Հայերեն   English   Русский  

​Ավազակություն, կողոպուտ և գողություն. ինչո՞վ են տարբերվում իրարից


  
դիտումներ: 12954

Ավազակություն, կողոպուտ և գողություն. սրանք, ի թիվս այլոց, պատկանում են սեփականության դեմ ուղղված հանցագործությունների «ընտանիքին»: Այս հանցագործությունները հաճախ ոչ մասնագիտական շրջանակներում շփոթում են, օրինակ` կողոպուտը գողության կամ ավազակության հետ: Հենց այդ պատճառով էլ, որոշեցինք այս համարում անդրադառնալ այդ հանցագործություններին, տալ դրանց սահմանումներն ու վեր հանել հիմնական տարբերությունները:

Ավազակությունը ուրիշի գույքը հափշտակելու նպատակով հարձակումն է, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով:

Կողոպուտը ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն է:

Գողությունը ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունն է:

Ինչպես տեսնում ենք, այս երեք հանցագործություններն ունեն մեկ հիմնական ընդհանրություն` ուրիշի գույքի հափշտակությունը: Այսինքն՝ բոլորի նպատակը մեկն է, սակայն նպատակի իրականացման ձևերն են տարբեր: Փաստորեն, սրանք միմյանցից տարբերվում են հանցագործության օբյեկտիվ կողմով` հանցագործության արտաքին դրսևորումով:

Ավազակության դեպքում հափշտակությունը զուգորդվում է տուժողի նկատմամբ բռնություն գործադրելով կամ նման բռնություն գործադրելու սպառնալիքով: Այս դեպքում հափշտակությունը ոչ միայն բացահայտ է, այլև զուգակցվում է ավելի վտանգավոր դրսևորումներով: Հենց այդ պատճառով էլ ավազակությունն ամենածանրն է թվարկված երեք հանցագործությունների շարքում և պատժվում է ազատազրկմամբ երեքից վեց տարի ժամկետով:

Ավազակության հետ համեմատած՝ ավելի քիչ վտանգավոր է կողոպուտը: Կողոպուտը ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն է: Փաստորեն, կողոպուտի դեպքում նույնպես, ինչպես ավազակության ժամանակ, հափշտակությունը տեղի է ունենում բացահայտ կերպով, սակայն ի տարբերութուն ավազակության, կողոպուտը չի զուգակցվում որևէ բռնությամբ կամ նման բռնություն գործադրելու սպառնալիքով: Օրինակ` Ա-ն վազելով մոտենում է Բ-ին և խլելով վերջինիս պայուսակը՝ փախչում է: Սա կողոպուտի դասական օրինակ է: Կողոպուտը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Գողության դեպքում ամեն ինչ ուրիշ է: Չնայած գողությունը նույնպես կատարվում է ուրիշի գույքի հափշտակության նպատակով, սակայն, ի տարբերություն նախորդ երկու հանցագործությունների, իրականացվում է ոչ բացահայտ` գաղտնի: Այս հանցագործությունը երեքից ամենանվազ վտանգավորն է և պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: