Հայերեն   English   Русский  

​Դավիթ Մադոյան. «Մարզիկը պետք է պարտվել իմանա՝ հաղթանակի բերկրանքը զգալու համար»


  
դիտումներ: 5497

Սեպտեմբերի 2-11-ը Հունգարիայում կայացավ բազկամարտի մեծահասակների և երիտասարդների աշխարհի 39-րդ առաջնությունը, որին մասնակցեց 55 երկրների շուրջ 1200 մարզիկ: Ստուգատեսին Հայաստանի հավաքականից մասնակցեց 11 մարզիկ։ Մեր մարզիկները 3 մեդալ նվաճեցին՝ 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե:

Մինչև 20 տարեկանների պայքարում աջ ձեռքով ոսկե, իսկ ձախ ձեռքով բրոնզե մեդալակիր դարձավ գերծանր քաշային Դավիթ Մադոյանը (+90 կգ)։ Մեծահասակների պայքարում աջ ձեռքով արծաթե մեդալ նվաճեց 70 կգ քաշային Էմիլ Ամիրշադյանը։

Աշխարհի երիտասարդական առաջնության նորընծա չեմպիոն Դավիթ Մադոյանը մի շարք մրցաշարերի հաղթող է, սակայն «Անկախի» հետ զրույցում նա առավելապես կարևորեց այս հաղթանակը:

- Շնորհավորում ենք Ձեզ հաղթանակի առթիվ. աշխարհի առաջնությունում առաջին անգամ ոսկե մեդալակիր դարձաք աջ ձեռքով:

- Շնորհակալ եմ: Բավական լավ մարզումային նախապատրաստական փուլ էի անցել: Սակայն առաջնությունից առաջ վնասվածք ստացա: Մասնակցությունս կասկածի տակ դրվեց: Բժիշկը հետազոտությունից հետո, իմ իսկ ապահովությունից ելնելով, թույլ չտվեց, որ մասնակցեմ ստուգատեսին: Սակայն ես համառեցի և որոշեցի մասնակցել՝ դեմ գնալով բոլորին:

Այս առումով կար նաև որոշակի լարվածություն, քանի որ պարտավոր էի քայլս արդարացնել: Ինձ համար կարևոր էր, որ մասնակցեի աշխարհի առաջնությանը: Ձախ ձեռքով Եվրոպայի առաջնություններում 2 անգամ հաղթող եմ ճանաչվել, աջ ձեռքով մեկ անգամ աշխարհի առաջնության ժամանակ դարձել եմ բրոնզե մեդալակիր:

Մարզիկների բավական ուժեղ կազմ էր ներգրավված պայքարում: Մի շարք տիտղոսակիր մարզիկներ պարտվեցին: Առաջին մրցակիցս Ռուսաստանի ներկայացուցիչն էր: Նրան պարտվել էի Եվրոպայի առաջնության ժամանակ: Կարողացա հաղթել՝ վստահություն ձեռք բերելով սեփական ուժերիս նկատմամբ:

- Բուդապեշտում նաև մասնակցեցիք մեծահասակների առաջնությանը՝ 30 մարզիկների պայքարում 6-րդ արդյունքը գրանցելով:

- Բազկամարտում կշռման արարողության ժամանակ մարզիկն է որոշում, թե որ ձեռքով է ներգրավվելու պայքարի մեջ: Միաժամանակ հնարավոր է նաև պայքարել թե՛ աջ, թե՛ ձախ ձեռքով: Սակայն դրանք տարբեր մրցումներ են, անցկացման օրերն էլ են տարբեր լինում:

Ուրախ եմ, որ կարողացա այդ արդյունքը գրանցել՝ վնասված ձեռքով հանդես գալով: Երիտասարդական առաջնությունից հետո 4 օր ընդմիջում եղավ, բայց վերականգնվել չստացվեց՝ ուժեղ ցավեր ունեի: Ոսկե մեդալ նվաճելուց հետո պարգևատրման արարողության ժամանակ շապիկիս պատկերված էր արցախյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանը: Երբ արդեն մասնակցում էի մեծահասակների պայքարին և պետք է մրցեի թուրք մարզիկի հետ՝ պարտվելու իրավունք չունեի: Այդ գիտակցումով կարողացա հաղթել:

- Ինչպե՞ս սկսեցիք զբաղվել բազկամարտով: Մարզաձևի ընտրությունն ինչո՞վ էր պայմանավորված:

- Փոքր տարիքից զբաղվել եմ սպորտով: Տարբեր մարզաձևերի խմբակներ եմ հաճախել, սակայն լուրջ հաջողություններ չեմ ունեցել: Այս մարզաձևն ինձ միշտ գրավել է: Սակայն այն ժամանակ Արմավիրում գործող խմբակ չկար, որպեսզի կարողանայի մարզվել: Հետո բացվեց «Օլիմպ» մարզական ակումբը, և ինձ հնարավորություն ընձեռվեց զբաղվելու բազկամարտով: Այդ ժամանակ արդեն 16 տարեկան էի: Մարզաձևում երկար ճանապարհ չեմ անցել, սակայն այս կարճ ժամանակում կարողացել եմ լուրջ հաջողություններ գրանցել:

- Բազկամարտում ամեն ինչ որոշվում է վայրկյանների ընթացքում: Հարկավոր է զգոնություն պահպանել՝ կարճ ժամանակում ի ցույց դնելով ողջ կարողությունը:

- Եթե ֆիզիկապես ուժեղ ես՝ դա դեռ ոչինչ չի նշանակում: Միայն ուժով հնարավոր չէ հաղթել մրցակցին: Շատ մարզիկներ ունեն իրենց «թագավորական» հնարքը, սակայն միշտ չէ, որ ստացվում է տվյալ հնարքը գործի դնել: Մարզիկները պատրաստված են ներկայանում մրցաշարերին՝ հատուկ տեխնիկա մշակելով: Սակայն մարտի ընթացքում ամեն ինչ շատ արագ կարող է փոխվել: Այդ պարագայում հարկավոր է արագ կողմնորոշվել, այլ տեխնիկա գործադրել ՝ պայքարի այլ միջոցներ գտնելով:

Հոգեբանական պատրաստությունը նույնպես շատ կարևոր է, այլապես հնարավոր է տանուլ տալ ամեն ինչ: Իմ հաղթանակն այդ ամենի վառ ապացույցն է: Տարիների ընթացքում փորձ ձեռք բերելով՝ կարողանում ես վստահել սեփական ուժերիդ, ճիշտ կողմնորոշվել և հաջող հանդես գալ:

- Ի՞նչ է տվել Ձեզ սպորտը, և ի՞նչ է հարկավոր սպորտում հաջողության հասնելու համար:

- Սպորտը կյանքիս անբաժանելի մասն է: Սպորտի միջոցով ձեռք եմ բերել ընկերներ, շրջապատ, ճանաչում:

Սպորտը նվիրում է պահանջում: Հոգեբանորեն հարկավոր է պատրաստ լինել ցանկացած իրավիճակի: Այստեղ պարտություններից խուսափել հնարավոր չէ: Պարզապես հարկավոր է այդ պարտություններից դասեր քաղել, սխալները շտկել՝ անընդհատ աշխատելով: Յուրաքանչյուր մարզիկ պետք է պարտվել իմանա, որպեսզի զգա հաղթանակի բերկրանքը:

- Ամենօրյա մարզումներ, ուսումնամարզական հավաքներ. դժվար չէ՞ ընտրած ճանապարհը:

- Շատ կարևոր է գիտակցել և հասկանալ, թե ինչ նպատակ ես հետապնդում: Պետք է ուժեղ լինել: Ես գիտակցաբար եմ ընտրել այս ճանապարհը: Գիտեմ, որ կլինեն դժվարություններ, սակայն ես պատրաստ եմ դրանք մեկ առ մեկ հաղթահարել, ոչնչի առաջ կանգ չառնել և նպատակին հասնել: Ես երբեմն ինձ ավելի լավ եմ զգում, երբ գիտակցաբար ինձ զրկում եմ ամենօրյա հաճույքներից, վատ սովորություններից:

Երբ հաղթում ես՝ հարազատներդ, ընկերներդ, անգամ անծանոթ մարդիկ սկսում են քեզ շնորհավորել, քո հաղթանակով ուրախանալ, մեծ ոգևորություն ես ապրում: Հաղթանակը պարտավորեցնում է ավելի շատ աշխատել և հաջողությունը կրկնել:

- Ինչպիսի՞ն են զգացողությունները, երբ ներկայացնում եք երկիրը տարբեր առաջնությունների և մրցաշարերի ժամանակ:

- Մեծ է պատասխանատվությունը, բայց նաև կա հպարտության զգացում, երբ հաղթանակովդ ոգևորվում է մի ամբողջ ազգ:

Երբ մրցահարթակում հաղթում եմ, կարելի է ասել՝ ոչինչ չեմ զգում: Հայրենիք վերադառնալով, երկրպագուների ոգևորությունը տեսնելով եմ հասկանում, որ ինչ-որ արժեքավոր բան եմ արել: Վերջին հաղթանակն ինձ համար անչափ կարևոր էր: Որոշել էի, որ արցախյան հերոս Ադամ Սահակյանի պատկերով շապիկ եմ հագնելու: Ադամի հետ պատիվ եմ ունեցել մարզվելու և նրա անպարտելի ոգին ճանաչելու: Դա էր պատճառը, որ անգամ վնասվածքով տրամադրված էի հաղթել և հայի անպարտելի ոգին ցույց տալ: Դա իմ հոգու կանչն էր. որևէ բան անել Ադամի և մեր հերոսների լուսավոր հիշատակի համար:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: