Հայերեն   English   Русский  

​Գյումրու տեխնոպարկը համալրվել է նոր ՏՏ ընկերություններով


  
դիտումներ: 9524

Տարածաշրջանների համաչափ զարգացման և երկրի ընդհանուր մրցունակության բարձրացման տեսանկյունից մեծապես կարևորվում է ՏՏ ոլորտի, մասնավորապես Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեությունը:

Կենտրոնի հիմնադրումից ու շահագործումից անցել է արդեն 3 տարի: Ի՞նչ նպատակի է ծառայում կենտրոնը և ինչ ընկերություններով է համալրված: Այս մասին զրուցեցինք տեխնոպարկի գործունեության ծրագրի իրականացման գլխավոր օպերատոր, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) ծրագրի ղեկավար Ժենյա Ազիզյանի հետ:

- Նախ խոսենք, թե ինչպես առաջացավ Գյումրիում տեխնոպարկ ստեղծելու գաղափարը. դրա հիմնադրումը ինչ նպատակներ է լուծելու կամ արդեն իսկ լուծե՞լ է:

- Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը ստեղծվել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից, իսկ 2014-ից տեխնոպարկի գործունեության ծրագրի իրականացման գլխավոր օպերատոր է ճանաչվել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը:

Սովորաբար տեխնոպարկերը համաշխարհային պրակտիկայում ստեղծվում են տարբեր նպատակներով և տարբեր բովանդակությամբ։ Նրանցից շատերը հիմնադրվում են կրթական հաստատություններին կից՝ նպատակաուղղված գիտահետազոտական ծրագրերի իրականացմանը, շատերն էլ գործում են արդյունաբերական կենտրոններին կից կամ հանդիսանում են որպես տարածաշրջանային տեխնոլոգիական զարգացման արդյունավետ գործիք։ Այս ամենի փայլուն օրինակը Շենոնի տեխնոպարկի գործունեությունն է, որի լավագույն փորձը կիրառվել է նաև Գյումրու տեխնոպարկի ստեղծման գործընթացում։ Շենոնի տեխնոպարկի հիմնադիր Քեյվին Թոմսթոնը տարիներ առաջ անձամբ ժամանել է Հայաստան և որպես խորհրդական ներգրավվել այդ կառույցի ստեղծման գործընթացներում։ Այժմ Գյումրու տեխնոպարկը դիտվում է որպես արդյունավետ գործիք տարածաշրջանի տեխնոլոգիական զարգացման համար և իր բարձրակարգ ենթակառուցվածքների շնորհիվ արդյունավետորեն իրականացնում իր առջև դրված նպատակները։

Կենտրոնի առաքելությունն է Գյումրին վերածել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային և միջազգային կենտրոնի՝ ստեղծելով հնարավորությունների և ծառայությունների այնպիսի զարգացող միջավայր, որը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, կաջակցի տաղանդավոր երիտասարդներին և ընկերություններին կյանքի կոչել նորարար բիզնես գաղափարներ՝ նպաստելով տարածաշրջանի կայուն զարգացմանը:

Ընդհանուր առմամբ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնն ուղղված է նպաստելու ոչ միայն ՏՏ ոլորտի զարգացմանը, այլև քաղաքի ընդհանուր առաջընթացին և ներդրումային գրավչության բարելավմանը:

-Իսկ որտե՞ղ է շենքը տեղակայված:

- Շենքը, որտեղ տեղակայվել է տեխնոպարկը, հենց Գյումրու սրտում է: Այն Ալեքսանդրապոլի ճարտարապետական ոճի վառ օրինակ է՝ կառուցված սև տուֆից: Այս շենքում են գործել Հայաստանի առաջին մայր համալսարանը, Գյումրու մանկավարժական ինստիտուտը, երկրագիտական թանգարանը և նկարչական դպրոցը:

2011 թ. Հայաստանի կառավարությունը Համաշխարհային բանկի հետ սկսեց նախագծել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կառուցումը: Եվ հենց հուշարձանային նշանակության այս հին շենքն ընտրվեց վերանորոգվելու և տեխնոլոգիական կենտրոնի վերափոխվելու համար:

- Կարո՞ղ ենք այսօր վստահաբար ասել, որ այն հաջողված նախագիծ էր և կանխատեսելի էին սպասվող հաջողությունները:

- Եթե տարիներ առաջ շատերը թերհավատությամբ և չարախնդորեն էին վերաբերվում այս ծրագրին, ապա իրավիճակն ապացուցեց, որ այս նախագիծը ոչ միայն կայացավ, այլև աննախադեպ զարգացում ապրեց: Այդ տարիներին ռիսկային էր այդ ծրագիրը իրագործել Գյումրիում, որը դեռ երկրաշարժի հետևանքների ծանրության տակ էր, բայց գաղափարը հիմնովին արդարացրեց իրեն՝ փառահեղ հաջողություններ գրանցելով:

Առաջին ընկերությունը, որ տարածք վարձակալելու ցանկություն հայտնեց, ցանցային և հաղորդակցության սարքավորումներ նախագծող ու արտադրող «Դ-Լինկ» թայվանական ընկերությունն էր, որն ուներ երկարաժամկետ զարգացման ծրագիր և նպատակադրված էր Հայաստանը վերածել ռեգիոնալ հետազոտական կենտրոնի տեղեկատվական տեխնոլոգիաների՝ ծրագրային լուծումների և նոր մշակումների ուղղվածությամբ: Բացի այդ, ընկերությունը մտադիր էր տարեկան առնվազն 50 բարձրակարգ մասնագետ պատրաստել Գյումրիում ինչպես «Դ-Լինկի», այնպես էլ ընդհանուր ՏՏ ոլորտի կարիքների բավարարման համար: Այդ ընկերությանը միացան ևս մի քանիսը, հիմնականում՝ երևանյան կազմակերպությունների մասնաճյուղեր:

- Քանի՞ ընկերություն է այժմ տարածք զբաղեցնում կենրոնում, և ո՞ր ձեռքբերումն եք համարում ամենաուշագրավը:

- Այսօր տեխնոպարկի տարածքն ամբողջությամբ զբաղված է, գործում է 25 ընկերություն: Անցած 3 տարիների ընթացքում կենտրոնի ամենաուշագրավ ձեռքբերումներից մեկն այն է, որ Համաշխարհային բանկը դարձել է կենտրոնի պատվիրատուն, հայ մասնագետներին է վստահվում ՏՏ բարդ լուծումների գործընթացը: Շատ են նաև այլ միջազգային պատվիրատուները: Տեխնոպարկի ստեղծումը օրակարգային էր նաև Երևանի և մարզերի միջև անհամամասնությունների կրճատման, գործարար միջավայրի բարելավման և Գյումրու սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման առումով: Այն կրթական, հետազոտական և ձեռնարկատիրական կենտրոնների համացանց է, որտեղ կրթությունը, գիտությունը և բիզնեսը սերտորեն համագործակցում և աջակցում են միմյանց:

- Գիտեմ, որ աջակցում եք նաև սթարթափ ընկերություններին. կա՞ն կենտրոնում հիմնադրամից դրամաշնորհ ստացած ՏՏ ընկերություններ:

- Կենտրոնում գործող ընկերությունների թվում, այո, կան նաև սթարթափներ՝ նոր ստեղծված կազմակերպություններ, որոնք ձևավորվել են՝ ստանալով դրամաշնորհ հիմնադրամից: Լավագույն թիմերին աջակցում ենք բիզնես նախագծերի իրականացման հարցում: Մենք աջակցում ենք տեխնոլոգիական թիմերին, սկսնակ և գոյություն ունեցող ընկերություններին, որպեսզի իրենց գաղափարները դարձնեն հաջողակ բիզնես ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային մակարդակում:

Լ.Ն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: