Հայերեն   English   Русский  

Խնդիրն իրավական դաշտում է եղել. խաչքար տեղադրելու թույլտվություն չի եղել. Վրացագետը Ջավախքում տեղի ունեցած միջադեպի մասին


  
դիտումներ: 1074

«Ջավախքում տեղի ունեցածը խորթ է հայ-վրացական հարաբերությունների համար և չի կարող մեծ ազդեցություն ունենալ, քանի որ կրում է տեղային բնույթ»:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց վրացագետ Ալիկ Էրոյանցը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին Ջավախքի հայաբնակ Գումբուրդո բնակավայրում հայերը փորձել են խաչքար տեղադրել հայկական եկեղեցիներից մեկի բակում, սակայն ոստիկանները թույլ չեն տվել: Տեղի է ունեցել բախում հայերի և ոստիկանների միջև:

«Խաչքարի տեղադրումն իշխանությունների կողմից թույլատրված չէր: Սա բավականին խորթ իրավիճակ էր մեզ համար: Հայ-վրացական հարաբերությունները մեզ համար շատ կարևոր են: Չեմ կարծում, որ վրացական կողմում այլ տրամադրություն է»,- նշեց Ալիկ Էրոյանցը:

Ըստ նրա՝ խաչքարը տեղադրելու որոշումը սպասվում էր, թեև մի քիչ այլ ձևաչափով: Վրաստանի հուշարձանների պահպանության կոմիտեի հայտարարությունից պարզ է դառնում, որ իրենք փորձել են այլ տեղ առաջարկել, սակայն հայ համայնքի ներկայացուցիչները փորձել են դա անել հենց եկեղեցու տարածքում, որտեղ ներկայումս իրականացվում են վերանորոգման աշխատանքներ: Ըստ իշխանությունների՝ խաչքարի տեղադրումը կարող է խոչընդոտներ առաջացնել պեղումների համար: Բախումների ընթացքում եղան ձերբակալություններ, վնասվածքենր ստացան նաև ոստիկանները:

«Կա ևս մեկ կարևոր հանգամանք: Հոկտեմբերին Վրաստանում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ և բնական է, որ քաղաքական ինտրիգների համատեքստում կարող են նաև սադրանքներ տեղի ունենալ: Գուցե հենց այդ հանգամանքով է պայմանավորված եղել այս միջադեպը, այսինքն՝ ո՞վ որոշեց հենց այդ ժամանակահատվածում խաչքարը տեղադրել, ո՞վ արեց և այլն: Նման հանգամանքները ևս քննարկելի են»,- նշեց Էրոյանցը:

Նրա խոսքով՝ միջադեպը կարելի է կապել վիճելի համարվող եկեղեցիների ավանդական խնդրի հետ. «Կոնկրետ այս եկեղեցին համարվում է վիճելի եկեղեցի, այսինքն՝ վրացիներն ասում են այն ուղղափառ, քաղկեդոնական է, իսկ հայերն ասում են՝ առաքելական է: Բնականաբար խաչքարի տեղադրումը, ըստ վրացական կողմի՝ ոչ հայկական եկեղեցում պետք է խոչընդոտեին»:

Վրացական հարցերով փորձագետը գտնում է, որ այս միջադեպը զգալի հետևանքներ չի կարող ունենալ, քանի որ շատ ավելի լուրջ խնդիրներ կան, օրինակ, հենց եկեղեցիների հետ կապված: Շատ հայկական եկեղեցիներ թե´ Թբիլիսիում, թե´ այլ բնակավայրերում գտնվում են անմխիթար վիճակում:

Ինչ վերաբերում է բուն խնդրին, ապա, ըստ Էրոյանցի, եթե այն չպարզաբանվի, մի շարք հարցերի պատասխաններ չտրվեն, հանգամանքները չպարզվեն, հնարավոր է սրում լինի, որն, այնուամենայնիվ, քիչ հավանական է:

«Հայ-վրացական հարաբերությունների վրա սա մեծ ազդեցություն չի կարող ունենալ: Սա եղել է տեղային խնդիր: Հայկական մամուլում սուր վերնագրեր եղան այս դեպքի առթիվ, ըստ որոնց, վրացի ոստիկանները ծեծել են հայ բնակիչներին: Սակայն պետք է հաշվի առնել, որ ոստիկանների շրջանում նույնպես կարող էին հայեր լինել: Խնդիրն այդ պահին զուտ իրավական դաշտում է եղել. խաչքար տեղադրելու թույլտվություն չի եղել»,-եղրափակեց Ալիկ Էրոյանցը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: