Հայերեն   English   Русский  

​Հրաչյա Ռոստոմյան. «Միայն Բաքվում պայքարելն արդեն մեր մարզիկներից մեծ հերոսություն է պահանջում»


  
դիտումներ: 1599

Հայաստանի օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը և սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության վարչության պետ, ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալստյանն օրերս ուղևորվել էին Ադրբեջան` մի երկիր, որում թշնամաբար են տրամադրված ամեն հայի նկատմամբ: Սակայն այլ ելք չկար, Բաքվում կայանալիք Եվրոպայի օլիմպիական կոմիտեի 43-րդ համաժողովում քննարկվելու էին մի շարք, այդ թվում նաև Ադրբեջանի մայրաքաղաքում 2015-ին առաջին անգամ կայանալիք Եվրոպայի մարզական խաղերի կազմակերպման հետ կապված հարցեր:

Չնայած Ադրբեջանի և Հայաստանի միջև ղարաբաղյան հակամարտությունն ավարտված չէ և սահմանին կրակոցներ են հնչում, մերոնք առանց երկմտելու պատրաստ են սահմանակից երկիր ուղևորվել` մրցասպարեզներում հաղթանակներ տանելու և մեդալներ նվաճելու համար: Թե արդեն մարտահրավերն ընդունած մերոնց նկատմամբ ինչ տրամադրվածություն կա Ադրբեջանում, պետք է պարզեին Հայաստանի երկու պատվիրակները: Վերադարձից հետո Հրաչյա Ռոստոմյանը մասնավորապես ասաց.

- Ուղևորվեցինք Թբիլիսի, այնտեղից էլ` Բաքու: Աշխատելու համար անվտանգության բոլոր պայմանները ստեղծված էին: Ամեն ինչ արվում էր բարձր մակարդակով: Իջևանել ենք նույն հյուրանոցում, որում համաժողովի մյուս մասնակիցներն էին:Եթե մյուսներից որևէ բանով ավելի չէինք, ապա պակաս էլ չէինք: Մեկուսացված չէինք, բայց ամեն քայլափոխի հսկողության տակ էինք: Դա արվում էր նաև մեր անվտանգության շահերից ելնելով:

- Համաժողովում Հայաստանի պատվիրակությունն ուշադրության կենտրոնո՞ւմ էր:

- Բարձր գնահատվեց ՀԱՕԿ-ի կայացրած որոշումը Բաքվի համաժողովի աշխատանքին Հայաստանի ներկայացուցիչների մասնակցելու մասին: Ընդգծվեց, որ հայկական կողմի քայլը կարևոր ներդրում է խաղաղության հաստատման և մարզաշխարհում համերաշխության կայացման գործում, ինչպես նաև մի նոր մակարդակի է բարձրացնում օլիմպիական շարժման գաղափարը: Մի շարք հանդիպումներ ունեցանք աշխարհի տարբեր երկրների օլիմպիական կոմիտեների պատվիրակների հետ, քննարկեցինք երկկողմ համագործակցության հարցեր:

Եվրոպական երկրների օլիմպիական կոմիտեների ներկայացուցիչների հետ կայացած առանձին հանդիպումների ժամանակ զրուցել ենք խաղերին Հայաստանի պատվիրակների մասնակցության հարցի շուրջ: Իսկ Եվրոպայի մարզական առաջին խաղերի կազմակերպիչները վստահեցրին, որ կապահովեն Հայաստանի պատվիրակության անվտանգությունը: Եվրոպական օլիմպիական կոմիտեի 43-րդ համաժողովի ընթացքում նաև որոշում կայացվեց հոբելյանական` 45-րդ համաժողովն անցկացնել Հայաստանի մայրաքաղաք Երևանում:

- Բանակցություններ եղա՞ն ադրբեջանցիների հետ:

- Մեր պահանջները ներկայացրինք: Բոլոր հարցադրումներին դրական պատասխան ստացանք: Պատասխանատվությունը կրում են ոչ թե Ադրբեջանի իշխանությունները, այդ երկրի ազգային օլիմպիական կոմիտեն, այլ Միջազգային օլիմպիական կոմիտեն ու Եվրոպայի օլիմպիական կոմիտեն: Հայտնեցինք, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն կողմ է, որ մասնակցենք Բաքվում կայանալիք խաղերին, սակայն շատ բան կախված է այն բանից, թե մեր ներկայացրած հարցադրումներին ինչ պատասխան կտրվի: Կազմակերպիչները, դրական արձագանքելով, պարզաբանեցին, որ որևէ խնդիր չկա դրանք կարգավորելու համար: Առաջիկա օրերին այդ ամենը կքննարկվի մեր մարզաշխարհի ներկայացուցիչների հետ: Բանն այն է, որ ամեն մի մարզաձևի ներկայացուցիչ, յուրաքանչյուր մարզիկ, մարզիչ պետք է վճռի իր անելիքը: Նուրբ հարց է: Եթե խաղերը կայանային որևէ այլ երկրում, ապա քննարկման կարիք չէր զգացվի, բայց Բաքու գնալն ուրիշ խնդիր է:

- Առայժմ միայն Հայաստանի սամբոյի ֆեդերացիան է արձագանքել և հայտնել, որ այդ մարզաձևի ներկայացուցիչները ոչ միայն պատրաստ են խաղերին մասնակցել, այլև պարտավորվում են առնվազն երկու մեդալ նվաճել:

- Բոլոր մարզիկները, հայերն առավել ևս, ցանկացած մրցասպարեզում պատրաստ են պայքարելու մեդալների համար: Ինքնին հասկանալի է, որ այս անգամ դժվար է լինելու: Ադրբեջանում հնարավորը կարվի, նաև հոգեբանական ճնշում կգործադրվի, որ ի պատիվ մեր մարզիկների հաջողության` չբարձրացվի եռագույնը, չհնչի Հայաստանի օրհներգը: Այդուհանդերձ, ինչքան դժվար է մեդալների համար պայքարելը, այնքան պարգևի տիրանալը պատվաբեր է, թանկ է գնահատվում, բարձր արժեք ունի: Մի բան ակնհայտ է, որ միայն Բաքվում պայքարելն արդեն մեր մարզիկներից մեծ հերոսություն է պահանջում:

- Հայաստանի և մյուս երկրների հավաքականների կազմերում էլ հայեր կարող են լինել, նրանց ի՞նչ ճակատագիր է սպասում Բաքվում:

- Առայժմ մտահոգված ենք, որ մեր պատվիրակների հետ կապված խնդիրները կարգավորենք և որևէ բարդություն չառաջանա:

- Իսկ որոշվա՞ծ է, Հայաստանի պատվիրակները Բաքվում առանձի՞ն են են մնալու, թե՞ այլ երկրների ներկայացուցիչների հետ միասին:

- Այդ թեմային չենք անդրադարձել: Կարևորն այն է, որ մեր երկրի պատվիրակների անվտանգությունն ապահովվի:

- Քաղաքական հարցադրումներ եղա՞ն, նաև խոսք բացվե՞ց վերջին միջադեպի` հայկական ուղղաթիռի խփելու հետ կապված:

- Քաղաքական որևէ հարցադրում չի եղել: Ուշագրավն այն է, որ Բաքվում էինք, երբ մերոնք, այլևս ոչ մի բանի չսպասելով, կռվով մտել էին չեզոք գոտի և դուրս էին բերել զոհված երեք օդաչուների մարմինները: Թե ինչ էր գրում այդ մասին ադրբեջանական մամուլը, չեմ կարող ասել, որովհետև այդ երկրի լեզուն չգիտեմ, սակայն կատարվածի մասին իմացանք համացանցից: Ինչ խոսք, այն մարդիկ, որոնց հետ շփվում էինք, նույնպես այդ մասին գիտեին, քանի որ ամբողջ աշխարհն էր կատարվածին տեղյակ:

- Խաղերի ծրագրում երկու տասնյակ մարզաձև է: Նախատեսվում է մե՞ծ պատվիրակությամբ Բաքու մեկնել:

- Պատվիրակությունն ընդլայնված կազմ չի ունենա: Թերևս սա միակ մրցումը կլինի մեզ համար, որում միայն մասնակցելը ոչինչ չի կարող տալ: Այս պարագայում բացառություն է արվելու և վերապահումով ենք մոտենալու օլիմպիական այն կարգախոսին, որ կարևորը մասնակցելն է: Ճիշտ է, թեև մեզ համար միայն մասնակցելն արդեն իսկ հաղթանակ է, սակայն պետք է Ադրբեջան ուղևորվեն այն մարզիկները, որոնք իրական հնարավորություններ ունեն պայքարելու մեդալների համար:

- Եթե որոշվի, որ պատվիրակություն է գործուղվելու Ադրբեջան, ապա լրացուցիչ ծախսեր կատարելու խնդիրներ կառաջանան: Պետք է մարզիկներին նախապատրաստել, ուսումնամարզական հավաքներ անցկացնել, նրանց ստուգողական միջազգային մրցաշարերի գործուղել և այլն: Այդ ամենի համար նախատեսվո՞ւմ է, որ պետությունը ֆինանսներ տրամադրի:

- Անկեղծ ասած, դրա մասին չենք մտածել: Բանն այն է, որ նախկինում խոշորամասշտաբ մրցումներից առաջ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն աջակցել է բոլոր հարցերում, և խնդիրներ չեն առաջացել: Այդ է պատճառը, որ չենք հետաքրքրվել, թե սահմանափակ հնարավորությունների պայմաններում ինչպիսի հատկացումներ կկատարվեն պետական բյուջեից: Լրացուցիչ ուսումնամարզական հավաքներ և այլ աշխատանքներ կազմակերպելու համար չենք սպասի, ամեն բան կկատարվի ժամանակին ու բարձր մակարդակով: Մինչև նոր տարի քննարկումներ կկայանան և կհստակեցվի մեր անելիքը: Երբ պարզ կդառնա, որ մասնակցելու ենք, կորոշվի` որ մարզաձևերի ներկայացուցիչներն են մեկնելու, յուրաքանչյուր հավաքականի կազմում քանի մասնակից է լինելու, դրանից հետո էլ կծրագրվի աշխատանքների ընթացքը: Ընդամենը 6 ամիս ունենք, և սպասելու ժամանակ չկա: Փորձելու ենք այնպես անել, որ նախապատրաստական փուլը նպատակային կազմակերպվի:

- Բաքվում նախատեսված էր այցելություն խաղերի մարզաբազաներ: Դրանք ի՞նչ վիճակում էին, պատրա՞ստ էին հյուրընկալելու խաղերի մասնակիցներին:

- Եղել ենք երեք մարզաբազայում: Հետաքրքրում էր, թե որտեղ են կայանալու ըմբշամարտի, բռնցքամարտի, ձյուդոյի և սամբոյի մրցումները: Բոլոր մարզասրահները նոր են շահագործման հանձնվել, բարձր մակարդակով են կառուցված: Սահմանակից երկրում նավթադոլարներ ունեն և կարողանում են դրանք ծախսել: Մենք էլ մեր հնարավորությունների սահմաններում ենք մարզաբազաների հարցը կարգավորում: Անկախ ամեն ինչից, փորձը ցույց է տվել, քանիցս ապացուցել ենք, որ կարողանում ենք միջազգային մրցասպարեզներւմ հայկական սպորտի պատիվը բարձր պահել: Վստահ կարող եմ ասել, որ մասնակցելու դեպքում մեր երկրի պատվիրակները Բաքվում իրենց լավագույնս կդրսևորեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: