Հայերեն   English   Русский  

​Լավ կլիներ, որ Հայաստանում մայրիշխանություն լիներ.Նարինե Թուխիկյան


  
դիտումներ: 6081

«Ամեն ինչ քաղաքացի լինելուց է սկսվում։ Եվ ես առաջին հերթին ինձ իբրև այդպիսին եմ տեսնում։ Դա նշանակում է՝ որտեղ էլ աշխատեմ, առաջին հերթին իմ քաղաքացիական կեցվածքն առաջին պլան կմղվի»,- այսպես է բնորոշում իրեն Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը։

Մտավորական և ակտիվ քաղաքացի Նարինե Թուխիկյանի հաջողության պատմությունը ներկայացնելու համար «Անկախը» հարցազրույց է ունեցել նրա հետ։

- Տիկին Թուխիկյան, գիտեմ, որ դպրոցական հասակում երազել եք հնագետ դառնալու մասին, սակայն ընտրել եք լրագրողի մասնագիտությունը, իսկ այժմ թանգարան եք ղեկավարում։ Ինչպե՞ս է դա ստացվել։

- Այո, մանուկ հասակում երազել եմ հնագետ դառնալ։ Բայց քանի որ ինձ ասել էին, որ այդ մասնագիտությամբ սովորելու համար քիմիայից քննություն պետք է հանձնեմ, նահանջեցի: Վստահ էի, որ չեմ հաղթահարի ու չեմ ընդունվի։ Ընտրեցի լրագրողի մասնագիտությունը և ընդունվեցի ԵՊՀ բանասիրության ֆակուլտետ. այն ժամանակ լրագրությունն առանձին ֆակուլտետ չուներ։

Երկար տարիներ աշխատել եմ հեռուստատեսությունում։ Իսկ լրագրողական գործունեության վերջին տարիներին արխիվային ուսումնասիրություններ էի իրականացնում։ Այդպես, կարելի է ասել, աստիճանաբար իրականացավ հնագիտությամբ զբաղվելու իմ մանկության երազանքը։

Լրագրությունից հեռանալու որոշումը հեշտ կայացրեցի, քանի որ հեռուստատեսությունն ինձ այլևս դուր չէր գալիս. բարոյական, մշակութային առումով շատ բան խեղաթյուրված էր։ Իմ հաղորդաշարից առաջ և հետո սարսափելի հաղորդումներ էին եթեր հեռարձակվում, օրինակ՝ ռաբիս երաժշտության համերգ կամ խայտառակ «հումորային» հաղորդումներ։ Մինչդեռ այդպես չի կարելի. ամեն ինչ պետք է ներդաշնակության մեջ լինի։

Հեռուստատեսությանը՝ տնօրինությանը, սեփականատերերին, արդեն պետք չէին իմ հաղորդման նման հաղորդումներ, չնայած հասարակությանը պետք էին։ Բայց ես ունեի գաղափարներ, մտահղացումներ, գիտեի՝ ինչ կարող եմ անել ու ինչի համար։ Եվ հասկացա, որ այստեղ՝ թանգարանում, կկարողանամ իրականացնել մտահղացումներս, որոնք մշակութային են, կրթական և հետաքրքիր։ Սա մի նոր մարտահրավեր էր, որն ինձ նոր լիցքեր հաղորդեց։

-Ի՞նչ կփոխեիք, եթե նորից ընտրության հնարավորություն ունենայիք:

- Կփորձեի ավելի լավ կրթություն ստանալ։ Իմ ժամանակ այն հնարավորությունները չկային, ինչ հիմա կան։ Կային մեկ համալսարան, մեկ Սովետական Միություն և շատ քիչ հնարավորություններ։ Կուզենայի դրսում լավ կրթություն ստանալ, բարձր մասնագետ դառնալ։ Բան չունեմ ասելու, մեր համալսարանն այն ժամանակ վատը չէր, բայց մրցունակ չէր, ինչպես և հիմա մրցունակ չէ։

- Ինչպե՞ս եք կարողացել համատեղել կարիերան ու ընտանիքը։

- Այդ երկուսը ես հավասար նժարների վրա եմ դրել։ Ինձ համար մեկը մյուսով փոխարինելու ենթակա չեն։ Սրանք զուգահեռ ճանապարհներ են, որ պիտի անցնես։ Դժվարություն է իհարկե։ Բայց սրանք կյանքի համեմունքներն են՝ աշխատանք, ընտանիք, երեխաներ։ Սրանք պետք է իրար լրացնեն, և իմ դեպքում լրացրել են, չնայած դա հաճախ եղել է անքուն գիշերների, հոգնածության, նյարդայնության հաշվին, բայց կյանքն այդպիսին է. այն հեշտ չի լինում։

Մարդու ընտրությունն է, թե որ ճանապարհով է ուզում գնալ, մե՞կն ունենալ, թե՞ համատեղել մի քանիսը։ Բայց մարդու ֆիզիկական ռեսուրսը, պոտենցիալը հնարավորություն է տալիս միաժամանակ մի քանի ուղղությամբ հավասարապես ընթանալ։

- Ո՞րն է Ձեր հաջողության բանաձևը։

- Իմ հաջողության գաղտնիքն իմ նպատակասլացությունն է։ Ես միշտ նպատակներ եմ դնում ու այդ նպատակները երբեք չեմ կորցնում տեսադաշտից։ Ես գիտեմ, թե ինչ եմ ուզում և ինչպես եմ դրան հասնելու։ Երբեք անիրատեսական, էմոցիոնալ բաների չեմ տրվում։ Ճիշտ է, բոլոր նպատակներիս մեջ ռոմանտիկա կա, բայց նաև ունեմ բոլոր քայլերի ալգորիթմը։

Մի խոսքով՝ կա նպատակ, կա ճանապարհ, կան բազմաթիվ դժվարություններ, և դրանք հաղթահարելը մեծ բերկրանք է պատճառում ինձ։

Իհարկե, այս հատկությունները մարդու մեջ կարելի է և կրթության միջոցով զարգացնել, բայց իմ դեպքում կրթության գործոնը չկա։ Սովետական տարիներին մարդկային ռեսուրսի զարգացման, բացահայտման մոտեցումներ չկային։ Շատ բան մարդու խառնվածքից, բնավորությունից է կախված։ Հիմա ես ինչ անում եմ՝ սպոնտան եմ անում, բնազդով։ Բայց կարծում եմ, որ դա գիտական հիմք ունի, և կարելի է հղկել երիտասարդի, ուսանողի մեջ։

- Ի՞նչ կարգախոսով եք առաջնորդվում կյանքում։

- Չհուսահատվել, երբեք չհուսահատվել, միշտ գնալ առաջ և երբեք թույլ չտալ, որ ինչ-որ մարդիկ նստեն քո գլխին, ով ուզում է լինի՝ ընտանիքի անդամ, համայնքի անդամ թե աշխատանքային ղեկավար։

- Ի՞նչ է պետք մարդուն, մանավանդ կնոջը հաջողության հասնելու համար։

- Աշխատասիրություն, կրթություն։ Իհարկե, նաև հաջողակ լինելու գործոնը կա։ Բայց ենթադրում եմ, որ այդ հաջողակ լինելու առումով, երբ համառում ես քո նպատակներին հասնելու համար, տիեզերքն էլ կարծես քեզ աջակցում է։ Երբ ջանք չես թափում՝ տիեզերքն էլ չի արձագանքում քեզ։

-Ձեր կարծիքով՝ ո՞վ կարող է համարվել հաջողակ կին։

- Ով որ բավարարված է կյանքում որևէ հարցում, աշխատանքում, ընտանիքում։ Կարևոր է, որ ինքդ քեզանից գոհ լինես։

- Կանայք և տղամարդիկ Հայաստանում որքանո՞վ հավասար հնարավորություններ ունեն։

- Ձևական առումով, այո, հավասար հնարավորություններ ստեղծված են, բայց իրականության մեջ դա այդպես չէ, քանի որ պատրիարխալ հասարակությունում ենք ապրում։ Դա լավ չէ, որովհետև կյանքը ցույց է տալիս, որ իրենք այնքան էլ լավ չեն կառավարում։ Դա չեմ ասում նրա համար, որ անտագոնիզմ ունեմ: Ո՛չ, ես սիրում եմ տղամարդկանց։

Բայց իրենք լավ չեն կառավարում, որովհետև… Այդ որովհետևի պատասխանը չունեմ։ Իրենք ավելի քիչ հոգատար են իրենց կառավարած գրասենյակի, ոլորտի, պետության հանդեպ։ Կանայք ավելի ուշադիր և հոգատար են, ծախսելու առումով ավելի հաշվարկված մոտեցում ունեն։ Լավ կլիներ, որ Հայաստանում մայրիշխանություն լիներ։ Մի պահ անպայման պետք է լինի, որ ամեն ինչ տեղը գա։

- Իսկ ի՞նչ քայլեր են հարկավոր հավասար հնարավորությունների ստեղծման համար։

- Նախ՝ դաստիարակությունից պետք է սկսենք։ Տղա և աղջիկ երեխաները պետք է դաստիարակվեն ընտանիքում, դպրոցում։ Իսկ հիմա դա չկա։ Թումանյանն ասում էր՝ երբ մի տղա ենք դաստիարակում, դաստիարակում ենք մի մարդ, երբ մի աղջիկ ենք դաստիարակում, դաստիարակում ենք մի ընտանիք։ Մենք չունենք այդ դաստիարակությունը։

Որ ասում ենք պատրիարխալ, այժմ դա փտած, բովանդակությունը միջից դուրս եկած է։ Մեր նահապետական ընտանիքները բացարձակ հավասարության վրա են եղել, և ամեն մեկն իր հստակ դերը, պարտավորություններն ու իրավունքներն է ունեցել։ Հիմա իրավունքները դուրս են եկել, մնացել են միայն պարտավորությունները և տղամարդու բարձր ձայնը, երբեմն նաև բռունցքը։

Օրինակ՝ մեզ մոտ դասարաններով երեխաներ են գալիս։ Տղաներն անմիջապես նստում են աթոռներին, քանի որ հոգնած են, իսկ աղջիկները և իրենց ուսուցիչները մնում են ոտքի վրա։ Երբ սաստում եմ՝ ուսուցիչները սկսում են պաշտպանել տղաներին, փռում են փեշերը տղաների վրա և այդպես փչացնում են։

Այսպիսին է պատկերը, քանի որ ձևի և բովանդակության ներդաշնակությունը խաթարվել է։ Մնացել է այն մտայնությունը, որ տղաները ավելին են։ Ոչ, այդպես չէ; Հակառակը, տղաներն ավելի մեծ պատասխանատվություն պետք է ունենան:

Առողջ ընտանիքներ նկատել եմ սփյուռքահայերի մեջ, հատկապես նրանց մոտ, որոնք տեղափոխվել են Հայաստան։ Սփյուռքահայ ընտանիքներում բալանսը ճիշտ է դրված՝ հայրերը երբեք իրենց զերծ չեն պահում իրենց երեխաների դաստիարակությունից կամ ժամանցը կազմակերպելուց։

Առողջ, չկուսակցականացված երիտասարդների մեջ էլ այդ բանը կա, քանի որ իրենք ազատ են, բաց են, տեսնում են, թե ինչ է կատարվում աշխարհում։ Իսկ աշխարհում հայրիկները կարող են ֆիզարձակուրդ վերցնել իրենց երեխային խնամելու համար։

- Մեր երկրում բնակչության կեսից ավելին կանայք են։ Որքանո՞վ է ճիշտ օգտագործվում կանանց պոտենցիալը։

- Չի օգտագործվում, որովհետև տղամարդիկ «բաժանիր, որ տիրես» սկզբունքով են ապրում, իրենց ձեռք չի տալիս կանանց պոտենցիալն օգտագործելը։ Հասարակության մեջ էլ այդ պահանջմունքը չկա։

Բայց դա նաև չի նշանակում, որ բոլոր կանայք կարող են կամ պետք է ինչ-որ բան անեն։ Կան կանայք, որոնք ընդհանրապես չպիտի լինեն ասպարեզում, բայց մենք այդ կանանց ժամանակ առ ժամանակ տեսնում ենք, ցավոք սրտի, հենց ասպարեզում։

-Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդներին։

- Խորհուրդ չեմ տա, բայց կառաջարկեմ, որ իրենք լինեն ինքնավստահ, հարգեն իրենց և երբեք իրենց կամքին հակառակ որևէ բան չանեն. չամուսնանան, քվեարկության չգնան։

Մինչև հիմա, հատկապես գյուղական շրջաններում, ծնողներն են ընտրում իրենց երեխայի համար հարսնացու կամ փեսացու։ Մարդն ինքը պետք է ընտրի, այդտեղից է սկսվում մնացած բոլոր ընտրություններում ճիշտ կողմնորոշվելը։ Դրանով է պայմանավորված նաև մեր այսօրվա վիճակը։

Նաև կառաջարկեմ, որ անպայման լավ կրթություն ստանան և ինչ էլ անեն՝ անեն մեծ սիրով։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: