Հայերեն   English   Русский  

​Գիտությունն է, որ երկրներին հզորություն է բերում․ Նարինե Ղազարյան


  
դիտումներ: 8309

«Միայնակ գիտությամբ զբաղվել չես կարող, պետք է համագործակցես, տարբեր գործընկերներ ունենաս թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում։ Ուսումնասիրությանդ արդյունքները միայն հայաստանյան գիտնականներին հասանելի դարձնելով՝ հաջողության չես հասնի»,- ասում է կենսաբանական գիտությունների թեկնածու, ԳԱԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Նարինե Ղազարյանը, որ նաև Գիտության պետական կոմիտեի (ԳՊԿ) «Արդյունավետ երիտասարդ գիտաշխատող 2017» մրցույթի հաղթողներից է։

Նարինեն նշում է, որ համագործակցություն ստեղծելու, կապեր հաստատելու լավագույն միջոցը միջազգային համաժողովներն են, շատ կարևոր է մասնակցել դրանց։

Նարինե Ղազարյանն իր օրինակով է ցույց տալիս միջազգային համագործակցության կարևորությունը: Հայաստանի, Գերմանիայի և Պորտուգալիայի գիտական խմբերի հետ ուսումնասիրում է անդրկովկասյան գյուրզայի թույնի հակաուռուցքային ազդեցությունը։ Ասում է, որ միայն Հայաստանում հետազոտությունը լիարժեք չէր լինի, քանի որ ուսումնասիրությունների համար պահանջվող շատ սարքավորումներ չկան, իսկ լինելու դեպքում էլ նյութեր ձեռք բերելն է խնդիր՝ պայմանավորված ֆինանսների սղությամբ։

Պատմում է, որ իր ատենախոսության թեման եղել է օձի թույնի ազդեցությունը կենսաբանական թաղանթների վրա։ Երբ ամերիկյան մի գիտնականի հոդված է կարդացել այն մասին, որ գյուրզայի թույնի բաղադրիչներից մեկը հակաքաղցկեղային ազդեցություն ունի մաշկի քաղցկեղի՝ մելանոմայի վրա, միտք է առաջանում՝ իսկ ինչպիսին է թույնի ազդեցությունը քաղցկեղի ավելի բարդ տեսակի՝ սարկոմայի վրա։

Դիմում է գերմանական Փորձարարական բժշկության Մարկ Պլանկի անվան ինստիտուտ՝ առաջարկելով իրեն հետազոտության հնարավորություն ընձեռել։ Պատասխանը դրական էր։

Ուսումնասիրություններով պարզում են, որ եթե գյուրզայի թույնի մեկ բաղադրիչը 30 տոկոսով ուռուցքային գոյացության աճի արգելակում է առաջացնում, ապա ամբողջական թույնը՝ 50 տոկոսով։ Նարինեն իր հետազոտությունը շարունակում է Պորտուգալիայում՝ Պորտոյի համալսարանում։ Այստեղ էլ ուսումնասիրությամբ պարզվում է, որ թույնը ճնշում է քաղցկեղային գոյացությունում անոթագոյացման գործընթացը՝ այդպիսով թույլ չտալով դրա հետագա մեծացումը։

Նարինեն նշում է, որ հետազոտության գործնական արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է, դեռ բազում հարցեր կան, որոնց պետք է պատասխանել։ «Մենք ասում ենք, որ այդ նյութն ունի հակաուռուցքային ակտիվություն, սակայն չենք ասում, որ բուժում ենք քաղցկեղը»,- ասում է նա՝ հավելելով, որ շարունակվելու են ուսումնասիրությունները։ Իսկ սպասվող դժվարություններից նա չի վախենում․ «Չպետք է նստել ու սպասել, որ ինչ-որ մեկը բերի ու ինչ-որ բան տա քեզ։ Ինքդ պետք է հնարավորություններ փնտրես ու գտնես»։

Հարցին, թե ինչ է պետք գիտնականին միջազգային ասպարեզ դուրս գալու համար, ասում է՝ անգլերենի գերազանց իմացություն, մասնագիտական բարձր գիտելիքներ, աշխատասիրություն և նպատակասլացություն։

Կրթության արդիականացումը՝ ժամանակի պահանջ

Երիտասարդ գիտաշխատողի կարծիքով, սակայն, հայաստանյան համալսարանական կրթությունն ուսանողին բավարար գիտելիքներ և հմտություններ չի տալիս միջազգային ասպարեզ դուրս գալու համար։ Ասում է, որ համալսարանում երիտասարդին տալիս են տեսական և հաճախ՝ հնացած գիտելիք, մինչդեռ առավել կարևոր է գործնական գիտելիքը։

«Երբ առաջին անգամ 2008-ին գնացի Գերմանիա, այնտեղ երեք ամիս լալիս էի։ Հայաստանում ես լավ էի սովորում, պահանջվող տեսական գիտելիքն ունեի, բայց գործնական գիտելիքներ չունեի։ Մեզ մոտ գործնական գիտելիքի և նոր սարքավորումների պակաս կա։ Նաև համալսարանում սերնդափոխության կարիք կա։ XXI դարում ուսանողը չպետք է լսարանում դասախոսություն գրի ու հետո այն վերարտադրի։ Ինֆորմացիայի դարում պետք է այլ մեթոդներ կիրառենք»,- ասում է նա։

Համեմատելով համալսարանական կրթությունը Հայաստանում և Գերմանիայում՝ Նարինեն նշում է, որ այնտեղ ուսանողին ո՛չ խնդրում և ո՛չ էլ պարտադրում են սովորել. դասախոսը տալիս է հանձնարարականը, մնացածն ուսանողի խնդիրն է։

Հայաստանում համալսարանական կրթության խնդիրները Նարինեն պայմանավորում է նաև դպրոցով։ Ասում է, որ մարդ չի կարող որևէ ոլորտում լավ մասնագետ դառնալ, քանի դեռ գործում է «ավարտական դասարանում երկու առարկա կպարապեմ, մի տեղ կընդունվեմ» մտայնությունը։

«Կարևոր է, որ դպրոցում գիտության սեր ներարկվի, երեխաներին ցույց տրվի, որ գիտությամբ զբաղվելով էլ կարող ես լինել հարգված, գումար վաստակել և մտահորիզոն լայնացնել»,- ասում է նա և նշում, որ ներկայում երեխաների մեծ մասը ցանկանում է դառնալ բժիշկ, տնտեսագետ կամ իրավաբան, քանի որ տեսնում են, որ այդ ոլորտի ներկայացուցիչներն են շատ գումար վաստակում մեր երկրում։

Անդրադառնալով մասնագիտության իր ընտրությանը՝ հիշում է, որ դպրոցում լավ էր սովորում ու ամեն ուսուցիչ առաջարկում էր իր ոլորտում մասնագիտանալ։ Ի վերջո՝ որոշիչ է դառնում ֆիզիկայի ուսուցչի զանգն իր ծնողներին։ Որոշում է, որ կենսաբան պետք է դառնա։ Սակայն բուհ դիմելիս մայրն առաջարկում է կենսաֆիզիկայի բաժինն ընտրել, քանի որ միջդիսցիպլինար և ավելի լայն ուղղություն է։

«Մայրիկիս լսեցի։ Ու դա աշխարհի ամենաճիշտ որոշումն էր»,- ասում է նա։ Երկրորդ կուրսում, ազդված մի գիտական հոդվածից, ըստ որի՝ օրգանիզմում սթրեսից ազատ ռադիկալներ են առաջանում, նա հետազոտությունների համար ընտրում է ազատ ռադիկալների լաբորատորիան։ Այստեղ նա աչքի է ընկնում, ինչի շնորհիվ Նաիրա Այվազյանը (այժմ Ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն) իր ուսանողուհուն ընդգրկում է իր դրամաշնորհային ծրագրում։ Դա դառնում է երկրորդ որոշիչ կետը Նարինեի կյանքում․ հասկանում է, որ ուզում է գիտությամբ զբաղվել։

«Օվկիանոսի մեջ մի կաթիլ ջուր լցնելով՝ ոչինչ չի փոխվի»

Նարինեն ոչ միայն գիտական գործունեությամբ է զբաղվում, այլև քաղաքացիական դիրքորոշում է հայտնում՝ փորձելով պայքարել Հայաստանում գիտության ապագայի համար։ 2014-ին մի խումբ երիտասարդ գիտաշխատողներ, այդ թվում և Նարինեն, նամակ են հղել ՀՀ նախագահին՝ մատնանշելով գիտության կարևորագույն խնդիրները և դրանց լուծման համար գործնական քայլեր են առաջարկել։

Նամակից 3 տարի անց Նարինեն փաստում է, որ ոչինչ չի փոխվել և որևէ խնդիր չի լուծվել։ «Ասեմ, որ երիտասարդներն ավելի շատ են սկսել գիտությունից հեռանալ։ Միայն նրանք են մնում, ովքեր պիտի պաշտպանեն, պաշտպանելուց հետո էլ հեռանում են։ Պատճառը ֆինանսական է։ Եթե ուզում ենք երիտասարդությանը պահել գիտությունում, անհրաժեշտ է բարձրացնել աշխատավարձը և բազմաթիվ գրանտներ հայտարարել»,- ասում է նա։

Գիտաշխատողը շեշտում է՝ էնտուզիազմով հավերժ աշխատել հնարավոր չէ։ Կլինի աշխատավարձի բարձրացում՝ մարդիկ կմնան գիտությունում, հակառակ դեպքում ապրուստ վաստակելու այլ տարբերակներ կգտնեն գիտությունից կամ երկրից դուրս։

Հարցին, թե մի՞թե միջազգային հնարավորությունները բավարար խրախուսող գործոն չեն, Նարինեն նշում է․ «Միջազգային համագործակցությունը տարբերակ է, բայց ոչ հեշտ, դրա համար գիշեր-ցերեկ պետք է աշխատել»։ Ասում է, որ արտասահմանյան դրամաշնորհ ստանալու համար պետք է ունենալ թեմա, որը մրցունակ լինի միջազգային մակարդակով, հետաքրքրի ֆինանսավորող կողմին։ Իսկ թեմայի հեղինակն էլ մի շարք բարձր չափանիշների պիտի համապատասխանի՝ պատահական մարդու գումար չեն տա։

«Առաջին միջազգային գրանտ ստանալը շատ դժվար է, ինչպես և առաջին հոդված տպագրելը հեղինակավոր ամսագրերում»,- ասում է նա։

Անդրադառնալով առաջիկա տարիների համար գիտությանը հատկացվող ֆինանսավորման կրճատմանը՝ Նարինե Ղազարյանն ասում է, որ դա կհանգեցնի նրան, որ կունենանք թույլ երկիր բոլոր ոլորտներում։

«Գիտությունն է, որ երկրներին հզորություն է բերում։ Ֆինանսավորման պակասը վատ ազդեցություն կունենա թե՛ գիտնականի, թե՛ շարքային քաղաքացու կյանքում»։

Նա վստահ է՝ անգամ սուղ պայմաններում գիտությանն ու գիտնականին պատշաճ գնահատելու և արժևորելու դեպքում ֆինանսական միջոցներ կամ լուծումներ կգտնվեին։ Իսկ ներկայում կառավարության վարած քաղաքականության հետևանքով երկրում գիտությունն ու գիտնականը հարգված չեն։

Նարինեն սխալ է համարում նաև հիմնարար և կիրառական ուղղություններից մեկին նախապատվություն տալու մոտեցումը: Ասում է, որ երկրին երկուսն էլ պետք են․ «Արտերկրում թե՛ հիմնարար, թե՛ կիրառական ոլորտները միմյանց զուգահեռ զարգանում են, ավելին, համագործակցում են նաև մասնավոր սեկտորի, շուկայի հետ, ինչը մեզ մոտ չկա»։

Նա դեմ է նաև Գիտության պետական կոմիտեի որոշմանը, ըստ որի՝ 70 տարեկանից բարձր գիտաշխատողները չեն կարող դրամաշնորհային ծրագրեր ղեկավարել. «Հասկանում եմ, թե ինչու են դա արել։ Բայց կարծում եմ՝ եթե գրանտային ծրագիրն անցնում է միջազգային փորձաքննություն, ապա տարիքը կապ չունի։ Թող երիտասարդն էլ այնպես անի, որ իր ծրագիրը դառնա մրցունակ։ Թող իրենց գնահատման չափանիշները փոխեն։ Այլապես 70 տարեկանն էլ գիտնական է և ուզում է աշխատել։ Իսկ եթե կարող է աշխատել, ինչո՞ւ զրկել նրան այդ հնարավորությունից»։

Ամփոփելով՝ Նարինեն ասում է, որ վերջին տարիներին գիտության ոլորտում դրական տեղաշարժեր կան, սակայն «օվկիանոսի մեջ մի կաթիլ ջուր լցնելով՝ ոչինչ չի փոխվի»։ Ասում է, որ ֆինանսավորման կրճատման և ուղեղների արտահոսքի պայմաններում կասկածներ ունի, որ ապագայում Հայաստանը հզոր գիտություն կունենա։ Սակայն, չնայած ունեցած մտավախությանը, իր ապագան Հայաստանում է տեսնում։

«Բազմիցս հետազոտությունների համար գնացել եմ ու հետո նորից Հայաստան վերադարձել։ Էլի կգնամ ու էլի կվերադառնամ։ Իմ երազանքն է Հայաստանում ունենալ գիտական լաբորատորիա՝ հետազոտողների միջազգային թիմով։ Հուսով եմ, որ մի օր այն իրականություն կդառնա»։






Մեկնաբանություններ - 1

Արտաշես Կարապետյան     03.10.2017 Բրավո, Նարինե։ Ես հիանում եմ Ձեր լավատեսությամբ և Հայ գիտությունը զարգացնելու միտումով։ Ուզում եմ միայն հիշեցնել, որ մեկ կաթիլ ջուրն էլ կարող է օվկիանոսին օգուտ տալ, ճիշտ այնպես, ինչպես մեկ ծաղկով կարող է գարուն գալ։
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: