Հայերեն   English   Русский  

​Ականջի առողջությունը


  
դիտումներ: 5956

Ոչ բոլորը գիտեն, որ ականջների վիճակն ուղիղ կապ ունի առողջական վիճակի հետ:

Արևելքից հայտնի են աուրիկուլաախտորոշումն ու աուրիկուլաթերապիան, որոնցից առաջինը զբաղվում է ականջների օգնությամբ հիվանդությունների հայտնաբերմամբ, իսկ երկրորդը՝ ականջախեցիների վրա ազդելով՝ հիվանդությունների բուժմամբ: Գուցե շատերն ուսերը թոթվեն՝ նման գիտություն գոյություն ունի՞:

Դեռ հնուց գիտնականները նկատել են, որ ականջներում գտնվող նյարդային վերջույթների մեծ մասը, ռելիեֆայնությունը, ականջի բարդ ձևը դժվար թե միայն ձայն որսալու համար ստեղծված լինեն: Արևելյան ժողովրդական բժիշկները կարծում են, որ ականջախեցին ողջ մարմնի համար կառավարման վահանակի դեր է կատարում: Ըստ նրանց գիտության՝ ականջի վրա գոյություն ունի ավելի քան 150 կետ, որոնց օգնությամբ կարելի է ակտիվացնել մարմնի բոլոր օրգանները՝ առանց բացառության: Դրանք կենսաբանորեն ակտիվ կետեր են համարվում, անհամաչափ են տարածված ականջի թե՛ ներսի և թե՛ արտաքին մակերեսի վրա՝ ձևավորելով օրգան համակարգերը կառավարող գոտիներ (մարսողական տրակտ, շնչառական օրգաններ ևն): Այսօր գոյություն ունեն բազմազան քարտեզներ ու գծապատկերներ, որոնցում ներկայացվում է, թե ինչպես է ականջախեցու վիճակը փոփոխվում տարբեր հիվանդությունների ազդեցությամբ: Աուրիկուլաախտորոշման ժամանակ բժիշկը ուշադրություն է դարձնում ականջների ձևին, տեսքին, ուսումնասիրում է այսպես կոչված «անդրադարձնող գոտիների» էլեկտրահաղորդականությունը (ականջախեցու վրա օրգանների ու մարմնի մասերի պրոյեկցիաներում), այնուհետև վերլուծում է ստացված տեղեկությունները: Իսկ աուրիկուլաթերապիան հնարավորություն է տալիս, «անդրադարձնող գոտիների » վրա ազդելով՝ բուժելու շատ հիվանդություններ հիվանդ օրգանների վրա ոչ անմիջական միջամտությամբ:

Խորհուրդ

Սովորաբար ականջօղերի համար ծակում են աչքերի «անդրադարձի գոտին»: Ուստի, եթե աչքերի, տեսողության հետ կապված խնդիր կա կամ ժառանգական լուրջ նախատրամադրվածություն, ուրեմն լավ կլինի հրաժարվեք ականջօղեր կրելու մտքից կամ ականջաբլթակի վրա այլ տեղում անցք բացեք:

Ականջներն ու առողջությունը

Երկկողմանի միանման կամ գրեթե միանման մեծ ականջները վկայում են օրգանիզմի մեծ հնարավորությունների, լավ ժառանգականության, բոլոր օրգանների ու համակարգերի ներդաշնակ գործունեության մասին:

Փոքր ականջները, հակառակը, վկայում են օրգանիզմի նվազ, թույլ հնարավորությունների մասին:

Հիպերեմիա. ականջներում արյունալցում, այդ թվում ականջների հանկարծակի ջերմության բարձրացում. վեգետատիվ նյարդային համակարգի դիսֆունկցիա է մատնանշում ու արյան բարձր ճնշման հավանականություն, գերագրեսիվություն, իրավիճակների փոփոխության դեպքում՝ արագ արձագանք:

Ականջների ջերմության հանկարծակի նվազում. վեգետատիվ համակարգի դիսֆունկցիա, արյան ցածր ճնշման հակում, թուլություն ու անգամ նվազ մտավոր ակտիվություն:

Մուգ կարմիր, կապտավուն երանգով ականջները վկայում են լյարդի, ենթաստամոքսագեղձի, ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների մասին:

Կապտագույն ականջները սրտի անբավարարության, թոքա-բրոնխային համակարգի հիվանդությունների մասին են խոսում:

Փայլուն մաշկով ականջները օրգանիզմի հյուծվածության ու թույլ աղիքային տրակտի մասին են վկայում:

Ականջների կնճռոտումը, հատկապես՝ դիմային հատվածից, խոսում է ընդհանուր հյուծվածության մասին:

Շագանակագույն կամ մուգ կարմիր բծերով ականջները կամ հարականջային հատվածները ևս բարակ ու հաստ աղիքների հիվանդություններ են մատնանշում, վկայում են նաև օրգանիզմում հանքանյութերի անբավարարության մասին:

Ականջների չափավոր բլթակն ու բնական գույնը օրգանիզմի լավ հնարավորությունների, հանգիստ բնույթի ու աշխատասիրության մասին են խոսում:

Ոչ ներդաշնակ, չափազանց մեծ, ոչ միատարր խտության բլթակը խոսում է ընդհանուր հյուծման, ուռուցքային հիվանդությունների հանդեպ ժառանգական նախատրամադրվածության մասին:

Փոքր, գրեթե աննշան բլթակը մտավոր բնածին անլիարժեքություն է հուշում:

Բլթակի վրա շատ ծալքերը վկայում են ընդհանուր աթերոսկլերոզի, կաթվածի ու ինֆարկտի հակման, դիաբետի մասին:

Հաստ, փափուկ, բարձիկի նման բլթակները մտավոր ակտիվության նվազման ու գիրանալու հակման վկայություն են:Բարակ, նուրբ, երբեմն կոշտացած բլթակն օրգանիզմի ընդհանուր հյուծվածություն է հուշում:

Սրածայր բլթակները խոսում են մտավոր նշանակալի ունակությունների, շատ աշխատասիրության ու մեծ հնարավորությունների մասին:Քառակուսի բլթակը օրգանիզմի պահուստային հնարավորությունների, հաճախ՝ ֆիզիկական մեծ ուժի ու ագրեսիայի հակման մասին է խոսում:

Երկարավուն ու կոշտացած բլթակները հանդիպում են երկարակյացների մոտ:

Կարելի է վստահորեն ասել, որ բոլոր հիվանդությունները ( թե՛ ժառանգաբար փոխանցվողները և թե՛ ձեռքբերովի հիվանդությունները) այսպես թե այնպես բերում են ականջների որոշակի գոտիների փոփոխություն:

Ականջը՝ առողջանալու միջոց

1. Եթե անքնություն ունեք, ապա փորձեք ձեռքն ականջի տակ դնել. հանգիստ կննջեք:

2. Ականջաբլթակի վերին հատվածի մերսումը կօգնի ազատվելու սթրեսի հետևանքներից, կբարելավի քունը: Պետք է ազդել ականջի այն գոտու վրա, որը տեղակայված է բլթակի մսոտ մասի վրա, այնտեղ, որտեղ բլթակն ատիճանաբար վերածվում է կռճիկի: Ցանկալի է մերսել միաժամանակ երկու ականջները, թեթևակի սեղմելով ժամացույցի սլաքի ուղղությամբ, վայրկյանում մեկ պտույտ արագությամբ: Մերսման ժամանակ բութ մատի բարձիկը թեթևակիորեն պետք է ֆիքսի բլթակը: Լավ արդյունք ստանալու համար կարելի է մերսել քնելուց առաջ կամ կոնֆլիկտային իրավիճակներից հետո:

3. Շատ ծնողներ են դժվարություններ ունենում երեխային քնեցնելիս: Երեխային կարելի է հանգիստ քնեցնել ականջաբլթակը մեղմորեն մերսելով:

4. Հին արևելյան ծիսակարգի համաձայն՝ ուղեղն ակտիվացնելու համար առավոտյան պետք է 2 ականջի եզրերը շոյել վերից վար մինչև բլթակը հատվածը՝ 3 մատներով, բավական դանդաղ, 20-30 անգամ, 1-2 րոպե: Ապա 3-5 անգամ քաշել բլթակից՝ ներքև և ականջի վերին հատվածից՝ դեպի վեր (սա՝ որպես սուրճին փոխարինող միջոց):

Անվտանգ ու մանավանդ օգտակար է ականջախեցու վրա տեղակայված տհաճ զգացումների գոտու մերսումը մատներով. աջ ականջը՝ աջ ձեռքով ձախը՝ ձախով: Մերսումը պետք է կատարել նրբորեն, 3-5 րոպե, առանց ընդմիջման: Դադարեցնելու պարագայում մինչ այդ ստացված արդյունքը թուլանում է: Մերսումը պետք է կատարել ռիթմիկ, ժամացույցի սլաքի ուղղությամբ, օրական մի քանի անգամ, սակայն 5 ժամ ընդմիջելուց հետո: Այս մերսման ձևը չի կարելի քնելուց առաջ անել. չի հաջողվի քնել:

6. Հնագույն ժամանակներից մինչ օրս Չինաստանում մեծ տարածում ունի «երկնային թմբուկների աղմուկ» անվանված հնարքը. դրա համար պետք է փակել աչքերը, ապա փակել ափերով ականջներն այնպես, որ մատները հայտնվեն ծոծրակի վրա, այնուհետև ցուցամատը միջնամատի վրա դնել ու միաժամանակ շրխկացնել ծոծրակին: Ականջներում այդ չխկոցից ամուկ է լսվում, որից «գիտակցությունն արթնանում է»: «Երկնային թմբուկներին» պետք է հարվածել 12 անգամ: Այս վարժությունն օգնում է հոգնածությունն անցկացնելու շատ պատասխանատու պահերին:

Վիճակագրության համաձայն՝ 45 տարեկանից հետո լսողության խանգարում հանդիպում է մարդկանց 17%-ի, 65-ից հետո՝ 35%-ի մոտ: Սակայն լսողության խանգարումներն ու թուլացումը միշտ չէ, որ տարիքով է պայմանավորված: Երբեմն խանգարումների պատճառը ժամանակին անլուրջ վերաբերմունքն է այս կամ այն խնդրի հայտնաբերման ուղղությամբ: Մինչդեռ ժամանակին դրանց կանխումը կօգնի պահպանելու լսողությունը: Այդ պատճառներից են՝

Օտիտը

Լսողության համար ոչ այնքան վտանգավոր է սուր օտիտի բարդությունը, որի հետևանքով լսողական ուղիներում սպիներ են գոյանում: Պակաս վտանգ չի ներկայացնում էքսուդատիվ օտիտը, որը հիմնականում աննկատ է ընթանում: Հիվանդության ժամանակ միջին ականջի խոռոչում հեղուկ է կուտակվում, ժամանակի հետ այդ հեղուկը թանձրանում է, դառնում մածուցիկ, ու եթե դա ժամանակին չմաքրվի ու հեռացվի, ապա կարող է քրոնիկ բորբոքում առաջացնել ու լսողության նվազման հանգեցնել:

Աղմուկ

Աղմուկի տևական ազդեցության վտանգի են ենթարկվում մեծ արդյունաբերական քաղաքներում բնակվողները, ռիսկի խմբում են ականջակալներով երաժշտությունը գերադասողները:

Դեղորայք

Դրանցից են լայն ազդեցության հակաբիոտիկները, դիուրետիկները, ոչ ստերոիդային հակաբորբոքային, հոգեմետ դեղորայքը (հակադեպրեսանտներ ո տրանկվիլիզատորներ), սրտային որոշ դեղամիջոցներ:

Թմբկաթաղանթի վնասվածք

Հաճախ դրա պատճառ են դառնում ականջ մաքրելու փայտիկները, երբեմն էլ տարատեսակ պարագաներ, որոնցով ոմանք փորձում են մաքրել ականջները կուտակված ծծումբից: Ի դեպ, թմբկաթաղանթի վնասման պատճառ կարող են լինել նաև բարձր ճպպոցն ու խնչոցը:

Վարակներ

Հաճախ լսողությունը թուլանում է վարակիչ հիվանդությունների պատճառով, ինչպիսիք են կարմրուկը, գրիպը, քութեշը,պարոտիտը (հարականջային գեղձի բորբոքում):

Ուշադիր լինենք օրգանիզմի հանդեպ, փորձենք կանխել հիվանդությունների զարգացումը լիարժեք ապրելու համար: Անգամ թեթև խնդիրները կարող են լրջորեն խանգարել նորմալ կյանքին:






Մեկնաբանություններ - 1

Izabela     02.10.2017 Ես ունեմ փոխպատվաստված երիկամ։Դրա պատճառով օգտագործում եմ իմունիտետը նվազեցնող դեղորայք( Mifortic.Tacni) արդեն7 տարիներ որի պատճառով ունեմ տրոմբոցիտների բավականին նվազում ։2 տարիներ է արդեն ձախ ականջս 0-% ով չի լսում ։Նույնիսկ լսելու ապարատը չոգնեց։Սակայն աջը 100-% ով նորմալ է։
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: