Հայերեն   English   Русский  

​Շատ աշխատելու, շատ սովորելու, մեր գործն ամբողջ սրտով սիրելու կարիք ունենք. երիտասարդ նկարչուհի


  
դիտումներ: 6765

Մինչև հոկտեմբերի 12-ը Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) թանգարանում գործում է երիտասարդ նկարչուհի Մարիամ Գալստյանի անհատական ցուցահանդեսը, որը կրում է «Ներքին բնություն» խորագիրը։ Ներկայացված են ինքնադիմանկարներ, խառը տեխնիկայով արված նատյուրմորտներ և գրաֆիկական կոմպոզիցիաներ։

«Անկախը» զրուցել է Մարիամ Գալստյանի հետ նրա երրորդ անհատական ցուցահանդեսի, ստեղծագործական ուղու և արվեստի մասին։

- Մարիամ, բացվել է քո երրորդ ցուցահանդեսը, որը կրում է «Ներքին բնություն» խորագիրը։ Ինչո՞ւ ներքին բնություն։

- Ցուցահանդեսը բացվել է «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակներում, որն այս տարի կրում է «Ժառանգությունը և բնությունը» խորագիրը։ Ցուցադրված աշխատանքներն իմ ներքին էության, ներքին բնության արտահայտումն են։ Այստեղ հիմնական շեշտը դրված է անհատի և իր ներքին մաքառումների, պայքարի վրա։ Բնությունը միայն այն չէ, ինչ դրսում է, ինչ տեսնում ենք, այլ նաև այն է, ինչ ներսում է։

- Ի՞նչն է դրդել կենտրոնանալ քո ներաշխարհի վրա։

- Երևի մարդկային տեսակովս է պայմանավորված. շատ մտածելու, ամեն ինչ վերլուծելու հակում ունեմ։ Սիրում եմ հոգեբանությունը, փիլիսոփայությունը, նաև ինքս ինձ ու մարդկանց հասկանալու ցանկություն ունեմ։

- Եվ ինչպիսի՞ն է նկարչուհի Մարիամ Գալստյանի ներքին բնությունը։

- Խառը, հակասական, երբեմն՝ բռնկուն, երբեմն՝ շատ միապաղաղ ու հանգիստ, բայց այդ հանգստության մեջ միաժամանակ այնքա՜ն մտքեր են պտտվում։

- Իսկ ի՞նչն է քեզ ոգեշնչում ստեղծագործել։

- Սովորաբար նկարիչների մոտ մուսա հասկացությունը շատ գովերգված է, բայց ինձ բավական է ժամանակ ունենալ նկարելու համար։ Կապ չունի՝ դա կլինի արվեստանոցում, թե այլ վայրում, մենակ կլինեմ, թե կողքիս մարդիկ կլինեն։ Եթե ես ունեմ շրջապատից վերանալու հնարավորություն՝ հատակի վրա մեկ մետր ազատ տարածքն անգամ բավարար է, որ ես ներկերս դնեմ, նստեմ ու սկսեմ նկարել։ Ես ասելիք ունեմ, միշտ մի բան կա, որ ներսից ուզում է դուրս գալ, ու դա ասվում է նկարով։

- Սովորաբար գույների, պատկերների ընտրությունը բնորոշում է մարդուն։ Քո նկարներում գերակշռում են կապույտը, սպիտակը, սևը, ինչպես նաև երկրաչափական պատկերները։ Ի՞նչ են խոսում քո մասին քո նկարները։

- Իմ մոտ շատ են կենդանիների կերպարները, խառը կոմպոզիցիաներում՝ աղջկա մերկ ֆիգուրները։ Շատ է հանդիպում մի կերպար, որն իր մեջ նույնացնում է և՛ դրականը, և՛ բացասականը մարդու մեջ։ Դա իմ էության հիմքն է ու շատ ուժեղ կոնտրաստ է ստեղծում։ Նկարներում կարող եք տեսնել կոտոշավոր մի կերպար, որի գլխին լուսապսակ է։ Դա մարդու առանձնահատկությունն է։ Յուրաքանչյուրի հիմքում ոչ թե լավի ու վատի հակասությունն է, այլ դաստիարակությամբ ստացած արժեքների, ի ծնե ունեցած ազատության, կրոնով թելադրվող գաղափարների և այլն։ Մեզնից յուրաքանչյուրը գլուխկոտրուկի պես հավաքված է բազմաթիվ մասերից։ Ու այդ ամենն արտահայտվում է իմ նկարներում։

Մարիամ Գալստյան

- Քո նախորդ և ներկա ցուցահանդեսի աշխատանքներում ընդհանուր ձեռագիրը նկատելի է։ Կարո՞ղ ենք ասել, որ նկարչուհի Մարիամը գտել է ինքն իրեն և այլևս փնտրտուքների մեջ չէ։

- Երբ անընդհատ նույն արտահայտչամիջոցներն ես օգտագործում, նշանակում է անընդհատ նույն բանն ես ասում։ Այդպես չի կարելի։ Միակ հաստատուն բանը, որ առանձնացնում է արվեստագետին, իր եսն է։ Դա է դրսևորվում նկարներում, դրանով է նա ճանաչվում ցանկացած փոփոխության մեջ։ Ես դեռևս փորձում եմ ինձ գտնել։

- Նկարներ ստեղծելիս միայն ներքին ձա՞յնն ես լսում, թե՞ հաշվի ես առնում նաև շուկայական պահանջը և կոմերցիոն միտումները։

- Կարող եմ վերցնել կոնկրետ թեմա ու դրա շրջանակներում նկարել։ Այդպիսի աշխատանքներ ունեմ։ Բայց դրանց ասելիքը շատ կոնկրետ է։ Չվիրավորելով նման ձևով ստեղծագործող մարդկանց՝ պետք է ասեմ, որ այդպես ասելիքը սահմանափակ է. կոնկրետ ասելու բան ունես, հաշվարկել ու ասում ես։ Իսկ երբ ասելիք ունես ներսից, որը նաև ենթագիտակցական մակարդակում է, չես կարող պարփակել կոնկրետ թեմայի մեջ։

Արվեստում մի այսպիսի արտահայտություն կա՝ ստեղծագործելու ջանքը խանգարում է ստեղծագործել։ Երբ չափազանց շատ ես կենտրոնանում որևէ թեմատիկայի արտահայտման վրա՝ կորցնում ես անկեղծությունը, որովհետև միտքը սահմանափակ է դառնում։

- Այսինքն՝ կոմերցիոն միտումները հաշվի չե՞ս առնում քո աշխատանքներում։

- Ես համարում եմ, որ միշտ կգտնվի մարդ, որը կցանկանա ունենալ լավ արված աշխատանքը։ Այլ բան է, որ եթե ապակի ես վաճառում, բայց այն տարել ես ձմերուկի շուկա. պարզ է, որ այն գնող չի լինի։ Խնդիր կա քո աշխատանքը հասցնելու մարդուն, որը դա կգնահատի։

Իմ ներքին համոզմունքն ունեմ, որ արվեստն ավելի թանկ է, քան ապրանքը։ Ապրանքը , այո, կարող է բարձր գին ունենալ ու մասսայական պահանջարկ վայելել, բայց արվեստն ավելի մեծ արժեք ու ընդգրկում ունի։ Խնդիրը որակյալ արվեստ ստեղծելն է։

- Մեզ մոտ արվետագետն ինքնադրսևորվելու բավարար հնարավորություններ ունի՞։

- Միշտ կլինեն մարդիկ, որոնք ձեռք կմեկնեն քեզ՝ տեսնելով քո տաղանդը։ Միշտ կգտնվեն մարդիկ, որոնք կնախանձեն քեզ ու անպայման վատ բաներ կասեն։ Միշտ կլինեն մարդիկ, որոնք թերահավատորեն կնայեն, չեն աջակցի, բայց երբ քայլեր անես ու հաջողես՝ կողքիդ կկանգնեն։ Ուղղակի պետք է հավատաս ուժերիդ ու առաջ գնաս։

- Հայաստանում որքանո՞վ արվեստի պահանջարկ կա ։ Եվ միջազգային ասպարեզ դուրս գալու առումով ի՞նչ հնարավորություններ կան։

- Առաջին հարցին պատասխանելուց ձեռնպահ կմնամ, որովհետև պատասխանս կարող է վիրավորել շատերին։ Երկրորդի համար բավական մեծ համառություն է պետք. արվեստագետը պետք է փնտրի ուղիներ, հասկանա, թե ուր գնա և ում ինչ առաջարկի։ Դժվար է, բայց հնարավոր. բազմաթիվ հայ նկարիչներ ցուցադրվում են արտերկրում։

Մարիամ Գալստյան

- Իսկ արվեստն ու առևտրայնացումը որքանո՞վ են համատեղելի, ո՞րն է երկուսի ոսկե միջինը։

- Ասելիքը ներսումդ երկար սեղմել չես կարող։ Ներսում մնալու տարբերակ չունի։ Բայց և հասկանալի է, որ ներկայիս ֆինանսական վիճակը ստիպում է, որ նկարիչը մտածի, թե ինչպես ընտանիք պահի։

Ես գտել եմ ինձ համար քիչ թե շատ համատեղելի տարբերակ. 8-ժամյա աշխատանքային օր գրասենյակում որպես վեբդիզայներ, իսկ երեկոյան, մինչև ուշ գիշեր նկարում եմ, որովհետև ուզում եմ անկեղծ լինել այն գործում, ինչ սիրում եմ։

Իհարկե, ցանկալի է, որ աշխատանքներս վաճառվեն։ Բայց հատուկ նկարել մի բան, որն ինձ համար արժեք չունի, բայց կվաճառվի, չեմ անի։ Ավելի լավ է՝ այլ աշխատանքով գումար վաստակեմ, քան թե վատ նկար անեմ։

- Ժամանակին՝ մասնագիտական ուղին ընտրելիս քեզ չե՞ն մտահոգել արվեստի հանդեպ առկա վերաբերմունքը և սպասվող ֆինանսական դժվարությունները։

- Ուրիշ ելք չկա, եթե սիրում ես։ Ցանկացած աշխատանք կարող ես թողնել, եթե դժվար է, բացի նրանից, ինչը սիրում ես։ Նաև չպետք է մոռանալ, որ ցանկացած ոլորտի լավագույն մասնագետները միշտ ստանում են լավագույնը։ Պարզապես, երբ սկսում ենք, բոլորս սկսնակ ենք, անգամ եթե ֆանտաստիկ տաղանդ ունենք, կարիք ունենք մեծ աշխատասիրության, որպեսզի զարգացնենք այդ տաղանդը։ Այդ շրջանում գումար չենք ունենալու, մեզ թերահավատորեն են նայելու, դա բնական է։ Լինում են պահեր, երբ պետք է ատամները սեղմել, հիշել, որ դժվարությունները ժամանակավոր են ու հաստատակամ լինել դրանք հաղթահարելու համար։

Մենք շատ աշխատելու, շատ սովորելու, մեր գործն ամբողջ սրտով սիրելու կարիք ունենք։ Դժվար ժամանակները շատերին ստիպում են հետ կանգնել։ Հարյուրավոր տաղանդներ կորչում են, որովհետև մինչև վերջ պայքարելու համառություն չունեն։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: