ստացել: Կարծում եմ՝ սա խոսում է այն մասին, որ արժանացել եմ հասարակության վստահությանը և տարիքս չի խանգարել:

- Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կարող է անել երիտասարդ համայնքապետը, ի տարբերություն ավելի տարիքով համայնքապետի, որ վստահություն ներշնչի համայնքի բնակիչներին:

- Համայնքապետ ընտրելով՝ հանրությունը լուրջ ակնկալիքներ է ունենում, սպասելիքներ: Վստահության են արժանանում այդ սպասելիքներն արդարացնելով, անկախ տարիքից:

- Թեկուզև շատ կարճ ժամանակահատված է, ինչ ղեկավարում եք Գորիսը, բայց կա՞ն արդյոք խնդիրներ, որ զգացել եք անմիջապես, համարում եք առաջնահերթ լուծում պահանջող:

- Համայնքի խնդիրներին վաղուց եմ ծանոթ, գիտեմ նաև դժվարությունները: Բոլոր խնդիրներն են կարևոր, ցանկացած հարց պետք է լուծում ստանա, եթե մտահոգում է բնակչին: Բոլոր հարցերն էլ լուծելի են ժամանակի մեջ, քայլ առ քայլ առաջ ենք գնալու:

- Ինչպե՞ս եք պատրաստվում լուծել այդ խնդիրները:

- Հանրության ձայնը լսելով, համագործակցելով, համայնքի ավագանու հետ համատեղ, թիմային աշխատանքով միասին գտնելու ենք այն բոլոր ճանապարհները, որոնք Գորիսը տանելու են զարգացման ուղղությամբ:

- Ինչպե՞ս եք պատկերացնում Գորիսի ապագան, ինչի՞ն են ուղղված լինելու Ձեր ջանքերը ընդհանրապես:

- Տեսնում եմ այնպիսին, ինչպիսին կցանկանար տեսնել յուրաքանչյուր գորիսեցի՝ օրեցօր վերականգնվող, զարգացած ենթակառուցվածքներով, բարեկարգ և ներկայանալի: Գորիսը լավագույն քաղաքներից մեկը պետք է լինի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: